Ինքնաբացարկի դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից և ՔՊ-ից․ ովքեր չեն վերցնի պատգամավորական մանդատը

Մակունցը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Միացյալ նահանգներում նախկին դեսպան, ՔՊ-ական Լիլիթ Մակունցը հրաժարվել է պատգամավորական մանդատից: Նա ինքնաբացարկի դիմում է գրել: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ հաստատվում են լուրերն ու Մակունցը ղեկավարելու է վարչապետի աշխատակազմը: Նրանից այսօր ճշտել չհաջողվեց:

«Քաղաքացիական պայմանագրի» առաջնորդը արդեն հայտարարել է, որ կառավարության ղեկավար պաշտոններում փոփոխություններ չի ծրագրում, աշխատակազմի ղեկավարի մասին ոչինչ չի ասել: Մամուլը գրում է, որ Փաշինյանն իր մերձավոր թիմակցին՝ Արայիկ Հարությունյանին վերանշանակելու մտադրություն չունի: Այս տեղեկությունը մինչ այս պահը ոչ Հարությունյանն է հերքել, ոչ էլ՝ Փաշինյանը: Այսօրվա դրությամբ Հարությունյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում չի գրել:

«Ուժեղ Հայաստան»-ի 29 թեկնածուներից երեքն այսօր ինքնաբացարկի դիմում են գրել

Պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմումներ են գրել գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած դաշինքից՝ «Ուժեղ Հայաստան»-ից: Խորհրդարան անցած 29 թեկնածուներից երեքն այսօր ինքնաբացարկի դիմում են գրել՝ Գոհար Մելոյանը, Լիլիա Շուշանյանն ու Ավետիս Առաքելյանը։

Գոհար Մելոյանը, որ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչն էր Սահմանադրական դատարանում, դեռ չի պարզաբանել՝ ինչո՞ւ չի գնում խորհրդարան։

Լիլիա Շուշանյանն էլ «Ուժեղ Հայաստան»-ի ակտիվ թեկնածուներից է ու ոչ մի խոսք, թե ինչու չի ուզում Ազգային ժողովում աշխատել։

Հնարավո՞ր է՝ նրանք էլ պատրաստ չէին ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակին, ինչպես իրենց առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Այսօր ճշտել չհաջողվեց, «Ազատության» զանգերին չարձագանքեցին։

Լիլիա Շուշանյանը մինչև հաղթանակ խոստացող Կարապետյանին միանալը Փաշինյանի կառավարությունում պաշտոնյա էր։ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարարի պաշտոնից ազատվեց 44-օրյա պատերազմի ավարտից մեկ տարի անց։

«Ուժեղ Հայաստան»-ի խորհրդարան անցած թեկնածուների ցանկում է նաև Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը, որ կալանավորված Վարդան Ղուկասյանի փեսան է։ Առաքելյանն էլ է այսօր մանդատից հրաժարվելու դիմում գրել, ինչն ըստ էության նշանակում է, որ նա հավանաբար չի թողնի Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնը։

Ինտրիգ չկա ընդդիմադիր «Հայաստան» դաշինքում

Հայաստան» դաշինքում անցողիկ տեղերից մանդատը չի վերցնի միայն դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Պատգամավորները մանդատները կստանան վաղը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Ընդդիմադիր «Հայաստան» ու «Ուժեղ Հայաստան» դաշինքների պատգամավորները հանձնաժողով չեն գնա: Նրանց ներկայացուցիչները կվերցնեն մանդատները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Մեր գաղտնի պլանի մասերից է». «Ուժեղ Հայաստան»-ի 105 պատգամավորի թեկնածու ինքնաբացարկի դիմում է գրել«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն մանդատից հրաժարվել է. ինչ քննարկումներ են ընդդիմադիր դաշինքներում Ընդդիմությունից ովքեր և ինչ օրակարգով են գնում նոր խորհրդարան«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները վերցնում են մանդատները