Պուտինը համաձայնել է մեկ շաբաթ չկրակել Կիևի և Ուկրաինայի այլ քաղաքների վրա. Թրամփ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, կոլաժ

Վլադիմիր Պուտինը համաձայնել է մեկ շաբաթ չկրակել Կիևի և ուկրաինական այլ քաղաքների վրա, հայտնել է ԱՄՆ նախագահը: Դոնալդ Թրամփն ասել է, որ անձամբ է Ռուսաստանի նախագահին դիմել նման խնդրանքով՝ հաշվի առնելով, որ խստաշունչ ձմռան պատճառով ռուսական հարվածները լուրջ խնդիրներ են ստեղծում ուկրաինացիների համար:

«Ես անձամբ խնդրեցի նախագահ Պուտինին մեկ շաբաթ չկրակել Կիևի և տարբեր քաղաքների վրա։ Եվ նա համաձայնեց։ Պետք է ասեմ, որ դա շատ հաճելի էր։ Շատերն ասում էին՝ իզուր մի՛ զանգիր, չի ստացվի, բայց նա համաձայնեց, և մենք շատ ուրախ ենք դրա համար», - հայտարարել է Թրամփը:

Կրեմլի խոսնակը հաստատել է, որ Թրամփը նախագահ Պուտինին դիմել է նման խնդրանքով, բայց ընդգծել է՝ խոսքը մինչև փետրվարի 1-ը չկրակելու մասին է: Այլ մանրամասներ, սակայն, Դմիտրի Պեսկովը չի ներկայացրել:

«Նախագահ Թրամփն իսկապես անձամբ խնդրել է նախագահ Պուտինին մինչև փետրվարի 1-ը մեկ շաբաթով ձեռնպահ մնալ Կիևի վրա հարձակումից՝ բանակցությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։ Սա է այն ամենը, ինչ կարող եմ ասել այս թեմայի վերաբերյալ», - նշել է Պեսկովը:

Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ ռուսական զինուժը գիշերը չի հարվածել իրենց էներգետիկ ենթակառուցվածքներին, սակայն շարունակում են հարվածները բնակավայրերին, նաև փոխել են տակտիկան ու սկսել են թիրախավորել լոգիստիկ կենտրոնները:

Վլադիմիր Զելենսկին շեշտել է՝ երկու երկրների միջև պաշտոնական զինադադար չկա, նաև նշել է, որ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին, եթե Ռուսաստանն էլ չհարվածի Ուկրաինայի էներգետիկ համակարգին, որը վերջին շրջանում հաճախ է հարձակման ենթարկվել, և արդյունքում Կիևում և այլ քաղաքներում հազարավոր մարդիկ դեռ զրկված են էլեկտրաէներգիայից և ջեռուցումից:

Զելենսկին նաև անդրադարձել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությանը, թե պատրաստ են իրեն ընդունել Մոսկվայում՝ Պուտինի հետ բանակցելու: Ուկրաինայի նախագահը բացառել է դա, փոխարենը ինքն է Ռուսաստանի նախագահին հրավիրել Կիև, թեև երեկ Կրեմլը հայտարարել էր, որ տեղին չեն Մոսկվայից բացի որևէ այլ վայրում Պուտին-Զելենսկի հնարավոր հանդիպման մասին քննարկումները։

Զուգահեռ շարունակվում են պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցությունները: ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն ասել է, որ հաջորդ հանդիպումը կկայանա մոտ մեկ շաբաթից: Սթիվ Ուիթքոֆը նշել է, որ Աբու Դաբիում կողմերը զգալի առաջընթաց են գրանցել:

«Տարածքների մասին համաձայնագիրը քննարկող կողմերը շատ դրական զարգացումներ ունեն։ Հիմնականում ավարտել ենք անվտանգության և տնտեսական զարգացման մասին համաձայնագրերը: Եվ կարծում եմ, որ Ուկրաինայի ժողովուրդը հույս ունի և ակնկալում է, որ մոտ ապագայում կկնքենք խաղաղության համաձայնագիր», - հայտարարել է Ուիթքոֆը:

Նախատեսվում էր, որ հաջորդ հանդիպումը ևս պետք է տեղի ունենա Աբու Դաբիում՝ առաջիկա կիրակի օրը, սակայն Զելենսկին այսօր ասել է, որ Իրանի շուրջ զարգացումներով պայմանավորված՝ հանդիպման վայրը և օրը կարող են փոխվել:

Հաջորդ հանդիպմանը, այդուհանդերձ, Ուիթքոֆն ու ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, չեն մասնակցի: Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ Կիևն ու Վաշինգտոնն են պայմանավորվել երկկողմ շփումներն իրականացնել ավելի ցածր մակարդակով:

Ու մինչ Կիևը հաստատում է, որ ռուսները չեն հարվածում իրենց էներգետիկ համակարգին, Եվրամիության արտգործնախարարը հայտարարել է, որ դաշինքը կմեծացնի Ռուսաստանի վրա ճնշումը: Կայա Կալլասի խոսքով՝ փետրվարին կընդունվի պատժամիջոցների 20-րդ փաթեթը, իսկ երեկ ԵՄ-ն Ռուսաստանին սև ցուցակում է ներառել փողերի լվացման բարձր ռիսկի պատճառով։

«Սա կդանդաղեցնի և կավելացնի ռուսական բանկերի հետ գործարքների ծախսերը ... Ռուսաստանի ռազմական ֆինանսավորումը սահմանափակող ցանկացած միջոցառում պետք է քննարկվի։ Կա նաև առաջարկ, որ արգելվի ռուս նախկին զինվորականների մուտքը Շենգեն գոտի։ Դա անվտանգային ռիսկ է», - ասել է Կալլասը:

ԵՄ տնտեսական հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսն էլ հայտնել է, որ դաշինքը նախատեսում է ապրիլի սկզբին Ուկրաինային փոխանցել 2026-2027 թվականների համար նախատեսված 90 միլիարդ եվրո վարկի առաջին տրանշը:

Այս ընթացքում ռուսական զինուժի հարվածներից Զապորոժիեում ենթակառուցվածքներ են տուժել: Խերսոնում ռուսական անօդաչուն հարվածել է ավտոբուսի, մեկ մարդ զոհվել է, ևս հինգը՝ վիրավորվել։

Ռուսական կողմը հայտարարել է, որ ևս երեք բնակավայր է վերցրել:

Ուկրաինական անօդաչուների հարվածից էլ Կուրսկում երկու մարդ է վիրավորվել:

Կողմերը երեկ զոհված զինվորների մարմիններ են փոխանակել՝ առաջին անգամ այս տարի։ Ուկրաինա է վերադարձվել 1000, իսկ Ռուսաստան՝ 38 մարմին։

Ուկրաինան հայտարարել է, որ Ռուսաստանը դադարեցրել է ռազմագերիների փոխանակումը, որը վերջին անգամ տեղի էր ունեցել անցած հոկտեմբերին: «Նրանք առանձնապես շահագրգռված չեն մարդկանց փոխանակմամբ, քանի որ չեն կարծում, որ դա իրենց ինչ-որ բան է տալիս»,- ասել է Զելենսկին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կրեմլը հայտարարել է, որ Թրամփը խնդրել է Պուտինին դադարեցնել Կիևի վրա հարձակումները մինչև փետրվարի 1-ը«Ես կարող եմ նրան Կիև հրավիրել, թող գա». Զելենսկին պատասխանել է Մոսկվայի առաջարկինԶելենսկին հայտնել է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ խաղաղության բանակցությունների հաջորդ փուլի օրը կամ վայրը կարող է փոխվել Ուկրաինան պնդում է, որ Ռուսաստանը գիշերը մեկ հրթիռ և ավելի քան 100 անօդաչու թռչող սարք է արձակելԶելենսկին ակնկալում է, որ Կիևի վրա կրակ չբացելու վերաբերյալ պայմանավորվածությունը կկատարվիԹրամփը հայտնել է, որ Պուտինը համաձայնել է մեկ շաբաթ չկրակել Կիևի վրաԿիևն ու Մոսկվան կրկին զոհերի մարմիններ են փոխանակել