«Հասկացանք, չափի մեջ, շատ եք լոճվում», - Երևանի ավագանու տարեվերջյան նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսպես էր սաստում ընդդիմադիրներին:
«Մայր Հայաստան» և «Հանրային ձայն» խմբակցության անդամներն իրար մեղադրում էին իշխանականների ներկայացրած օրակարգը հաստատելուն աջակցելու համար: Նախագծերից մեկով, օրինակ, մեքենաների կարմիր գծերի տարեկան վճարը նույնը մնաց, չնայած դատական երկու ատյաններ թանկացումը իրավաչափ չեն համարել:
Նիստի օրակարգում 31 հարցից միայն 4-ն էր զեկուցվող: Կարմիր գծերի և տրանսպորտի վճարի հարցը չզեկուցվողների շարքում էր: «Մայր Հայաստան»-ից Սամվել Հակոբյանն ասաց՝ չնայած իրենց հորդորներին, «Հանրային ձայն»-ի անդամները նիստի օրակարգի քվեարկությունը չբոյկոտեցին ու փաթեթն ամբողջությամբ ընդունվեց։
«Հայտարարություն արեցինք, ասացինք՝ «պետք է ամեն բան անել, որ տապալվի, որովհետև իշխանությունն ունի 32 ձայն: Ես 9 հոգու համար պատասխան չեմ կարող տալ, բայց մեր խմբակցության հարգարժան քարտուղար պարոն Հարոյանը երկու շաբաթից ավելի հիվանդանոցում է՝ երկկողմանի թոքաբորբով: Եթե մեր նպատակն իրապես ՔՊ-ի թալանը տապալելն է, ապա մենք պետք է տեսնենք՝ որ միջոցն է իրատեսական: Այո, շատ լավ կլիներ 33-ով այստեղ լինեինք, դեմ քվեարկեինք, բայց քանի որ ակնհայտ է, որ 33 հոգի չկա, կա մեկ այլ մեխանիզմ, եթե որևէ մեկը չի մասնակցում քվեարկությանը, թեկուզ եթե լինում է 32 կողմ, միևնույն է տապալվում է ու մյուս տարի կունենայինք անվճար աղբահանություն, անվճար ապօրինի թանկացված parking ու մնացած բոլոր տեղական վճարները», - նշեց Սամվել Հակոբյանը:
Այսպիսով, վարորդները եկող տարի էլ կշարունակեն կարմիր գծերում մեքենաները կանգնեցնելու համար 13 անգամ թանկ վճարել: Նախկին 12 հազար դրամի փոխարեն, Երևանի կենտրոնում՝ Ա գոտում, ուժի մեջ կմնա տարեկան 160 հազար դրամը, Բ գոտում՝ 24 հազարը: Տրանսպորտի 150 դրամ ուղեվարձն էլ նույնը կմնա, իսկ երևանցիներն աղբահանության դիմաց, ոչ թե ըստ բնակիչների քանակի, այլ բնակարանի մակերեսով կշարունակեն վճարել՝ 1 քմ-ի դիմաց՝ 13 դրամ:
«Հանրային ձայն» -ի անդամ Արտակ Դավթյանը հեգնելով ընդդիմադիր Սամվել Հակոբյանի պնդմանը, թե իրենք ծախվել են, հարցնում է՝ այդ ո՞նց են ծախվել, որ նոր է բանտից դուրս եկել ու դեռ վարչական հսկողության տակ է, կուսակցության գրասենյակներն էլ կապարակնքված են:
Ինքն էլ մյուս ընդդիմադիրներին մեղադրեց. «Ունենք նախնական պայմանավորվածություն, որ բոլորս գալիս ենք, որպեսզի խնդիրը լուծվեր, պետք էր առաջինը՝ տուրքերի հարցը դառնար չզեկուցվող, այսինքն, 33 հոգին պետք է քվեարկեն, դառնա չզեկուցվող, որից հետո կա՛մ կբոյկոտեինք դա, կա՛մ դեմ կքվեարկեինք: Բայց մենակ նրա համար, որ իրենցից 9 հոգի չի եկել նիստի, էն, որ ասում են՝ մի հոգի հիվանդ է, եթե մի հոգի լիներ խնդիրը, կարայինք քննարկեինք բոյկոտի տարբերակը, բայց 9 հոգի չի գալիս, դուք հիմա եկել եք, ասում եք՝ որպեսզի այդ հարցը չանցնի, էն 21 հարցը նույնպես չենք անցկացնում: Այսինքն, դուք չեք կարողանում ինքներդ կազմակերպեք, չեք կարողանում ձեր մարդկանց բերեք, գալիս եք մեզ օրակարգ եք թելադրում»:
«Մայր Հայաստանից» հիշեցնում են՝ կարմիր գծերի թանկացումը նախորդ տարի չէր ընդունվի, եթե «Հանրային ձայնից» անկախացած 1 հոգին իր քվեարկությամբ չաջակցեր իշխանությանը: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լևոն Լևոնյանն ու խմբակցության ղեկավար Արման Գալջյանն ասում են՝ դատարանի վերջնական ուժի մեջ մտած վճիռ չկա, քաղաքապետարանը բողոքարկումների փուլում է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատարանը երկրորդ անգամ անվավեր է ճանաչել կարմիր գծերի թանկացման վերաբերյալ Երևան քաղաքի ավագանուՊնդումներն էլ, որ դիտավորյալ են բողոքարկում, իշխանականները չեն ընդունում. «Բողոքարկման իրավունքը քաղաքապետարանի իրավունքն է ու հնարավոր չէ քաղաքապետարանին մեղադրել իր բողոքարկման իրավունքից օգտվելու համար, որովհետև քաղաքապետարանը համաձայն չէ այդ որոշման հետ»:
Նիստի ընթացքում պարբերաբար լեզվակռվի էին անցնում նաև «Մայր Հայաստանն» ու ՔՊ-ի հետ կոալիցիա կազմած «Հանրապետություն» խմբակցությունը: Դահլիճից բղավողներին քաղաքապետ Ավինյանը սաստում էր կրկին բղավելով. «Շարունակեք ոգևորվել, ժողովուրդ ջան, նախազգուշացումները կանցնեն այլ մակարդակներ, շատ եք լոճվել»:
Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Գալջյանն Ավինյանի լեքսիկոնն այսպես բացատրեց. «Իրենց օգտագործած բառերը, քանի որ տեղից են գոռում, եթերով չի լսվում, անում են արտահայտություններ, որոնք ոչ եթերային են, քաղաքապետի արձագանքը եթերից լսվում է, իրենցը չի լսվում: Օգտվելով այդ հնարավորությունից փորձում են գցել, որ այդ աղմուկը քաղաքապետը ստեղծեց, այնինչ որևէ տրամաբանություն չկա, որ հանգիստ նիստ լինի ու քաղաքապետը սկսի տենց բաներ ասել»:
Քաղաքային իշխանությունը երևանցիներին խոստանում էր Աջափնյակի մետրոն հանրավորինս արագ կառուցել: Դեռ 24 թվականին շինարարության մեկնարկը խոստացած Ավինյանն այսօր ասաց՝ դա նորանկախ Հայաստանի ամենաբարդ նախագծերից մեկն է, օրինակ, փորձաքննությունն ավելի քան 1 տարի է տևել:
2026-ի բյուջեով 2 մլրդ դրամ է հատկացվելու նախագծի համար: Այս տարի այդ նույն նպատակով բյուջեից դարձյալ հատկացումներ էին եղել, բայց գումարի մի մասով քաղաքապետարանը 12 մետրանոց 45 տրոլեյբուս է գնել: Նույն կերպ վարվել է նաև կառավարությունը, Աջափնյակի մետրոյի կառուցման համար նախատեսված բյուջեից մոտ 300 հազար դոլար ուղղել է սահմանամերձ բնակավայրերում ապրողների կոմունալ վճարների մասնակի փոխհատուցմանը: