Պենզայի նավթամբարում ԱԹՍ-ի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել

Հրդեհ Ռուսաստանի Սամարայի մարզի Կույբիշևի նավթավերամշակման գործարանում, արխիվային լուսանկար

Գիշերը Ռուսաստանի արևմտյան Պենզա քաղաքի նավթամբարում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել, հայտնել է նահանգապետ Օլեգ Մելնիչենկոն։

Պաշտոնյաները չեն մանրամասնել անօդաչու թռչող սարքերի ծագման մասին, սակայն Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իրենց հակաօդային պաշտպանությունը գիշերը որսացել է առնվազն 12 ուկրաինական անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ մեկը Պենզայի մարզի երկնքում, հայտնում է Reuters-ը: Ուկրաինայի ռազմական պաշտոնյաները դեռևս չեն մեկնաբանել այս հաղորդագրությունը:

«Մոտավորապես ժամը 4:00-ին Պենզայի նավթամբարում անօդաչու թռչող սարքի հարձակումը հրդեհ է առաջացրել։ Նախնական տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան», - հայտնել է նահանգապետ Օլեգ Մելնիչենկոն։

Ուկրաինական Telegram մոնիթորինգի Supernova+ և Exilenova+ ալիքները հաղորդում են, որ խոսքը «Ռոսնեֆտ»-ին պատկանող «Պենզանեֆտեպրոդուկտ» նավթամբարի մասին է։

Վորոնեժի մարզում անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են մասնավոր տան տանիքի վրա՝ հրդեհ առաջացնելով, հայտնում է նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։ Նա հավելել է, որ հրդեհն արդեն մարվել է։ Երեք հոգանոց ընտանիքը ժամանակավորապես բնակվում է հարազատների մոտ։