Փոփոխություններ են Երևանի վարչական շրջանների ղեկավարների շրջանում։ Տիգրան Գաբրիելյանը, ով 2025 թվականի հոկտեմբերից ղեկավարում էր Շենգավիթի շրջանը, հեռացել է սեփական դիմումի համաձայն։ Տեղեկություններ կան, որ նա կարող է կառավարությունում պաշտոն ստանալ։
Մինչև Շենգավիթի վարչական շրջանը ղեկավարելը Գաբրիելյանը փոխնախարար էր տարբեր նախարարություններում՝ գյուղնախարարություն, էկոնոմիկայի, ապա շրջակա միջավայրի։ Հնարավո՞ր է, որ Գաբրիելյանը վերադառնա գործադիր։ Այս հարցը դեռ պատասխան չունի։ Ինքը՝ Տիգրան Գաբրիելյանը չմեկնաբանեց։
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը ևս ասաց՝ այս մասով չի կարող ոչինչ ասել. «Նաև քննարկումներ կան այլ տեղ տեղափոխվելու, բայց դեռ քննարկումներ են, չեմ կարող ասել։ Զուտ դրանով էր պայմանավորված, նաև ինքը իր դիմումի համաձայն դուրս եկավ»։
Տիգրան Գաբրիելյանի փոխարեն Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել մինչ այս Մալաթիա-Սեբաստիան ղեկավարած «Հանրապետություն» կուսակցության և Երկրապահ կամավորների միության անդամ պահեստազորի փոխգնդապետ Ռոմիկ Մխիթարյանը։ Իսկ Մալաթիա-Սեբաստիայում նրա տեղափոխությունից հետո առաջացած թափուր տեղը համալրել է Սաշա Կատվալյանը, ով զբաղեցնում էր Երևանի աղբահանություն և սանմաքրում հիմնարկի տնօրենի պաշտոնը։
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, ով ներկայացրել է նոր նշանակված թաղապետերին, ասում է՝ որոշել են այնպիսի ղեկավարների նշանակել, որ բնակվում են հենց իրենց ղեկավարած վարչական շրջանում։
«Պարոն Մխիթարյանը Շենգավիթ վարչական շրջանից է բնակության, այսինքն ինքը տեղափոխվեց այնտեղ, որպեսզի նաև տեղացի լինի թաղապետը, իսկ պարոն Կատվալյանը որպես Մալաթիաի բնակիչ տեղափոխվել է այնտեղ, այսինքն ոչ մի տենց ուղղակի հետընտրական որոշակի փոխատեղումներ եղան, որը ոչ մի բանով պայմանավորված չի», - նշեց Փամբուխչյանը։
Սաշա Կատվալյանն արդեն մի անգամ եղել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար 2022 թվականին։ 22 թվականի վերջին նա աշխատանքից ազատվելու դիմում գրեց։ Ըստ մամուլի հրապարակումների՝ հրաժարականի պատճառը «Եռաբլուր»-ի միջադեպի հետ կապված գրառումն էր։ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին ոստիկանները բռնի ուժով բերման էին ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին։ Կատվալյանը, ով Արցախյան պատերազմում զոհվածի որդի է, գրառմամբ քննադատել էր ոստիկանների գործողությունները, նշելով, որ ոստիկանությունը սխալ և դատապարտելի է գործել, և կարմիր գծեր կան, որոնք հատել չի կարելի։ Ըստ լրատվամիջոցների այս գրառումն է եղել պատճառը, որ մեկ ամիս անց նա հեռանա Մալաթիա-Սեբաստիայի ղեկավարի պաշտոնից։
Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկ Կատվալյանը վերադարձավ ավելի քան մեկ տարի անց, միայն Երևանի ավագանու ընտրություններից և քաղաքապետ Տիգրան Ավինյանի պաշտոնավարումից հետո՝ 2024 թվականի սկզբից ստանձնելով Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում հիմնարկի ղեկավարությունը։
Այժմ, փաստորեն, Կատվալյանը վերադառնում է իր բնակության վայր՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, որպես ղեկավար։
Իսկ թե ո՞վ կղեկավարի Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրումը, դեռ հայտնի չէ։
Վերջին գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը բավական խիստ տոնով դիմեց նաև վարչական շրջանների ղեկավարներին, հորդորելով նրանց ավելի հաճախ լինել հենց իրենց շրջաններում, այլ ոչ թե գրասենյակներում։
Կապ ունե՞ն այս փոփոխությունները այդ ելույթի հետ։ Կա՞ դժգոհություն թաղապետերից. «Կոնկրետություն չկա, կոնկրետ, որ վերաբերվի մեկ վարչական շրջանի կամ երեք վարչական շրջանի, այլ ուղղակի շրջայցերի ընթացքում կամ քարոզարշավի ընթացքում որոշակի տարբեր հարցեր տեսել ենք, նկատել ենք և դա դրանով էր պայմանավորված, որպեսզի այդ հրահանգը տրվի»։
Սրանով կավարտվե՞ն փոխատեղումները Երևանի վարչական շրջաններում, թե՞ դրանք կշարունակվեն փոխքաղաքապետն ասում է՝ այլ նոր նշանակումների հարց դեռ չեն քննարկել։