Գյումրիի Անի թաղամասի Եղիշե Չարենց փողոցում այսօր մի փոքրիկ հրաշք էր տեղի ունեցել. տարիներով խորը փոսերի ու ցեխի մեջ թաղված մեկ կիլոմետրանոց փողոցի մոտ 100-150 մետրանոց հատվածը հարթեցվել էր՝ քերված ասֆալտով ու խճով: Իսկ առիթը վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն էր, որ այսօր ստուգայցի էր եկել հարթեցված հատվածի դիմաց գտնվող թիվ 41 դպրոց:
Իսկ խաչմերուկից այն կողմ կրկին նույն փոսերն էին, որոնք մեքենաները մի կերպ են շրջանցում: Այս փողոցի բնակիչները հոգնել են անընդհատ բողոքելուց ու դժգոհելուց: Ամռանը փոշուց, անձրևներին էլ՝ ցեխից: Մեկ տարի էլ պիտի սպասեն, դեռ նախագծում են, որ հետո նոր սկսեն փողոցի հիմնանորոգումը:
Մինչ վարչապետի այցը դպրոցի տարածքը հատուկ ստուգվեց շան միջոցով: Տարածքը չորս կողմից ոստիկանական հսկողության տակ էր:
Այցից ժամեր առաջ հատուկենտ մարդիկ էին հավաքվել արդյոք տեղյակ էին, որ վարչապետն է գալու, գուցե հարցեր ունեին, հետաքրքրվեց «Ազատություն»-ը.
«Պարզապես ուզեցել ենք դիմավորենք, տեսնենք մոտիկից: Մենք ենք եկել, մեզ չեն ասել, թե կգաք, մենք եկել ենք: Պարզապես մենք եկել ենք, որ մեր վարչապետին տեսնենք, մեր հերոսին տեսնենք»:
«Իրա լավ գործերի համար մենք շատ շնորհակալ ենք, շատ բարի, հոգատար մարդ է ինքը»:
«Հարց չունեմ տալու, պռոստը էնպես եկել կանգել եմ»:
Անի թաղամասի փոսերը նաեվ վարչապետի ավտոշարասյունն ընկավ: Չսպասելով բնակիչների հարցերին՝ Փաշինյանն արդեն ճշտել էր մարզպետից, թե երբ է սկսվելու թաղամասի փողոցներ նորոգումը:
«Շնորհավոր, ժողովուրդ ջան: Դե գիտեմ, փողոցների հարցն էլ էս ընթացքում պարզաբանեցինք, ծրագիր կա, որ Անի և Ավստրիական թաղամասերի փողոցները Կառավարությունը կառուցելու է ... Նախագծում ե՞ն, պարոն Խուդաթյան», - վարչապետը դիմեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին:
«Նախագծման գործընթացն է, պարոն վարչապետ, հիմա գեոդեզիստներն են աշխատում ... Մինչև սեպտեմբեր է տրված՝ նախագծումը, ուզում ենք փուլերի բաժանենք, որովհետև թաղամասը շատ է, էլի», - արձագանքեց նախարարը:
«Մի տարվա մեջ [շինարարությունը կսկսվի], մյուս տարի էս ժամանակ, շատ լավ», - ասաց Փաշինյանը:
Վարչապետն այսօր վաղ առավոտից մի քանի մարզերի դպրոց, մանկապարտեզ, ջերմոց ու երիտասարդական կենտրոն մտավ, մինչև հասավ Գյումրի: Տարբեր համայնքներում տարբեր առաջարկներ ստացավ, նույնիսկ՝ փիփերթով ճաշի հրավեր:
Վարչապետը նախընտրական այս շրջանում ակտիվացրել է այցերը մարզեր, հիմնականում իր իշխանության օրոք կառուցված կամ վերանորոգված դպրոցներ ու մանկապարտեզներ է մտնում, երբեմն նաև բնակիչների հետ է շփվում: