Հասարակական դիտորդական խմբի ղեկավարի խոսքով՝ բանտում մահացած «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը պահվել է անբարեկարգ, խոնավ, փայտոջիլներով խցում: Այնտեղ բնակվում է մոտ ութ հոգի:
«Խցակիցները բողոքում են առկա միջատներից, թախտաբիթիներից (փայտոջիլներից), որոնք որ շատ են իրենց մարմինը կծում, հայտնվում են շորերի մեջ: Իհարկե, էդ դեզինֆեկցիան և հատուկ դեղամիջոցը քրեակատարողական հիմնարկի կողմից տրամադրվում է, բայց, այնուամենայնիվ, կարծես թե չի օգնում, որպեսզի էդ միջատները վերանան», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արման Սահակյանը:
Վերջինս գործընկերոջ հետ երեկ էր եղել Նուբարաշենի բանտում, ասաց՝ թեև խուցը նեղ չէր, բայց միջազգային չափանիշներով այն համարվում է գերբնակեցված:
«Էդ խցային պայմանները ևս միշտ արձանագրվել են, և Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի՝ CPT-ի կողմից էլ է արձանագրված եղել, որ անգամ էդ գերհագեցվածությունը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ևս մեծ խնդիր է», - նշեց դիտորդական խմբի ղեկավարը:
Նուբարաշենի բանտի պայմանների մասին իրավապաշտպաններն ահազանգում են քանի տարի՝ պնդելով, որ այնտեղ բոլոր խցերն են անմխիթար վիճակում:
«Բանտերը նախկիններից ստացված վատ ժառանգություն են». նախարար
Արդարադատության նախարարն ընդունում է, որ 40 տարվա բանտի պայմանները վատն են: Լրագրողների հետ զրույցում Սրբուհի Գալյանն ընդգծեց՝ չնայած մյուս բանտերը բարեկարգել են, «Նուբարաշեն»-ի հերթը չի հասել. նորն էին մտադիր կառուցել, բայց գումար չկա դրա համար, հիմա արդեն քննարկում են մասնավորի հետ կառուցման հեռանկարը:
«Մենք այս հիմնարկները հեղափոխությունից հետո չենք կառուցել, մենք ստացել ենք վատ ժառանգություն», - այսօր հայտարարեց նախարարը:
Ինֆարկտից ընդդիմադիրի մահվան գործով նախարարությունում ծառայողական քննություն է նշանակվել, սպանության հոդվածով էլ վարույթ կա: Նախարար Գալյանը, սակայն, չսպասելով դրանց ավարտին, ուսումնասիրելով տեսախցիկների կադրերը, վստահաբար պնդեց՝ շտապօգնությունը չի ուշացել, այն մոտեցել է բանտին այնքան ժամանակում, ինչպես կմոտենար ազատության մեջ գտնվողի դեպքում: Քրեակատարողական ծառայությունից նշել էին, թե հերթապահ բուժակն է առաջին օգնությունը ցուցաբերել և առավոտյան 7:55-ին շտապօգնություն կանչել, իսկ մահն արձանագրվել է 8:30-ի սահմաններում:
«Նաև շտապօգնության կանչի հետ կապված՝ կանչի զանգը արձանագրված է, և հիմնարկ մուտք գործելու ժամը ևս արձանագրված է, և շտապօգնությունը 16 րոպեների ընթացքում է մտել քրեակատարողական հիմնարկ», - ասաց Սրբուհի Գալյանը:
Մինչդեռ Գևորգյանի փաստաբանական խումբը շարունակում է պնդել, որ շտապօգնություն ուշ են կանչել, և բժիշկները հասել են այն ժամանակ, երբ ընդդիմադիրն արդեն մահացել էր:
Գևորգյանի մահից հետո արդարադատության նախարարն արդեն երկրորդ անգամ է նշում, որ կալանքի որոշումներն ինքը չի կայացնում, իր պարտականությունը բանտային պայմաններին հետևելն է: Անգամ հուզվեց, երբ պատմեց, թե վերջին օրերին իր հասցեին քննադատությունները հասել են անչափահաս երեխային. - «Ես ոչ մեկին չեմ նստեցրել, բայց հետևում եմ, որպեսզի իրենց խափանման միջոցի կրման պայմանները լինեն հնարավորինս բարվոք: Ես ամեն ինչ կարող եմ հասկանալ, բայց հիմա, օրինակ, երբ որ գրում են՝ «տարոսը քո երեխային»...»:
«Արսեն Գևորգյանը առողջ է եղել». նախարար
Նախարարի խոսքով՝ ընդդիմադիր գործիչն առողջ է եղել:
«Ես նշում էի նաև, որ անձը ընդհանրապես առողջության հետ կապված բողոք չի ներկայացրել, և նաև ազատության մեջ գտնվելու ընթացքում ամբուլատոր քարտում որևէ նշում չի եղել, և նաև դատական նիստի ընթացքում առողջության հետ կապված, այդ մասով՝ իշեմիկ խնդրի հետ կապված նկարագրություն չի եղել անձի կողմից, այսինքն՝ բացակայել է տվյալը», - հայտարարեց Գալյանը:
Արդյո՞ք 46-ամյա Գևորգյանի վրա չազդեցին իշխանականների հայտարարությունները նրա մեղադրանքի վերաբերյալ. Գալյանն այս հարցին ուղիղ չպատասխանեց, ասաց՝ չի կարող գուշակություն անել:
Ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով Գևորգյանի կալանավորումից հետո ՔՊ-ականները, չսպասելով դատավճռին, «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչների խոսքով, վարկաբեկող հայտարարություններ էին արել: Նրա մահից հետո էլ հայտարարում են, թե մեղավոր են նրանք, որոնք Գևորգյանին ստիպել են գնալ այդ քայլին՝ չնայած թեկնածուի մեղքը դեռ ապացուցված չէր:
«Եթե խոսքը նրա մասին է, որ անձին պիտակավորել են, շատ վատ է, որ այդպես է եղել, ես ամեն առիթն օգտագործելուց ասում եմ, որ քանի դեռ, եթե չկա ուժի մեջ մտած դատական ակտ, խոսել մեղավորության մասին ճիշտ չէ», - ընդգծեց նախարարը:
Ինչո՞ւ են հատկապես ընդդիմադիրներին կալանավորում. Գալյանը վստահեցրեց՝ վերջին շրջանում կալանավորումների վիճակագրությունում բարելավում կա:
Կալանքի թվերը մտահոգիչ են. ընդդիմադիր պատգամավոր
Ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը, սակայն, այսօր խորհրդարանում հակառակն է պնդել՝ թվերը դեռ մտահոգիչ են:
«Վերջերս քրեակատարողական հիմնարկներում այց էի կազմակերպել՝ իբրև հանձնաժողովի նախագահ, մինչև ողբերգական դեպքը, և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կալանավորվածները 60 տոկոս/40 հարաբերություն էր դատապարտվածների: Սա ուղղակի անթույլատրելի է», - հայտարարեց Գալստյանը:
Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ դատարանները հիմնականում բավարարում են կալանավորելու միջնորդությունները: Օրինակ՝ 2025 թվականին բավարարվել է միջնորդությունների ավելի քան 61 տոկոսը։ 2024-ի դեպքում այս թիվը կազմել է ավելի քան 69 տոկոս: Պատկերն ավելի վատ էր երկու տարի առաջ, երբ արձանագրվել էր, որ հայաստանյան բանտերում ավելի շատ կալանավորներ կան, քան՝ դատապարտյալներ:
Այսօր Արսեն Գևորգյանի հոգեհանգիստն էր
Այսօր Ստեփանավանում բանտում մահացած ընդդիմադիր Արսեն Գևորգյանի հոգեհանգիստն էր: Նրա մահից հետո հարուցված գործով կասկածյալներ ու մեղադրյալներ չկան, դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ պատրաստ չեն, որոնց համաձայն էլ հնարավոր կլինի եզրակացնել, թե ինչից է վրա հասել մահը: