Փաշինյանը պատրաստ է Սամվել Կարապետյանին «ապահովել» հեռախոսով և ինտերնետով՝ ուղիղ եթեր մտնելու համար

Ինչո՞ւ իշխանությունը ազատ չի արձակում տնային կալանքի տակ գտնվող միլիարդատեր գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին, որպեսզի նա էլ Փաշինյանի նման հավասար պայմաններում մասնակցի նախընտրական պայքարին, այսօր հարցրեցին Նիկոլ Փաշինյանին:
Մեծ քաղաքականություն նոր մտած միլիարդատեր գործարարին վարչապետը հուշեց, թե ինչպես նա կարող է այդ «անհավասար մրցակցության» խնդիրը շրջանցել:

«Իմ պայքարի և հաղորդակցության ամենաարդյունավետ միջոցներից մեկը իմ սոցիալական ցանցերի էջերն են և ուղիղ եթերները, և պրոբացիայի ծառայության պարզաբանումից հետո հասկացանք, որ ոչ մի բան չի խանգարում, որ ձեր նշած մարդը ուղիղ եթեր մտնի, եթե հեռախոս ձեռք բերելու խնդիր ունի, կարող ենք աջակցել, նույնիսկ ինտերնետը և հեռախոսի չիպը ապահովել», - ասաց Փաշինյանը:

Իշխանական Civic -ի հարցմանն ի պատասխան՝ անցած ամիս Պրոբացիոն ծառայությունը նշել էր, թե Սամվել Կարապետյանին չի արգելվում հրապարակային տեսաուղերձներ հղել և հաղորդագրություններ տարածել:

Սամվել Կարապետյանի փաստաբան, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը, սակայն, ի պատասխան այս հայտարարության, պնդել էր, թե պետք է անտեսել Պրոբացիոն ծառայության այդ գրությունը, քանի որ ըստ Վարդևանյանի՝ « նման հարցերի ու իրավական հետևանքների գնահատող մարմինը քննչական և դատախազության պաշտոնատար անձինք են»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երկու բանտարկյալ վարչապետի թեկնածու. ի՞նչ խմորումներ են ընդդիմադիր դաշտում «Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ՝ իր դեմքով և իր անունով». հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետ «Նարեկ Կարապետյանը անցումային ժամանակահատվածի երաշխավորն է լինելու». իշխող ՔՊ-ն այս սցենարը «ցնորամիտ» է որակում