Պրահայում գիշերը հրդեհ է բռնկվել Ուկրաինային զինամթերք մատակարարող STV ընկերության համասեփականատեր Մարտին Դրդայի մասնավոր տանը, հայտնում են չեխական Novinky և Odkryto լրատվամիջոցները։
Դրդայի տունը Պրահայի հարավարևելյան մասում է՝ Կունրատիցեում: Հարևանները հրդեհը նկատել են ժամը 23:30-ի սահմաններում և զանգահարել հրշեջ ծառայություն:
Հրապարակված լուսանկարներից ու տեսանյութերից երևում է, որ հրդեհը բռնկվել է ավտոտնակի դռան մոտ: Հրշեջները վնասը գնահատել են 200,000 կրոն (ավելի քան 9,100 դոլար): Odkryto-ն, հղում անելով իր աղբյուրին, գրում է, որ Դրդան հրդեհի պահին տանն է եղել ընտանիքի հետ։
Պրահայի ոստիկանության խոսնակ Ռիչարդ Հրդինան հայտարարել է, որ քրեաբան-փորձագետները հրշեջ ծառայության հետաքննիչների հետ միասին պարզում են, թե արդյոք հրդեհը տեխնիկական անսարքության հետևանք է, դժբախտ պատահար, թե դիտավորյալ հրկիզում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Դանիան հայտնել է, որ Ռուսաստանը դիվերսիաներ է կատարում իր ռազմական ընկերությունների դեմՌԴ-ն «ակտիվացրել է դիվերսիաները»
Financial Times-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Ռուսաստանն ակտիվացրել է պաշտպանական ոլորտի եվրոպական ընկերությունների ղեկավարների դեմ մահափորձերի նախապատրաստական աշխատանքները:
Թերթի տվյալներով՝ մահափորձերի հետևում կանգնած է Ռուսաստանի ռազմական հետախուզությունը (Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչությունը, ԳՌՈՒ), որը, ենթադրաբար, ավելի ու ավելի է համագործակցում կազմակերպված հանցավորության հետ:
Չեխիայի, Լատվիայի և Շվեդիայի հետախուզական ծառայությունների ղեկավարներն իրենց հերթին զգուշացրել էին, որ Ռուսաստանը կարող է առաջիկա ամիսներին սաստկացնել իր դիվերսիոն արշավը Եվրոպայում:
Չեխիայի անվտանգության և տեղեկատվական ծառայության ղեկավար Միխալ Կուդելկան ասել էր, որ Ռուսաստանը կարող է ավելի լուրջ գործողություններ սկսել, ինչպիսիք են Ուկրաինային օգնող օբյեկտների վրա դիվերսիաները, Կիևի համար զինամթերք պարունակող զենքի պահեստների վրա հարձակումները կամ ՆԱՏՕ-ի անդամ պետության դեմ սահմանափակ ռազմական գործողություններ իրականացնելը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ռումինիան ռուս դիվերսանտների ցանց է բացահայտել, որը ծրագրում էր զենքի գործարան հրկիզելՌումինիայի ներքին հետախուզության ծառայությունը երեկ հայտարարել էր, որ երկրում դիվերսիոն ցանց է հայտնաբերել, որն «ուղիղ համակարգվել է Ռուսաստանի Դաշնության հետախուզական ծառայությունների կողմից» և սեպտեմբերի 14-ին փորձել է հրկիզել Բրաշով քաղաքի կենտրոնական մասում գտնվող Carfil զենքի գործարանը:
«Ռուս համակարգողները տարածաշրջանում խմբավորման համար թիրախների լայն ցանկ են սահմանել՝ զենքի արտադրության պետական և մասնավոր օբյեկտներ, ինչպես նաև ռազմական և արդյունաբերական հետաքրքրություն ներկայացնող այլ օբյեկտներ»,- ասվում էր գերատեսչության տարածած հաղորդագրությունում։
Կասկածյալների թվում են Բելառուսի երկու և Ուկրաինայի մեկ քաղաքացի։ Նրանցից երկուսը ձերբակալվել են Գերմանիայում՝ նմանատիպ դիվերսիաներ պլանավորելիս, իսկ երրորդը հետախուզվում է Լեհաստանում, հաղորդում է ռումինական Știri հեռուստաալիքը։ Բուխարեստը պահանջում է նրանց արտահանձնումը Ռումինիային։