Պատրաստվում է «եվրոեռյակի» ներկայացուցիչների այցը Մոսկվա՝ Ուկրաինայի հարցով բանակցելու. Ռյաբկով

Ռուսասետանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, արխիվ

Ռուսաստանը պատրաստում է այսպես կոչված «եվրոեռյակի»՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների այցը Մոսկվա, լրագրողներին հայտնել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ պատասխանելով «ՏԱՍՍ»-ի հարցին։

«Դուք տեսաք, որ նախագահը [Վլադիմիր Պուտինը] Չինաստանում եղած ժամանակ նշեց մեր որոշման մասին՝ այսպես կոչված եվրոպական եռյակի ներկայացուցիչներին Մոսկվա հրավիրելու վերաբերյալ. սա այն անհապաղ բաներից մեկն է, որը ներկայումս քննարկվում և մշակվում է», - ասել է դիվանագետը։

Ռուսաստանը մշտապես մերժել է ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին եվրոպացիների մասնակցությունը: Սակայն երեկ Չինաստանի Շենժեն քաղաքում ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահների հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին Պուտինը, անդրադառնալով բազմակողմ խաղաղ բանակցությունների հարցին, ասել էր, որ ամերիկացիները Ռուսաստանին «համառորեն» խնդրում են թույլ տալ եվրոպացիներին, որ մասնակցեն բանակցություններին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Եվրոպան պատրաստ է ՌԴ-ի հետ բանակցել Ուկրաինայում պատերազմի դադարեցնելու շուրջ, ասում են առաջնորդները

Պուտինը պնդել է, որ Ռուսաստանը դեմ չէ այդ գաղափարին, սակայն հավելել է, որ Մոսկվան ցանկանում է պարզել, թե «ինչ է Եվրոպան բերելու այս բանակցություններին»։ «Ահա թե ինչու, դիվանագիտական ուղիներով, մենք հրավիրել ենք եվրոպացիներին գալ Մոսկվա՝ իրենց դիրքորոշումները որոշելու համար։ Եվ դրանից հետո մենք կորոշենք, թե ինչ ձևաչափով կշարունակենք երկխոսությունը Ուկրաինայի հետ»,- ասել էր նա։

Երեկ էլ Բեռլինում կայացել է Ուկրաինային աջակցել պատրաստ «Կամավորների կոալիցիայի» (մոտ 40 երկիր) լիագումար նիստը, որի ժամանակ եվրոպական երկրների առաջնորդները հայտարարել են, որ պատրաստ են Ռուսաստանի հետ բանակցություններ վարել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ՝ ի նշան Կիևին աջակցության:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը համաձայն է Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չկայացնել առանց Կիևի մասնակցության

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ասել է, որ ԱՄՆ-ի ներգրավվածությամբ խաղաղության հավանականությունը մեծանում է: Նա բացատրել է, որ Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ «լուրջ քննարկումներ սկսել եվրոպական անվտանգության վերաբերյալ», սակայն նախևառաջ Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագիր պետք է կնքվի:

«Այս բանակցությունները պետք է սկսվեն, և մենք կընդունենք, եթե պայմաններն ընդունելի լինեն Եվրոպայի և Ուկրաինայի համար»,- ասել է Մերցը՝ հավելելով, որ Մոսկվայի «առավելապաշտական պահանջներն իրատեսական չեն»։