Կրեմլի ամենահայտնի քարոզիչներից մեկի՝ Վլադիմիր Սոլովյովի՝ Հայաստանի հասցեին անցած շաբաթավերջին հնչեցրած սպառնալից հայտարարությունից 2 օր անց պաշտոնական Երևանն այսօր բողոքի նոտա է հղել Մոսկվային։ Հայաստանի արտաքին գերատեսչությունը հաղորդավարի հայտարարությունը, թե Հայաստանում ևս՝ Ուկրաինայի օրինակով հատուկ ռազմական գործողություն պետք է սկսել, ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն է որակել։
«Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, նրան հանձնվել է բողոքի հայտագիր, որում խորը վրդովմունք է արտահայտվել պետական հեռուստաընկերության մաս կազմող ծրագրի եթերում հնչած հայտարարությունների կապակցությամբ: Ընդգծվել է, որ դրանք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն են ու թշնամական դրսևորում և կոպտորեն խախտում են Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների հիմնարար սկզբունքները», - հայտնում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Սոլովյովը անցած օրը հեռարձակված իր հեղինակային՝ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ընթացքում խոսել էր ոչ միայն Հայաստանում, այլև՝ Կենտրոնական Ասիայում, նրա ձևակերպմամբ՝ ռուսական ազդեցության գոտում հատուկ ռազմական գործողություն սկսելու անհրաժեշտությունից։
«Եթե մեր ազգային անվտանգության համար մեզ անհրաժեշտ էր հատուկ ռազմական գործողություն սկսել Ուկրաինայի տարածքում, ինչո՞ւ նույն պատճառներով չենք կարող հատուկ ռազմական գործողություն սկսել մեր ազդեցության գոտու այլ կետերում», - նշել է նա:
Հունվարի 10-ին հեռարձակված հաղորդումը Հայաստանում չի սփռվել. հանրային մուլտիպլեքսով «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի տարածքում դադարեցվել է դեռևս 2 տարի առաջ։ Հայկական կողմը հիմնավորել էր՝ Սոլովյովի հեղինակային հաղորդումները խախտել են զանգվածային հաղորդակցության երկկողմ համաձայնագիրը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկական եթերն առանց Կրեմլի հայտնի խոսափողի. Սոլովյովի հաղորդումներն արգելափակվեցինՄինչ հեռարձակման դադարեցման այս որոշումը, Սոլովյովի հաղորդումների ընթացքում Հայաստանի ու նրա իշխանությունների թեման հաճախ է արծարծվում, ընդ որում՝ երբեմն մանիպուլացնող, վիրավորական բնորոշումներով։
Իշխանական պատգամավորները իրենց վրդովմունք են հայտնել Սոլովյովի հայտարարությունների վերաբերյալ, հիշել՝ դեռ 2013-ին Սոլվյովը Պատվո շքանշան է ստացել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից։
«Հայերի ու Հայաստանի հանդեպ իր «սերը» միշտ արտահայտող պրոպագանդիստ Սոլովյովը պահանջում է «Հատուկ ռազմական գործողություն» անել Հայաստանում, ճիշտ այնպես, ինչպես Ուկրաինայում: Սա թշնամական դրսևորում է ՀՀ հանդեպ և պետք է ստանա պատշաճ արձագանք: Ո՞րը պետք է լինի սրան ՀՀ արձագանքը: Առնվազն Սոլովյովը պետք է զրկվի ՀՀ կողմից իրեն տրված Պատվո շքանշանից: Եվ սա նվազագույնն է, որ ՀՀ-ն պետք է անի», - նշել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:
ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ ասել է. «Այս տխմարաբանությունը ու այս հռետորաբանությունն ընդհանրապես նորություն չէ, նորություն չէ նրա թշնամական վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության ու Հայաստանի անկախության նկատմամբ»:
ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ է քննադատել ռուս հաղորդավարի հայտարարությունները՝ դրանք անընդունելի համարելով. «Ինչ է կատարվում Հայաստանում. Հաստատված խաղաղությունը Ձեզ դուր չի՞ գալիս կամ էլ Ձեզ դուր չի՞ գալիս, որ Հայաստանն առաջ է շարժվում ժողովրդավարության ճանապարհով»։
Իշխանական պատգամավորները քննադատելով Կրեմլի քարոզչին՝ միևնույն ժամանակ հարցն էին բարձրացնում, թե ինչո՞ւ ընդդիմության ներկայացուցիչները չեն դատապարտում Սոլովյովի հայտարարությունները։ ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր հերթին ժամեր անց դատապարտեց Սոլովյովի հայտարարությունն ու քննադատեց իշխանականներին՝ նույն եռանդով Բաքվից հնչող սպառնալիքներին չարձագանքելու համար։
«Իսկ դուք պատրա՞ստ եք նույն խստությամբ արձագանքել ոչ միայն ռուս վերլուծաբաններին, այլ նաև այն պաշտոնյաներին, որոնք իրականում ու շարունակաբար թիրախավորում և սպառնում են Հայաստանին։ Դուք ամբողջ ուժով դատապարտում եք ռուս վերլուծաբանի մեկ հայտարարություն, բայց տարիներ շարունակ լուռ եք Ադրբեջանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների ուղիղ սպառնալիքների հանդեպ, որոնք կասկածի տակ են դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու բացահայտ միջամտում մեր ներքին գործերին», - ընդգծել է Սաղաթելյանը։
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այսօր հայտարարել է՝ եթե իրենք լինեն իշխանության, թույլ չեն տա որևէ կողմի Հայաստանում հիբրիդային պատերազմ վարել։