Պատրուշևը հայտարարել է՝ Ճապոնիայի նոր ռազմականացումը սպառնում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգությանը

Տոկիոն նոր ռազմականացման քաղաքականություն է իրականացնում՝ այն ներկայացնելով որպես պաշտպանական կարողությունների ամրապնդում, ինչը խախտում է Ճապոնիայի կապիտուլյացիայի ակտը և հակասում է երկրի սահմանադրությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը՝ ընդգծելով՝ այն սպառնում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգությանը։

«Այդ գործունեությունը հակասում է միջազգային իրավունքին և ազգային օրենսդրությանը, խախտում է Ճապոնիայի կապիտուլյացիայի ակտի դրույթները և լրջորեն հակասում է սահմանադրությանը, որը չի նախատեսում հարձակողական զենքի առկայություն»,- ասել է Պատրուշևը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում՝ հավելելով՝ այսօր Ճապոնիան «կարծես այլևս չի առաջնոդրվում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստանձնած սահմանափակումներով»։

«85 տարի անց այն կրկին վերածվում է ագրեսիվ ռազմաքաղաքական դերակատարի։ Ճապոնիայի նավատորմն այլևս ինքնապաշտպանության ուժ չէ, այլ աշխարհի չորրորդ կամ հինգերորդ ամենահզորներից մեկը։ Այն ներառում է ավելի քան 50 կործանիչ, 20 սուզանավ և նույնիսկ ավիակիրներ, որոնք նախկինում ներկայացվում էին որպես ավիակիր կործանիչներ», - ասել է Պուտինի օգնականը՝ նշելով՝ Ճապոնիայի ծովային ինքնապաշտպանական ուժերը ամեն տարի ստանում են ավելի ժամանակակից սուզանավեր, տեղակայում են հեռահար հրթիռային համակարգեր և ծրագրում են ստեղծել հատուկ ստորաբաժանում՝ անօդաչու զենքերի և արհեստական բանականության վրա հիմնված համակարգերի արագ ներդրման համար։

«Մենք կանխատեսում ենք, որ Տոկիոն կշարունակի մեծացնել իր ռազմական ներուժը՝ շեշտադրելով հարձակողական գործողությունները՝ ինչպես ինքնուրույն, այնպես էլ լայն կոալիցիաների շրջանակում, որոնցում ներգրավված կլինեն ՆԱՏՕ-ի պետությունները»,- եզրահանգել է Պատրուշևը։