Փրկարար ծառայության տնօրենին՝ ոստիկանապետ, ոստիկանապետին՝ փրկարար ծառայության տնօրեն է նշանակել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Թե ինչով էր պայմանավորված այս փոխատեղումը՝ այս անգամ էլ կառավարությունից որևէ պաշտոնական բացատրություն մինչ այս պահը չկա:
Ընդամենը կես տարի ոստիկանապետի պաշտոնն զբաղեցրած լոռեցի Արամ Ղազարյանին փոխարինել է տավուշցի Կամո Ցուցուլյանը: Նա ծնունդով Իջևան քաղաքից է, որտեղ ծնվել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Արդյո՞ք դա է պատճառը, որ համապետական ընտրությունների նախաշեմին այս առանցքային պաշտոնը հենց իր համերկրացուն վստահեց թավշյա հեղափոխությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը, որ արդեն երրորդ անգամ կխնդրի ընտրողների վստահությունը երկրի կառավարումն ստանձնելու համար:
53-ամյա Ցուցուլյանը 20 տարի հենց Տավուշի ոստիկանությունում տարբեր պաշտոններ է զբաղեցրել: Ապա Փաշինյանի կառավարման օրոք՝ Արարատի մարզի ոստիկանապետի, հետո արդեն Հայաստանի փոխոստիկանապետի պաշտոնում էր, ու արդեն 2023-ից՝ փրկարար ծառայության տնօրենն էր:
Կամո Ցուցուլյանի անունն անցած տարեվերջին իր որդու առնչությամբ հայտնվեց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Տեղեկություններ եղան, որ նրա կրտսեր որդին ինքնասպանության փորձ է կատարել և ծանր վիրավորումով հայտնվել հիվանդանոցում: Կայքերը գրեցին, որ երիտասարդը մեծ պարտքեր է կուտակել իր խաղային մոլուցքի պատճառով, ինչի հետևանքով է ինքնասպանության փորձ արել:
Բայց ՆԳՆ-նն անմիջապես հերքեց տարածված լուրերը: «Օդաճնշիչ ատրճանակի հետ անզգույշ վարվելու հետևանքով քաղաքացին վնասվածք է ստացել և տեղափոխվել բժշկական կենտրոն: Որևէ միջադեպ տեղի չի ունեցել, իսկ ինքնասպանության փորձի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը», - հայտարարել էր ՆԳՆ լրատվական ծառայությունը:
Ցուցուցլյանի երկու զավակներից մեկը՝ Կոլյա Ցուցուլյանն, ի դեպ, գործարար է: «Հետքն» էր գրել, որ 21-ամյա երիտասարդին պատկանող ընկերությունն էր շահել Ազգային ժողովի սրճարանը կառուցելու երկրորդ փուլի աշխատանքների մրցույթը: Նրա հետ կնքված պայմանագիրը, սակայն, որոշ խախտումների պատճառով լուծարվել էր ու գործը պատվիրվել էին մեկ այլ ընկերության:
Իսկ Արամ Ղազարյանը, որ ընդամենը կես տարի աշխատեց որպես ոստիկանապետ, Կամո Ցուցուլյանին կփոխարինի փրկարար ծառայության տնօրենի պաշտոնում: Ղազարյանն ավելի վաղ մի քանի մարզերում էր ոստիկանապետ աշխատել, հետո ուսադիրները թողել, քաղաքական պաշտոնի անցել՝ Լոռու մարզպետ էր նշանակվել: Նա պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո անգամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ դարձավ, կուսակցության մարզային խորհուրդն էր ղեկավարում: Բայց ընդամենը մեկուկես տարի անց, վարչապետը նրան դարձյալ ոստիկանությունում էր տեսել, ու Հայաստանի ոստիկանության բարձր պաշտոնի նշանակել:
Ղազարյանն այդպես ստիպված եղավ թողնել քաղաքական գործունեությունը: Թե ինչու ընտրությունների նախաշեմին դարձյալ նրան հեռացրեց այս առանցքային պաշտոնից, պարզ չէ: Այսօր Արամ Ղազարյանը մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեց: