Ռուսաստանում ներմուծող ընկերությունը պետք է նախապես ներկրվող ապրանքի հարկը վճարի և QR ուղարկի ԵԱՏՄ երկրներից արտահանողներին, միայն այդ QR-ը ստանալուց ու սահմանին ցույց տալուց հետո բեռնատարները կմտնեն ՌԴ: Այս նոր կարգը ԵԱՏՄ երկրների համար է:
ԻՆՉ Է ՓՈԽՎՈՒՄ ԵԱՏՄ-ԻՑ ԱՊՐԱՆՔ ՆԵՐՄՈՒԾՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հայաստանի առևտրային գլխավոր գործընկեր Ռուսաստանը հունիսի 1-ից փոխում է խաղի կանոնները:
ԵԱՏՄ երկրներից դեպի Ռուսաստան ավտոմոբիլային ճանապարհով՝ բեռնատար, մեծ մեքենաներ, ապրանք ներմուծողները պարտավոր են նախապես վճարել հարկերը, այլ ոչ թե ապրանքը ստանալուց հետո, ինչպես հիմա է:
Այսինքն՝ եթե գործարարը դեպի Ռուսաստան վաճառքի ապրանք է ուղարկում, ՌԴ-ում ներմուծող ընկերությունը պետք է նախապես դրա հարկը վճարի և գործարարին QR ուղարկի, միայն այդ QR-ը ստանալուց ու սահմանին ցույց տալուց հետո գործարարի բեռնատարն ու բեռը կմտնեն ՌԴ:
Ռուսաստանյան ներմուծողը բեռի հետ կապված թղթաբանությունը պետք է 2 օր առաջ անի ու, ըստ էության, նախապես վճարի ավելացված արժեքի հարկը:
Ռուսաստանի իշխանությունը հավաստիացնում է՝ այս նոր՝ ՍՊՈՏ համակարգը չի տարածվի գումարի, փաստաթղթերի, նավթի, էլեկտրաէներգիայի մատակարարումների վրա, ինչպես նաև՝ անձնական օգտագործման բեռների:
Ըստ ռուսական կողմի՝ այս համակարգը ներդրվում է անբարեխիղճ ներմուծողներին հարկելու համար: Մոսկվայում հաշվել են՝ միայն այս տարի ՍՊՈՏ-ի ներդրմամբ հավելյալ 50 մլրդ ռուբլի ( 670 մլն դոլար) կմտնի բյուջե:
Այս նոր կարգը ԵԱՏՄ երկրների համար է. 5 երկիր են այս միությունում՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը, Ղրղզստանը: Իսկ միության գլխավոր առանձնահատկությունը հենց ազատ առևտուրն էր՝ իրար մեջ:
Փորձագետները նշում են՝ նոր կանոնները կարող են պատնեշ դառնալ ներկրողների համար:
«Սա կարելի է դասակարգել որպես անտոկոս պատնեշներ, ես կրկին ասում եմ՝ պետք է հայցադիմում ներկայացնել և պետք է ապացուցել ինտեգրացիոն միության դատական իշխանություններին, որ դա սխալ է: Կարո՞ղ եք դուք դա ապացուցել, թե՞ ոչ: Որովհետև պատասխանողը կարող է ասել՝ «լսիր, դա իմ իրավունքն է, ես ֆիսկալիզիացիա եմ անում, թվայնացնում եմ, իմ իրավունքն է, ինչ ունես դրա դեմ»,- ասում է տնտեսագետ Կայրատ Իտիբաևը:
Իրական կյանքում այս նորությունը լրացուցիչ գլխացավանք է ենթադրում: Ըստ էության, ՌԴ մտնող ամեն բեռ կախված է ռուսական կողմի ներմուծողից. արդյո՞ք նա փաստաթղթերը ձևակերպել է, վճարումն արել ու QR-ը ուղարկել:
Օրինակ՝ եթե սահմանին արդեն կանգնած են Հայաստանից եկող բեռնատարները՝ լի բեռներով, իսկ ռուսաստանցի գործընկերը դեռ QR-ը չի ուղարկել, մեքենաները շարունակելու են սահմանին կանգնած մնալ, իսկ այդ ՍՏՈՊ-ի ծախսն արդեն, ըստ էության, մատակարարն է կրում: