Պուտինը զանգահարել է Ալիևին

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտին և Իլհամ Ալիև, արխիվ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ադրբեջանի նախագահին, երախտագիտություն հայտնել Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանմանը աջակցելու, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանի միջոցով Իրան ուղարկված մարդասիրական օգնության տեղափոխման պայմաններ ստեղծելու համար, հաղորդում է Բաքուն։

Հեռախոսազրույցի ընթացքում առաջնորդները ընդգծել են Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների արագ դադարեցման և հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման կարևորությունը, նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ։

Պաշտոնական աղբյուրները հավելում են՝ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը նաև քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, «վերահաստատել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը շարունակելու փոխադարձ մտադրությունը՝ ռազմավարական գործընկերության և դաշինքի սկզբունքներին համապատասխան»։

Ալիևն ու Պուտինը դաշնակցային փոխգործակցության մասին համաձայնագիր ստորագրեցին 2022 փետրվարին՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմից օրեր առաջ։