Պուտինի գործունեության հավանության մակարդակը 1 շաբաթում նվազել է 5 տոկոսով. «Հանրային կարծիքի» հիմնադրամ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի օրը կազմակերպված արարողության ժամանակ։ 2026թ. մայիսի 9-ը։

«Հանրային կարծիքի» հիմնադրամի (ФОМ) տվյալներով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեության հավանության մակարդակը վերջին մեկ շաբաթում նվազել է հինգ տոկոսով։

Հարցվածների 66 տոկոսն է հայտնել, որ հավանություն է տալիս Պուտինի գործունեությանը։ Սա ամենացածր ցուցանիշն է 2022-ի փետրվարին Ուկրաինա լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր (ներխուժումից մեկ շաբաթ առաջ այդ ցուցանիշը 64 տոկոս էր, իսկ վերջին տարիներին այն, որպես կանոն, տատանվում էր 75–80 տոկոսի սահմաններում)։

Նվազել է նաև Պուտինի նկատմամբ վստահության մակարդակը՝ մեկ շաբաթում 69-ից հասնելով 67 տոկոսի։ Հարցվածների 20 տոկոսը հայտարարել է, որ չի վստահում Պուտինին։

«Հանրային կարծիքը» համարվում է ռուսական իշխանությունների հետ կապված կառույց։

Մեկ այլ սոցիոլոգիական ծառայություն՝ ВЦИОМ-ը, որը ևս համարվում է ռուսական իշխանությունների հետ կապված կառույց, նույնպես արձանագրել է Պուտինի վարկանիշի անկում, թեև ոչ այնքան կտրուկ։

Ըստ ВЦИОМ-ի՝ Պուտինի գործունեությանը հավանություն է տալիս հարցվածների 65,1 տոկոսը (0,9 տոկոսային կետով պակաս, քան մեկ շաբաթ առաջ), իսկ նրան վստահում է 71 տոկոսը (նվազումը՝ 1,3 տոկոսային կետ)։

Այս կազմակերպությունների հարցումներում Պուտինի վարկանիշի անկման միտումները սկսեցին նկատվել դեռ գարնանը։ Մեկնաբանները դա կապել են Ռուսաստանում ինտերնետի սահմանափակումների հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Gallup․ Ռուսաստանցիների 60%-ը կարծում է, որ տնտեսական իրավիճակը վատթարանում է