Փոխադարձ մեղադրանքներ՝ ԱԺ ընտրություններից առաջ Գյումրիի ավագանու վերջին նիստում

Գյումրիի ավագանու այսօրվա նիստը վերջինն էր հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ: Ավագանու անդամներից շատերը պատգամավորի թեկնածու են ու առիթը բաց չէին թողնում քաղաքական հակառակորդներին անդրադառնալու:

Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո Գյումրին ղեկավարող փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն, օրինակ, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի 8-րդ համարն է: Նա այսօր նիստի մեկնարկին պատասխանեց երկու շաբաթ առաջ վարչապետ Փաշինյանի արած պնդումներին:

«Ես որևէ այլ բնակավայրում նման մասշտաբի պրոբլեմ չեմ տեսնում: Որովհետև կան բնակավայրեր, որոնց համայնքների ղեկավարները ընդդիմադիր են, մեր կուսակցությունից չեն, բայց նորմալ աշխատում են, սուբվենցիոն ծրագրեր են ներկայացնում, այսինքն՝ ի հեճուկս չեն, Կառավարության հետ ինչ-որ բանի մեջ չեն մտած», - հայտարարել էր վարչապետը:

«2025 թվականին Գյումրու քաղաքապետ պարոն Վարդան Ղուկասյանին ընտրվելուց հետո հաստատած և ընթացիկ սուբվենցիոն ծրագրերը եղել են 5 միլիարդ 369 միլիոն դրամի: 10 սուբվենցիոն ծրագրեր եղել են թերի փաստաթղթերով, մի շարք խնդիրներով, որոնք մեր կառավարման ընթացքում շտկվել, ճշտվել են և նորից հաստատման են ներկայացվել: Պարոն վարչապետ, Ձեզ ինչ որ զեկուցում են, էդքան էլ ճշգրտված չեն», - հայտարարեց փոխքաղաքապետը:

Գյումրիի ավագանու նիստին զուգահեռ Կառավարության նիստն էր, որի ընթացքում վարչապետը դարձյալ խոսեց Գյումրիի փողոցների փոսերի մասին. - «Անի թաղամասում սենց փոսերի միջով ուղղակի երթևեկում ես, «Գյումրի» ցուցանակը՝ հենց որտեղ գրած ա «Գյումրի» ցուցանակ, ցուցանակից երեք սանտիմետր էն կողմ սկսում ա գերազանց որակի ճանապարհը»:

Իսկ Գյումրիում վարչապետի թիմակիցները սկսեցին Ավետիս Առաքելյանից թվեր պահանջել, թե պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում ինչ է արել. - «Ավարտված կա՞»:

«Այո, 13 փողոց ա՝ 13 կապիտալ վերանորոգված փողոցներ, մեր իշխանության օրոք ավարտվել են այդ փողոցները», - արձագանքեց փոխքաղաքապետը:

Առավել թեժացավ մթնոլորտը նիստի վերջում, երբ ամբիոնին մոտեցավ «Քաղաքացիական պայմանագրից» Էմմա Բարսեղյանը: Իսկ առիթը Գագիկ Ծառուկյանի զրույցն էր Շիրակի մարզում ՔՊ-ի համակիր մի երիտասարդի հետ:

«Դուք չէիք ասո՞ւմ, որ ասում են՝ ժողովրդի թոշակը քիչ ա, չի կարողանում միս առնի, ասում եք՝ թող խոտ ուտեն, ասել ե՞ք: Եղբայր, ձեզ ենք ընտրե՞լ, չեք կարա՝ թողեք գնացեք», - հայտարարել էր «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը:

Դիմելով «Մեր քաղաքը» խմբակցությունից Կարեն Գրիգորյանին՝ Բարսեղյանը խորհուրդ տվեց Ծառուկյանին զգույշ խոսել. - «Պարոն Գրիգորյան, խնդրում եմ՝ տվյալ անձին զգուշացրեք՝ իր խոսույթում զգույշ լինի: Թոշակների բարձրացման դիմաց, երբ հնչեցվել է, «Քաղաքացիական պայմանագիր»-ը ասել է՝ թոշակները չենք բարձրացնում, խոտ կերեք, սա ոչ այլ ինչ է, քան իրազեկվածության պակաս, քանի որ թոշակները բարձրացել են, մարդիկ գոհ են, շնորհակալ են, խոտը պահեք ձեզ»:

Կարեն Գրիգորյանի հայրը՝ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ԲՀԿ ընտրացուցակով պատգամավորի թեկնածու է: Այստեղ արդեն վիճաբանություն սկսվեց երկու խմբակցությունների միջև: Փոխադարձ մեղադրանքների պակաս չկար:

ՔՊ-ից Վահագն Մկրտչյանը խորհուրդ տվեց կոռեկտ լինել, անձնական վիրավորանքներ չհնչեցնել ու Արցախի հետ կապված ՔՊ-ականներին ուղղված մեղադրանքներին այսպես արձագանքեց. - «Ուրեմն կգնաք, կհարցնեք, թե էդ 30 տարիներին Արցախից քանի՞ միլիոն փող են լափել, Հայաստանի ժողովրդից քանի՞ միլիարդ դոլարներով փող են լափել: Դրա մասին խոսում են Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործերը ... Ու էդ հարցի պատասխանը արդեն կտեսնենք, թե ով է ստեղ ծախում Արցախը»:

Վիճաբանության վերջակետը Ավետիս Առաքելյանը դրեց ու մեղադրանքի սլաքն ուղղեց ՔՊ-ի կողմը. - «Ձեր խոսելաոճն է միշտ անձնական դաշտ մտնելը, երբեք ու երբեք էս երկրում միշտ պահպանվել է քաղաքական էթիկան, ոչ մի անգամ ոչ փողոց ծեփել են պատերին, ոչ բորդյուրներ են լիզել տվել, ոչ մարդկանց մականուններով են դիմել, միշտ ձեզանից է եկել: Մենք միշտ պահում ենք էդ ամեն ինչը, հիմա էլ խնդրում եմ պահպանեք»:

Ավագանու հաջորդ նիստն արդեն խորհրդարանական ընտրություններից հետո կլինի՝ հունիսի 25-ին, ու դեռ պարզ չէ՝ թեկնածու ավագանու անդամներն արդյոք կհայտնվե՞ն խորհրդարանում, թե՞ ոչ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կրկին հայհոյախոսություն Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարի կողմից. այս անգամ ներողություն չհաջորդեցՓոքրիկ «հրաշք» Գյումրիի Անի թաղամասի Եղիշե Չարենց փողոցում«Ականատես»-ը պնդում է՝ Գյումրիում համերգին մասնակցությունն ուղղորդված է եղել, իշխանությունը՝ հերքումՔՊ-ականներ Սարիկ Մինասյանի և Արուսյակ Ջուլհակյանի հայտարարությունները՝ քննարկման առարկաներՓոսեր, հարկեր և քաղաքական հայտարարություններ․ Գյումրիի ավագանու նիստըԳյումրիի փոսերը՝ հեռավար մեղադրանքների առիթ