Փաշինյանը չի հրաժարվում Գյումրիում արտահերթ ընտրությունների մտադրությունից

Վարչապետ Փաշինյանը Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրությունից չի հրաժարվում: Ընտրություններից 2 օր անց այդ մասին խոսեց իր կաբինետի անդամների հետ քննարկմանը, բայց կրկին չասաց, թե ինչ տարբերակ են դիտարկում, երբ անցած տարի ընտրված ավագանին բնականոն գործում է:

«Եթե անհրաժեշտ է, իհարկե, ես ասել եմ, որ կարծում եմ, որ Գյումրիում պետք է մենք հարավորինս արագ ունենանք արտահերթ ընտրություններ»,- հայտարարել է վարչապետը։

«Հնարավորինս արագը» ինչ ժամկետ է ենթադրում, Փաշինյանը չի հստակեցնում: Նրա կուսակիցներից պատգամավոր Ալխաս Ղազարյանն էլ այսօր փակագծեր չբացեց, բայց արտահերթի անհրաժեշտությունն, ըստ էության, մե՛կ Գյումրիի քաղաքապետին վերագրվող նոր մեղադրանքով ու գաղտնալսմամբ էր բացատրում, մե՛կ քաղաքի կառավարումը ձախողելու։ Լրագրողի դիտարկմանը, թե ձայնագրությունները իրավական գործընթացներ են, ներքաղաքական ի՞նչ գործընթաց է տեղի ունենում, պատգամավորն արձագանքեց. «Դե իրավական պրոցեսները գնում են, բայց քաղաքն ահավոր վիճակում էր: Մենք եղանք էնտեղ և տեսանք՝ այս տարիների ընթացքում ինչքան քիչ աշխատանք է կատարվել: Քաղաքն արագ վերականգնման կարիք ունի, հետևաբար նոր կառավարում պետք է լինի»։

Ի՞նչ ճանապարհ կա լուծարելու Գյումրիի գործող ավագանին

Այս պահին հարցերի հարցն է, թե օրինական ինչ ճանապարհ կա լուծարելու Գյումրիի գործող ավագանին, քանի որ մինչ այս պահը բոլոր նստաշրջաններում նիստերը գումարվել են: Իսկ ավագանին օրենքով լուծարվում է, եթե մեկ նստաշրջանում 3 նիստ չի գումարում: Ամիսներ շարունակ Գյումրիի ավագանու ընդդիմադիր թևի ձայները բավարարում են քվորում ապահովելու ու նիստեր գումարելու համար, թեև, օրինակ, Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մանդատից չի հրաժարվել ու այն մեկ ուրիշին չի փոխանցել, բայց 18 մանդատը բավարար է:

Գյումրիի ավագանու հաջորդ նիստը նշանակված է հունիսի 25-ին: Այս պահին «Մեր քաղաքը» խմբակցության ավագանու անդամներից մեկը տնային կալանքում է՝ բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքով: Խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանն ավելի վաղ «Ազատությանն» ասել էր, թե դա լուծելի հարց է. «Սա ևս հոգ չէ մեր համար, որովհետև այս հարցում էլ դարձանք պրոֆեսիոնալ՝ շատ արագ ավագանի փոխելու, մանդատը պահելու»։

Մեկ անգամ այս խմբակցության ավագանու անդամի բացակայությունը քվորումի բացակայության պատճառ դարձավ և Նարեկ Միրզոյանը մանդատից հրաժարվեց: Ու հենց նրան փոխարինած Արտակ Հովսեփյանն է այժմ տնային կալանքի տակ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գյումրիում հնարավորինս արագ պետք է ունենանք արտահերթ ընտրություններ. Փաշինյան

Արդյոք իշխանությունները կկարողանան հասնել նրան, որ ավագանու նիստերը տապալվեն: Գյումրիի ավագանու գործող կազմից ևս 2 հոգի, այդ թվում՝ քաղաքապետին փոխարինող փեսան՝ փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը մեղադրյալ է, նրա խափանաման միջոցն այս պահին բացակայության արգելքն է: Եթե այդ երկուսի խափանման միջոցը փոխվի, ապա ընդդիմադիր թևում ճգնաժամ կարող է առաջանալ՝ մինչև մանդատները հաջորդ համարին փոխանցեն: Ավետիս Առաքելյանը, ի դեպ, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակի 8-րդ համարն է: Ինչպե՞ս են Ղուկասյանի թիմում մեկնաբանում արտահերթ անցկացնելու իշխանության մտադրությունը, և արդյոք Առաքելյանը մտադիր է վերցնել պատգամավորի մանդատը: Նրա հետ ողջ օրը կապ հաստատել չհաջողվեց: Կիրակի՝ քվեարկության օրն էլ, այդ հարցին հստակ պատասխան չէր տվել:

Մյուս ճանապարհը, ըստ Գյումրիի ավագանու նախկին անդամ Լևոն Բարսեղյանի, իշխանությունների կողմից ներդրված վերջին սցենարներից մեկը կարող է լինել, ինչպես եղավ օրինակ Էջմիածնում՝ Գյումրին դարձնել խոշորացված համայնք:

«Սա՝ որպես տեսական սցենար՝ 1, 2, 3 գյուղ կցել, ասել՝ Գյումրին խոշորացվել է, պետք է նոր ընտրություն լինի։ Այստեղ պարզ կերևա, իհարկե, որ դա արվել է հենց էս հնարքի կիրառման համար, որ լուծարվում է գործող ավագանին, նոր ընտրություն է լինում, արդեն գյուղերից, բաներից պիտի թեկնածուներ լինեն, օրենքն է դա պահանջում»,- նշում է Լևոն Բարսեղյանը։

Օրինական այլ սցենար, բացի նիստ չգումարելուց ու խոշորացումից, Բարսեղյանը չի տեսնում: Մնացած հնարավոր տարբերակաները, ըստ նրա, տեխնիկական ու գոտկատեղից ցածր մեթոդներ են, որոնք մի քանի համայնքներում իշխանությունները հաջողությամբ իրականացրել են, օրինակ Ալավերդիում, Ախուրյանում:

Բարսեղյանի խոսքով.- «Մի քիչ անհավանական եմ ես համարում, բայց չբացառենք՝ 3 հոգի անցնում է ՔՊ-ի կողմը, չի դառնում ՔՊ խմբակցության անդամ, բայց ասում է՝ էսպես լինել չի կարող, քաղաքապետը բանտում է, մենք հավատում ենք, հարգում ենք, սիրում ենք իրան, բայց դե քաղաքը տուժում է, հանուն քաղաքի....»։

Որ ճանապարհով կգնա իշխանությունը Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում, այս պահին հստակ չէ, բայց պնդում են, թե այն օրինական է լինելու: Իսկ մինչ այդ արդեն 8 ամիս կոռուպցիոն մեղադրանքով ճաղերի հետևում գտնվող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մեղադրանքների թիվն է ավելանում:

Օրերս Քննչական կոմիտեն նրան մեղադրանք առաջադրեց այլ անձանց հետ իշխանության յուրացում նախապատրաստելու համար: Դրա հիմքում մի գաղտնալսում էին դրել, որում ենթադրաբար, Ղուկասյանը ասում էր, թե առանց ռուսների համաձայնության ոչինչ չի անի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգվել է, Սպարտակ Ղուկասյանը կալանավորվել էԻրատեսակա՞ն է Գյումրիում արտահերթ ընտրությունների անցկացումըՊետք է Գյումրիում անցկացվեն ավագանու արտահերթ ընտրություններ. Փաշինյան