Մենք պետք է Պուտինին մղենք դեպի դիվանագիտություն, այսօր Երևանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին հայտարարել է Ուկրաինայի նախագահը, ով առաջին անգամ է Հայաստանում:
«Այս ամռանը Պուտինը պիտի որոշի, թե ինչ է անելու՝ ավելի է ընդլայնելու պատերազմը, թե անցնելու է դիվանագիտությանը», - ասել է Վլադիմիր Զելենսկին՝ կոչ անելով եվրոպացի առաջնորդներին առաջ մղել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը, որն ուղղված կլինի ռուսական նավթարդյունաբերության, ռազմարդյունաբերության ու բանկերի դեմ:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի կողմից արձակվող անօդաչուների արդյունավետությունը լրջորեն մտահոգել է Ռուսաստանի իշխանություններին։
«Ռուսաստանը հայտարարել է, որ Մայիսի 9-ի շքերթին ռազմական տեխնիկա չի ներկայացվելու։ Սա առաջին դեպքն է երկար տարիների ընթացքում, որ Ռուսաստանը չի կարող իրեն թույլ տալ ռազմական տեխնիկան դուրս բերել շքերթի։ Նրանք նաև վախենում են, որ շքերթի պահին Կարմիր հրապարակի վրայով անօդաչուներ կթռչեն։ Դա շատ խոսուն է և վկայում է այն մասին, որ ռուսներն այժմ ուժեղ չեն, այդ պատճառով մենք պետք է շարունակենք ճնշումը՝ պատժամիջոցների միջոցով», - հայտարարել է Զելենսկին։