Փեզեշքիանն ընդունում է՝ պատերազմի և պատժամիջոցների ֆոնին «բազմաթիվ խնդիրներ» կան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան, արխիվ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդունել է, որ երկիրը սոցիալական դժվարությունների է բախվում՝ Միացյալ Նահանգների հետ հակամարտության, ինչպես նաև Թեհրանի դեմ Վաշինգտոնի՝ նոր սաստիկ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների ֆոնին։

«Ես հասկանում եմ, որ այսօր մեր հասարակությունում բազմաթիվ խնդիրներ կան: Մենք փորձում ենք հնարավորինս կանխել դրանք», - այսօր պետական հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթում ասել է Փեզեշքիանը:

Նա ընդգծել է, որ կառավարությունը հանձնառու է նվազեցնելու գնաճը, որը լայն թափ է ստացել փետրվարի վերջին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների մեկնարկից և դրան հաջորդած իրանական նավահանգիստների ամերիկյան շրջափակումից ի վեր:

Փեզեշքիանը խոսել է նաև «ջրի, էլեկտրաէներգիայի, գազի, վառելիքի, շրջակա միջավայրի և բանկային ոլորտի համակարգային խնդիրների» մասին:

Նախագահի խոսքով՝ 2024-ի հուլիսին՝ իր պաշտոնն ստանձնելուց ի վեր, Իրանը պատերազմի, պատժամիջոցների, քաղաքական ճնշումների և սպանությունների համակցությանն է բախվում։

Փեզեշքիանը համոզմունք է հայտնել, որ Իրանը կարող է դիմանալ ճնշմանը՝ նշելով, որ ժողովուրդը «դիմադրողականություն և համերաշխություն է ցուցաբերել»:

Հայտարարությունը հնչում է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի ծրագրված ելույթից առաջ, որն այսօր պետք է ճեպազրույց անցկացնի լրագրողների հետ՝ ներկայացնելու Իրանի դեմ, իր բնորոշմամբ, «պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ն սպառնում է պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցներով, Իրանը՝ ջախջախիչ պատասխանով

«Աշխարհը պետք է հասկանա, որ մեր նպատակն է կտրել բռնատիրական ռեժիմը սնուցող յուրաքանչյուր տնտեսական զարկերակ, քանի դեռ Թեհրանը լիովին մենակ չի մնացել», - գրել էր Բեսենթը Financial Times-ում հրատարակված իր հոդվածում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ շաբաթ սպառնացել էր ավելացնել Իրանի դեմ ճնշումը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բեսենթը հայտարարել է՝ «պատմության մեջ ամենակոշտ պատժամիջոցները» Իրանի ռեժիմի փլուզմանը կհանգեցնեն Նոր պատժամիջոցների հարցում ԱՄՆ-ի հետ համագործակցող երկրներին Իրանը թշնամի կհամարիԹրամփի տնտեսական պատժամիջոցները կհանգեցնեն հետագա պարտությունների. Արաղչի