Պատերազմի զեկույցի բաց մասը հնարավոր է ներկայացվի ԱԺ բաց լսումներում

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ զեկույցի բաց մասը հնարավոր է դառնա խորհրդարանական հանրային լսումների քննարկման առարկա:

ԱԺ նստաշրջանի մեկնարկին «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե 44-օրյա պատերազմի հանձնաժողովի զեկույցը չի՞ ներկայացվելու վերջին նստաշրջանին: Ի պատասխան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ զեկույցը հասանելի է օրենսդիրներին, սակայն միայն մի քանի պատգամավոր է ծանոթացել դրան:

«Գալիս եք, մեզ քննադատում եք, հարցեր եք տալիս: Այս թեմայի շուրջ շահարկումները համարում եմ անտեղի», - ասաց Ալեն Սիմոնյանը՝ պատգամավորներին հորդորելով ուսումնասիրել զեկույցը:

Ավելի քան երեք տարի առաջ ստեղծված հանձնաժողովը աշխատանքն ավարտել էր նախորդ սեպտեմբերին, բայց զեկույցը հանրությանն այդպես էլ հասանելի չդարձավ, ծավալուն փաստաթուղթն ուղարկվեց խորհրդարանի գաղտնի փաստաթղթերի բաժին:

Ազգային ժողովի նախագահը հայտնել էր, որ 44-օրյայի հանգամանքների վերաբերյալ զեկույցն Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ չի կարող մտնել, քանի որ հանձաժողովի ժամկետը լրացել է։ Ըստ ԱԺ աշխատակազմի՝ հանձնաժողովի գործունեության ժամկետն ավարտվել էր դեռ 2023-ի նոյեմբերին:

Գեղամ Մանուկյանն, իր հերթին, այսօր մեղադրեց իշխանություններին զեկույցի առնչությամբ շահարկումների համար՝ հիշեցնելով, որ ընդդիմությունն ի սկզբանե վերապահումներ է ունեցել հանձնաժողովի գործունեության վերաբերյալ:

Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին դիմելով, հարցրեց, թե արդյոք հնարավոր չէ հանրային լսումներ կազմակերպել, որտեղ զեկույցի բաց հատվածը կարող է քննարկվել: Քոչարյանն արձագանքեց, որ կքննարկեն այս տարբերակը:

«Այնտեղ շատ հետաքրքիր կտորներ կան, որոնք բացի տակ են ընկնում, հետո չասեք, թե խի տենց եղավ», - դիմելով ընդդիմությանը՝ ասաց ՔՊ պատգամավոր Ալեքսանյանը:

Ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը հակադարձեց ԱԺ ղեկավարությանը, թե օրենսդիրները չեն ծանոթանում զեկույցին՝ ասելով, որ ընդդիմադիրների մեծ մասն «ապօրինի քրեական գործերի հարուցման տակ է», ներառյալ ինքը, և ըստ օրենքի՝ իրավունք չունեն ուսումնասիրել զեկույցը:

Ավելի վաղ Անդրանիկ Քոչարյանը շեշտել էր, որ զեկույցը հանրությանը չի հասել Ալեն Սիմոնյանի որոշման պատճառով, իսկ զեկույցն ու դրա հիմք հանդիսացած բոլոր փաստաթղթերը պատրաստվում են նաև իրավապահների համար բացել:

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը Ազգային ժողովում ձևավորվել էր 2022 թվականին իշխանության նախաձեռնությամբ և գործել առանց ընդդիմադիրների. նրանք ի սկզբանե բոյկոտել են՝ պնդելով, որ պատերազմի պարտության պատասխանատուները չեն կարող օբյեկտիվ քննություն անցկացնել: