Վաշինգտոնում «Խաղաղության խորհրդի» առաջին նիստն է՝ Դոնալդ Թրամփի նախագահությամբ: Միացյալ Նահանգներ են մեկնել նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, որոնց Ամերիկայի նախագահը հատուկ անդրադարձավ.
«Այս առաջնորդները շատ առատաձեռն են եղել գումարի հարցում: Միացյալ Նահանգները ևս: Բայց գիտե՞ք ինչ կա, աշխարհում խաղաղությունից ավելի կարևոր բան չկա»,- իր ելույթում ընդգծեց նախագահ Թրամփը՝ շարունակելով.
«Այս երկուսը հեչ էլ բարի պտուղ չէին: Կարծում եք, հե՞շտ էր: Չէ, հեշտ չէր: Նրանք երկուսն էլ դժվար մարդիկ էին, լավ մարդիկ են, բայց դժվար: Երբ Օվալաձև գրասենյակում էին, ամեն մեկը սենյակի հակառակ ծայրում էր: Ես ասացի՝ տղաներ, մի քիչ մոտ եկեք, այքան էլ լավ չէին զգում իրենց, դե գիտեք՝ իրար սպանել են մի 30 տարի: Մեկ ժամ հետո արդեն կողք կողքի էին կանգնած, գրկեցին իրար, փաստաթուղթ ստորագրեցին: Եվ հիմա խաղաղություն ունենք այս երկու կարևոր երկրների միջև: Ես երբեք չեմ մոռանա դա: Կարող եք հպարատանալ ինքներդ ձեզանով: Դա Հրաշալի տեսարան էր: 32 տարի»,- ասաց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Վարչապետ Փաշինյանը սոցցանցերում հրապարակել է տեսանյութ, որտեղ խորհրդի նիստից առաջ «շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ»։ Կադրերում նաև զրուցում են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը, մանրամասներ առայժմ չեն հրապարակվել։
Հավաքին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը և Չինաստանը ներկայացուցիչների չեն գործուղել: Ի սկզբանե, հայտարարվել էր, որ այս նախաձեռնությունը Գազայի վերականգնումն է վերահսկելու, այժմ, սակայն Թրամփն ավելի մեծ՝ գլոբալ հակամարտությունները լուծելու խնդիրներ է դրել խորհրդի առջև: