«Տգետ տնօրենները պետք է հանվեն աշխատանքից». Փաշինյանը՝ կրթական խնդիրների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում անդրադարձավ կրթական խնդիրներին, դպրոցներում մասնագիտական որակին, հանրային գրագիտությանը և ուսուցիչների ատեստավորմանը։

Գործադիրի այսօրվա նիստից մի քանի օր առաջ հրապարակվել էր PISA-ի՝ Սովորողների միջազգային գնահատման ծրագրի հետազոտությունը, ըստ որի հայաստանցի 5-ամյա աշակերտները մաթեմատիկայի, բնագիտության և ընթերցանության ոլորտներում լուրջ խնդիրներ ունեն։

«Խոսում ենք ուսուցիչների ատեստավորման ծրագրի մասին, ասում ենք, որ պետք է երաշխիք ունենանք, որ դասասենյակ մտնող ուսուցիչը պրոֆեսիոնալ, պատշաճ մակարդակ ունի, որովհետև մենք չենք կարող մեր երեխաների ապագան վստահել առանց լրացուցիչ ստուգումների: Ես ուսուցիչներին չեմ մեղադրում, որովհետև 30 տարվա մեջ ոչ մեկը մեր ուսուցիչներին չի ասել՝ պետք է ձեր հմտությունների վրա աշխատեք: Խմել են կենացներ, ինչի՞ համար, որովհետև այդ ուսուցիչները պետք են եղել ոչ թե կրթություն կազմակերպելու, այլ ընտրակեղծիքներ կազմակերպելու համար: Որ ասում էինք՝ կրթվելը նորաձև է, ասում էին՝ էս ազգին անկիրթի տեղ են դրե՞լ», - հայտարարեց Փաշինյանը:

Անդրադառնալով քննադատներին՝ Փաշինյանը հայտարարեց. «Դուք եք ակադեմիկոսներ, դրա համար միլիարդատեր եք: Մի երկրում, որ Լիսկան [Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը] լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, դասագրքի հեղինակ լինի պարոն Ծառուկյանը, բա ի՞նչ եք ուզում, ձեզ թվում է՝ դա անհետևանք է անցնելո՞ւ»:

«Մենք այդ գրագիտության պակասն ամեն օր տեսնում ենք՝ բրիֆինգներում, ամեն տեղ: Մենք գլոբալ գրագիտության խնդիր ունենք, մենք գլոբալ գրագիտության խնդիր ունենք՝ իմանալու ինչ է պետությունը, ինչ է միջազգային հարաբերությունը, ինչ է տնտեսությունը, մշակույթը, ամեն ինչը: Աշակերտներից անցնենք մի կողմ, որ թեստ անենք ընդհանուր հանրային....», - ընդգծեց նա:

Վարչապետը հայտարարեց՝ «տգետ տնօրենները պետք է հանվեն աշխատանքից»։

«Դաշնակցականներն ու հանրապետականները տասնյակ տարիներով դպրոցները սարքել էին ընտրակեղծարարության պլատֆորմ, կոռուպցիայի դասավանդման թիվ մեկ աղբյուրն է եղել երկար տարիներ Հայաստանի Հանրապետությունը։ Մինչև էսօր ուսուցիչներ ու տնօրեններ կան, որ այնպիսի գաղափարներ են դասավանդում... տգիտություն են դասավանդում դպրոցներում», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը հայտնեց, որ ընտրություններից հետո կրթության նախարարի առաջ խնդիր է դրել՝ «այդ ամբողջ մասային դուրս հանել դպրոցներից»:

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) վերջին հետազոտությունն էր փաստել, որ հայաստանցի 15 տարեկանները գրագիտության լուրջ խնդիր ունեն մաթեմատիկայից, բնագիտությունից ու ընթերցանությունից:

Ըստ այդմ, հայաստանցի աշակերտների մոտ 1%-ն է լավագույն արդյունք ցույց տվել մաթեմատիկայից, գրեթե ոչ մի սովորող չի ունեցել լավագույն արդյունք բնագիտական ոլորտում, և գրեթե ոչ մի աշակերտ չի ստացել ընթերցանության մեջ 5 կամ ավելի բարձր աստիճան: Այս ցուցանիշներով Հայաստանը վերջին հորիզոնականում է տարածաշրջանում՝ զիջելով Վրաստանին, Ադրբեջանին ու Թուրքիային։

Կրթության նախարար Ժամմա Անդրեասյանը հայտնեց, որ հետազոտությանը մասնակցած աշակերտների մեծ մասը հիմնականում 10-րդ դասարանցիներ են եղել, որոնք ընդամենը վեց ամիս են հասցրել սովորել կրթության նոր չափորոշիչներով։ Ավելի վաղ Անդրեասյանը մտահոգիչ էր համարել արդյունքները, բայց միաժամանակ ասել է՝ դրանք որոշ չափով սպասելի էին։

Կրթության նախարարը, արձագանքելով վարչապետին, հայտարարեց. «Բոլոր ուղղություններով տարվող աշխատանքերը, վստահ եմ, որ թույլ են տալու հաջորդ շրջափուլին, որը 2029 թվականն է, ուրիշ արդյունքներ տեսնենք դպրոցներում»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանում Ինչո՞ւ են հայաստանցի աշակերտները տարածաշրջանում ամենացածր արդյունքները գրանցել