«Պետք է պատժվի ոչ միայն ոստիկանը, այլև վերադասը». ոստիկանական բռնության հերթական փաստն է հրապարակվել

Արխիվային լուսանկար

Տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է ոստիկանը հայհոյում ու ուժգին ապտակում մի տղամարդու, հրապարակել է լրագրող Սյուզի Բադոյանը: Նրա տեղեկություններով՝ Հայկ Հակոբյան անուն-ազգանունով ոստիկանը բռնություն է կիրառում ենթադրյալ կասկածյալի հոր նկատմամբ, որ որդին բաժին ներկայանա: Ապտակից հետո տղամարդն ասում է, որ առողջական խնդիր ունի, բայց ոստիկանը շարունակում է հայհոյանքներ ու սպառնալիքներ տեղալ:

Դեպքն, ըստ լրագրողի, տեղի է ունեցել չորս ամիս առաջ: Հրապարակումից րոպեներ անց ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակը հայտարարեց, թե ծառայողական քննություն է նշանակվել, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են, նաև հաղորդում են տվել առերևույթ հանցագործության վերաբերյալ:

Ե՞րբ է նշանակվել ծառայողական քննությունը, ե՞րբ են կասեցվել ոստիկանի լիազորությունները, ո՞վ և ե՞րբ է հանցագործության մասին հաղորդում տվել, Ներքին գործերի նախարարությունից այսօր չմանրամասնեցին: Իսկ քրեական գործ արդեն հարուցվե՞լ է. այս պարզ հարցի պատասխանը ստանալու համար Քննչական կոմիտեից հորդորեցին գրավոր դիմել, «Ազատություն»-ը հարցումն ուղարկել է, պատասխան դեռ չի ստացել:

«Պետք է ոչ միայն քրեական հետապնդում լինի խոշտանգման հոդվածով, ոչ թե զուտ բռնության կամ պաշտոնական դիրքի չարաշահման՝ հենց խոշտանգման հոդվածով, նշված ոստիկանը պետք է ոչ միայն մեղադրյալ դառնա, այլ նաև կալանավորվի, որպեսզի վկաների վրա ազդեցության հնարավորություն չունենա», - ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Եթե քրեական գործը հարուցվի խոշտանգման հոդվածով, ինչպես պնդում է Իոաննիսյանը, ապա ոստիկանը կազատազրկվի 4-8 տարի ժամկետով:

Դանիել Իոաննիսյանն ընդգծում է՝ այս ոստիկանի անմիջական վերադասն էլ պիտի պատժվի. - «Պետք է պարզեն էդ սենյակում ներկա ոստիկանների ցանկը և բոլորին այ հենց տենց՝ ցանկով միանգամից հեռացնեն ոստիկանության համակարգից՝ խոշտանգման դեպքի մասին տեղյակ լինելու և դրա մասին զեկուցագիր կամ հաղորդում չներկայացնելու հիմքով»:

Մինչ համացանցում երեկվանից քննարկվում է այս տեսանյութը, մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը միայն այսօր աշխատանքային օրվա գրեթե ավարտին հրապարակավ անդրադարձավ դեպքին: Դատապարտելով բռնությունը՝ պաշտպանը տեղեկացնում է, որ գրություն է ուղարկել գլխավոր դատախազին՝ ոստիկանի արարքին քրեաիրավական գնահատական տալու նպատակով:

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը հիշեցնում է իր պաշտպանյալ, ընդդիմադիր Սամվել Վարդանյանի գրեթե երկու տարվա վաղեմության գործը․ այժմ նախկին ՔՊ-ական պատգամավորի հետ վեճից հետո խուլիգանության համար մեղադրվող երիտասարդը հայտնել էր, որ ոստիկանության մեքենայով ձերբակալվածների պահման վայր տեղափոխելիս մեքենան կանգ է առել, ոստիկանները հեռացել են, և այդ պահին դիմակավորված անձինք ծեծի են ենթարկել իրեն:

Փաստաբանը պնդում է՝ իշխանությունը լռում է, քանի որ դեպքը նախընտրական շրջանում կարող է վնասել իրենց վարկանիշը: Նրա կարծիքով՝ երեկ տարածված տեսանյութի առնչությամբ նաև ընդդիմությունն ու քաղհասարակությունը պետք է հստակ հարցադրումներ հնչեցնեն:

«Ի՞նչ կլիներ այդ ոստիկանի հետ, եթե այդ տեսանյութը չարտահոսեր, սակայն խոշտանգվողն աղմուկ բարձրացներ: Կլիներ այն, ինչ եղավ Սամվել Վարդանյանի հետ երկու տարի առաջ պատահած խոշտագման դեպքով, երբ պատասխանատվության ենթարկվելու փոխարեն նրան ուղեկցող ոստիկանները պաշտոնեական առաջխաղացման արժանացան», - ասված է սոցցանցում Հարությունյանի գրառման մեջ:

Ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը ամիսներ առաջ խորհրդարանում իր մտահոգությունն էր հայտնել այս գործով. - «Ակնհայտորեն, ծնկաչոք վիճակում, նսեմացրել են իրեն, տաբատը իջեցրել են, թքել են վրան, ծեծել են, խոշտանգել են: Այսինքն՝ դրա ի՞նչը պիտի էլ փորձաքննվի, դրա մասով ի՞նչ անհասկանալի բան կա, որ մինչև հիմա Երևանում գործող բանդիտները չեն բացահայտվում: Դա հանցախումբ է եղել ակնհայտորեն»:

Պաշտոնյաներից առայժմ միայն արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն է հրապարակավ դատապարտել ոստիկանի արարքը՝ ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին պատասխանելով. - «Պետք է կոշտ արձագանք՝ քրեական վարույթ նախաձեռնել ու պատժել այն անձին, որը նմանատիպ արարք է թույլ տվել: Եվ ես ցավում եմ, որ այսքան փոփոխություններից հետո դեռ կան այնպիսի անձինք, որոնք թույլատրելի են համարում նման անթույլատրելի վարքագիծը»:

Նախարարի նշած բարեփոխումները չի նկատում նաև մեկ այլ քաղաքացի՝ Սերգեյ Աբրահամյանը, որն այժմ բանտում է՝ քննիչի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով: Աբրահամյանն էլ մեկ այլ գործով ոստիկաններին է մեղադրում իրեն բերման ենթարկելիս խոշտանգելու համար: Ու եթե ինքն արագ հայտնվել է բանտում այլ գործով, չնայած տեսանյութի առկայությանը՝ ոստիկանների դեմ նրա բողոքը հետևանք չի ունեցել: Դատախազը վերջերս որոշել էր քրեական հետապնդում չհարուցել ոստիկանների նկատմամբ՝ նրանց արարքում հանցակազմ չտեսնելով:

«Ոտքերս ու ձեռներս կանդալած, ոսկորներս ջարդում, լայն սկոչով բերանս կապել էին գլխիս վրա պտտելով, մի 15 հոգով քացիներով, կոշիկի տակով դեմքիս, թքել վրես... », - պատմում էր Աբրահամյանը:

Հայաստանյան իրավապաշտպանների տվյալներով՝ վերջին տարիներին խոշտանգման հոդվածներով անցնող որոշ ոստիկաններ ոչ միայն չեն պատժվել, այլև նրանցից ոմանք առաջխաղացում են ստացել։ Ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովը հայտնել է, որ նախորդ տարի 43 ծառայող ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, նրանցից 30-ն ազատվել է աշխատանքից, սակայն չի նշվում՝ ինչ խախտումների համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Տուժողն ու փաստաբանը մտավախություն ունեն, որ ոստիկանական բռնության գործը կարող է կարճվելՀացադուլը՝ բանտում բողոքի միջոց. Սերգեյ Աբրահամյանը պնդում է՝ իրեն վերագրվող մեղադրանքը իրականությանը չի համապատասխանումՈստիկանական բռնության գործը քննվում է 8 ամսից ավելի, իսկ տուժողը մեկ այլ գործով 2-3 օրում բանտում է հայտնվելՈստիկանությունը երբեմն անձանց ձերբակալել է որպես պատիժ, կան փաստեր կտտանքների մասին. Պետդեպի զեկույցԸնդդիմադիր ակտիվիստին խոշտանգելու գործով փորձաքննությունները պատրաստ են. գլխավոր դատախազը դրանցից տեղյակ չէր«Ավտոբուսի գործով» Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակվել է 750 հազար դրամ տուգանք, նա ազատվել է պատժիցՆախկին իշխանական Հակոբ Ասլանյանի գործով դատարանը մեղավոր ճանաչեց ակտիվիստին խուլիգանության համար«Վիժվածք», «ժեխ» բառերը խոսքի ազատություն չեն. դատախազն ակտիվիստի մեղքը հաստատված է համարում