Պուտինի բանագնաց Դմիտրիևը Մոսկվայում կհանդիպի Ուիթքոֆին և Քուշներին

ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա ժամանելուն պես Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը կհանդիպի նրանց հետ, Reuters-ին հայտնել են առաջիկա այցին ծանոթ երկու աղբյուրներ։

Դմիտրիևը, որը հունիսին Reuters-ին հայտնել էր, որ շարունակել է կապ պահպանել ԱՄՆ բանակցողների հետ, մասնակցել է նրանց՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախորդ բոլոր հանդիպումներին։

Նա նաև այս տարի դերակատարում է ունեցել ռուսական նավթի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներից բացառություններ ստանալու շուրջ բանակցություններում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ բանագնացները ժամանել են Մոսկվա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները, որ ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կմեկնեն Ռուսաստան և Ուկրաինա՝ առաջարկելու համաձայնագիր, որը նպատակ ունի վերջ դնել Կրեմլի պատերազմին հարևան երկրի դեմ։

Այցին ընդառաջ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը TASS-ի փոխանցմամբ հայտարարել է, որ «Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակում ԱՄՆ վարչակազմը պետք է հաշվի առնի իրավիճակը տեղում, որը փոխվում է ի վնաս Կիևի»:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր դատապարտել է ԱՄՆ բանագնացների այցին ընդառաջ՝ Ռուսաստանի կողմից քաղաքացիական օբյեկտներին, այդ թվում՝ Կիևի երկու օդանավակայաններին հասցված հարվածները։

Հաղորդվել է նաև, որ բանակցություններից առաջ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի արևելյան Դնեպրոպետրովսկի շրջանում գտնվող պողպատաձուլական գործարանին հասցված բալիստիկ հրթիռի հարվածի հետևանքով հինգ մարդ է զոհվել, վնասվել են արտադրական օբյեկտներն ու ենթակառուցվածքները, ինչի հետևանքով գործարանի ամբողջ աշխատանքը դադարեցվել է։