«Փոքր բիզնեսը ջարդում են». «Ռոսիա» տոնավաճառի ղեկավարությունը խոստանում է չվնասել տնտեսվարողներին

Իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Ռոսիա» տոնավաճառի առևտրականներն այսօր տաղավարները բացելու փոխարեն գործադուլ արեցին: Բողոքում էին տարածքից իրենց հանելու որոշման դեմ. սեփականատերերը նորոգման պատճառաբանությամբ մինչև մարտի 15-ն առաջարկել էին ազատել տոնավաճառը:

«Փոքր, մանր բիզնեսը ջարդում են, տալիս են միլիարդատերերին տեղերը: Մեզ մեր տնից թող չհանեն», - նշեց առևտրականներից մեկը:

«Մի օր արթնանում ենք ու արդեն եկամտի աղբյուր չունենք», - ասաց մյուսը:


Բողոքից հետո ղեկավարությունը հայտարարեց՝ այնպես կկազմակերպեն աշխատանքները, որ բիզնեսը չտուժի: Բայց դրանից առաջ առևտրականներին որպես այլընտրանք առաջարկել էին մայրաքաղաքի կենտրոնական այս հատվածից տեղափոխվել մի քանի կիլոմետր հեռու գտնվող «Երևան» տոնավաճառ, որը դարձյալ պատկանում է Սուքիասյաններին:

«Հարց է՝ մեր բիզնեսն այդ ցնցմանը կդիմանա՞ այդ տեղափոխությունից, որովհետև 25 տարին քիչ չի, մենք մեր հաճախորդներն արդեն ունենք», - ասում է Հռիփսիմե Ֆահրադյանը, որն այս տոնավաճառում 25 տարի հագուստ է վաճառում:

Նա չի պատկերացնում, թե ինչպես կարող է բիզնեսը մինչև մարտի կեսերը տեղափոխել այլ վայր: Անձամբ գնացել, ստուգել է «Երևան» տոնավաճառի առևտրի կետերը: Պնդում է՝ այնտեղ այդքան ազատ տեղեր չկան, որ բավականացնեն բոլորին: Մինչդեռ երեկ իրենց ասել են, որ նորոգումից հետո չեն կարող վերադառնալ. «Ասել են՝ ոչ, բրենդային խանութներ են լինելու»:

Կինոթատրոնից տոնավաճառի վերածված շենքում 10 տարի աշխատող Մարինե Մնացականյանը մտահոգված է՝ վարկեր ունեն, ապրանքներ են պատվիրել Չինաստանից. «Այդ ամբողջ գումարը՝ թե տուն, ոսկեղեն գրավ դնելը, որ գնացել ենք հունվարին Չինաստան, ներդրված է ապրանքի մեջ, որը գալու է ապրիլ-մայիս ամիսներին»:

Ինչպե՞ս կարող են թողնել այս տարածքը, մյուս կողմից էլ՝ կկորցնեն մշտական հաճախորդներին, իսկ զրոյից սկսելը կվնասի իրենց բիզնեսին, նշեց նա. «Լիքը մարդիկ 30 տարի աշխատում են այստեղ, թող այդ մարդկանց իրենց տեղերը վերադարձնեն, 10 հազար հոգին որտե՞ղ գնա տեղավորվի»:



Առևտրականներն իրենց պահանջներն ամփոփեցին դիմումի մեջ, ներկայացրին ղեկավարությանը: Խնդրում էին գոնե մեկ տարի ժամանակ տալ կամ էլ տարածքը նորոգելուց հետո բրենդային խանութների փոխարեն հատկացնել իրենց: Դիմումը ղեկավարությանը հանձնելուց ու արդեն շենքի ներսում բանակցություններից հետո տոնավաճառի տնօրեն Բորիս Հովհաննիսյանը խոստացավ՝ նորոգումից հետո նախապատվությունը կտրվի տարածքի առևտրականներին:

«Ռոսիա» տոնավաճառի հարգելի՛ վարձակալներ, թյուրընկալումներից խուսափելու համար տեղեկացնում են, որ տարածքի արդիականացման, վերանորոգման աշխատանքները սկսվելու են 4-5 ամսից, ու հետո նախապատվության իրավունքը տրվելու է ձեզ: Մեր նպատակը տարածքի արդիականացումն ու ձեր աշխատանքային պայմանների բարելավումն է», - ասաց Բորիս Հովհաննիսյանը:

Այս հայտարարությունից հետո առևտրականները դադարեցրին գործադուլը: Նրանցից մեկն «Ազատությանը» փոխանցեց՝ խոսք են տվել նորոգումն այնպես իրականացնել, որ ոչ մեկը չտուժի: Նորոգման ընթացքում ընկերությունը կօգնի առևտրականներին ժամանակավորապես տեղավորվել այլ տարածքներում: Բայց պարզ չէ՝ արդյո՞ք նորոգումից հետո նույն պայմաններով կտրամադրեն տարածքը: Առևտրականներից տեղեկացանք՝ «Ռոսիա» տոնավաճառում մեկ քառակուսի մետրի վարձակալության արժեքը մոտ 30 հազար դրամ է: