Ռուս մաթեմատիկոս, հրապարակախոս և պուտինյան ռեժիմի քննադատ Միխայիլ Վերբիցկին Հայաստան էր եկել՝ համակուրսեցիների հետ հանդիպելու և սեմինարներ անցկացնելու համար: Սակայն, երկու օր է՝ անազատության մեջ է:
Ձերբակալվել է ժամանելուն պես՝ հենց «Զվարթնոց» օդանավակայանում։
«Նա շուրջ 10 տարի է՝ ապրում է Ռուսաստանից դուրս և Էմիրություններից Հայաստան ժամանելիս երեկ առավոտյան ձերբակալվել է, Ռուսաստանի կողմից տրված միջազգային հետախուզման պատճառով»,- ասում է Վերբիցկու փաստաբան Վաչե Սիմոնյանը:
Հարվարդի համալսարանում դոկտորի կոչում ստացած և միջազգային համալսարաններում դասավանդող 56-ամյա Վերբիցկուն Ռուսաստանը որոնում է 2025-ից:
Նրա պաշտպան Վաչե Սիմոնյանը պատմեց՝ Հայաստանի սահմանն անցնելիս են Վերբիցկուն հայտնել, որ ռուս իրավապահները նրա դեմ գործ են հարուցել ահաբեկչական գործունեություն իրականացնելու հրապարակային կոչերի, ահաբեկչությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու հոդվածով և հետախուզում հայտարարել:
Գիտնականն ակտիվորեն քննադատում է պուտինյան ռեժիմն ու Ուկրաինայի դեմ արդեն չորրորդ տարին շարունակվող պատերազմը։
«Չենք անդրադարձել, թե կոնկրետ որ հրապարակումն է, միգուցե ինքն էլ չիմանա, թե կոնկրետ որ հրապարակումն է, մենք դրան կհասնենք, բայց կարծում եմ, որ հրապարակման հենց էդ առիթը կարևոր չէ, այլ իր ընդհանրապես հրապարակային և ընդդիմադիր կեցվածքը կապ ունի»,- շեշտում է փաստաբան Վաչե Սիմոնյանը:
Հայաստանի Գլխավոր դատախազությունը չի մանրամասնում՝ ռուս գործընկերներից ստացե՞լ են արդեն փաստաթղթերն ու ի՞նչ որոշում են պատրաստվում կայացնել՝ արտահանձնել գիտնականին, թե՞ ազատ արձակել: «Ազատությունն» այսօր հարցում է ուղարկել դատախազություն:
Փաստաբանն ասում է.- «Հաշվի առնելով, որ համանման հոդված կա նաև Հայաստանում, ամենայն հավանականությամբ, եթե ստանա դա, Հայաստանը պետք է դիմի մինչև 40 օր կալանքի և արդեն այդ 40 օրվա ընթացքում ՌԴ-ն պարտավոր է տրամադրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը վերջինիս և էքստրադիցիայի պահանջը»:
Սիմոնյանի խոսքով, Հայաստանն ու ԱՊՀ երկրները նման դեպքերում աշխատում են Քիշնևի կոնվենցիայի շրջանակում, ըստ որի՝ կողմերը պարտավոր են օգնել միմյանց՝ մեղադրյալներին փոխանակելու հարցերում: Ըստ այդմ, Վերբիցկիի
ձերբակալությունից հետո՝ 72 ժամվա ընթացքում, Գլխավոր դատախազությունը պետք է Ռուսաստանից ստանա նրան առաջադրված մեղադրանքի մանրամասները ու դրանից հետո արդեն քննարկի արտահանձնման պահանջը:
«Քրեական վարույթներով իրավական փոխօգնության մասին օրենքը ասում է, որ եթե 72 ժամվա ընթացքում ձերբակալումից հետո ի հայտ են եկել հանձնումը բացառող հանգամանքներ, ապա իրավասու մարմինը, այս դեպքում՝ Գլխավոր դատախազը, կարող է որոշում կայացնել նրան ազատ արձակել: Որոնք են այդ դեպքերը, այդ դեպքերը նրանք են, որ իմ խորին համոզմամբ, ինչպես նաև ես զրուցել եմ Միխայիլ Վերբիցկու հետ և նրա հավաստիացումներով՝ էս քրեական հետապնդումը մեծամասամբ պայմանավորված է նրա քաղաքական և ընդդիմադիր հայացքներով»,- ասում է փաստաբան Սիմոնյանը:
Քիշնևի կոնվենցիան արգելում է քաղաքական դրդապատճառներով հետապնդումները, իսկ Վերբիցկիի կյանքին ու առողջությանը, ըստ փաստաբանի, Ռուսաստանում վտանգ է սպառնում։
Եթե, անգամ, Երևանը որոշի գիտնականին չարտահանձնել Ռուսաստանի իշխանություններին, նա չի կարողանա դուրս գալ Հայաստանից, քանի դեռ սահմանային համակարգում նրա անվան դիմաց նշված է «հետախուզվում է» նշումը: Փաստաբան Սիմոնյանն ասում է՝ սա խնդիր է, որը Հայաստանը կարող է շտկել՝ փոփոխելով օրենքը:
Ռուս գիտնականի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Անի Չատինյանն ավելի հեռուն է գնում: Պնդում է՝ Հայաստանը պետք է դուրս գա դեռ 2002-ին ԱՊՀ երկրների միջև ստորագրված այս կոնվենցիայից.
«ԱՊՀ երկրների շրջանակներում ստանձնած այս պարտավորությունների համատեքստում Հայաստանը ավտոմատ տեսնում է այն անձանց տվյալները, ովքեր ցանկանում են մուտք գործել Հայաստան և իրենց քաղաքացիության երկրում ունեն հետախուզում, ապա ձերբակալվում են»,- ասում է Չատինյանը և ընդգծում՝ Ռուսաստանի իրավապահների կողմից հետապնդվողները Հայաստանն անվտանգ են համարում, սակայն Երևանում հայտնվելով՝ կանգնում են իրավական խնդիրների առջև։