Անկլավների հարցով Ադրբեջանի հետ այժմ որևէ քննարկում չկա, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ լրագրողները դարձյալ հարցրին Տիգրանաշենի մասին:
«Ադրբեջանի հետ մենք էս թեմայով քննարկում չունենք էս պահին», - ասաց վարչապետը:
Անկլավների թեման դարձյալ ակտիվացավ, երբ Փաշինյանը վերջին շաբաթներին սկսեց Տիգրանաշենն իր խոսքում հիշատակել ադրբեջանական «Քյարքի» անունով: Այսօր ասում էր՝ ադրբեջանական անունն է նշել, բայց չի խոսել վերադարձի մասին. - «Ես վերադարձի մասին չեմ խոսել, ես ընդամենը ասել եմ Քյարքի, ես ասել եմ Քյարքի՝ արձանագրելով, որ կա էդպիսի տարածք»:
Չընդունել, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը չի ներառում ադրբեջանական անկլավները, ըստ Փաշինյանի, նշանակում է անուղղակի պատերազմ հայտարարել, իսկ ադրբեջանական «Քյարքի» անունը տալով՝ ինքն, ասում է, փորձել է չեզոքացնել խաղաղությանը սպառնացող և սադրանքների տեղ թողնող վերջին սպառնալիքը, այլաբանորեն՝ ցավոտ թեմայի ներվը հանել է:
«Ինչի՞ եմ էս ամեն ինչը անում, մազոխիստ ե՞մ: Ոչ, ես դա անում եմ հենց ձեր ասած վտանգը ոչ թե կառավարելու, այլ չեզոքացնելու համար: Ես Ազգային ժողովում էլ դա ասացի: Ինչի՞ եմ ես դա անում՝ որովհետև ես նայում եմ, որ կան ուժեր՝ ներքին և արտաքին, որ մտածում են՝ ո՞նց փլուզեն էս հաստատված խաղաղությունը, և ես տեսնում եմ, որ կան մի քանի կետեր, որի ներվը փորձ է արվում և արվելու օգտագործել՝ փլուզելու համար խաղաղությունը, էսկալացիա մտցնելու համար: Ես կոպիտ, կներեք էդ բժշկական զուգահեռի համար, ես էդ թեմայի ներվը հանում եմ, որպեսզի հնարավոր չլինի դրա շուրջ էսկալացիա կառուցել», - հայտարարեց վարչապետը:
«Դուք ասեցիք՝ «ներվն եմ հանում», բայց, պարոն Փաշինյան, Ալիևը մեր սաղ ատամները քաշում է, դուք հլը ներվ ե՞ք հանում, ասենք՝ քյավթառ ո՞նց պիտի նստենք իրա դեմը բանակցենք», - այս հարցին Փաշինյանն արձագանքեց. - «Էդ ինչ որ հանվել է, էդ իրականում պրոթեզ է եղել: Ինչ-որ կազմակերպություններ և գործընկերություններ, որ մեր իբր անվտանգությունը երաշխավորում էին և մեզ տարածաշրջանում իբր ուժեղի դիրքերում էին դնում, դա ատամ չէր, դա պրոթեզ էր, և էդ պրոթեզը ես եմ հանել, բայց էդ պրոթեզի տակ կամ փչացած ատամներ, որոնց ներվերը հանած չի և որոնք ցավում են, և էդ ատամների բուժմամբ եմ ես այդ թվում ... Էսօր «Ատամնաբույժն արևելյան» արինք լրիվ»:
Այս անգամ էլ Փաշինյանն իրար կապեց անկլավների ու Ջերմուկի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների հարցը, շեշտելով՝ «եթե մենք անկլավները համարենք Հայաստանի տարածք, նույնկերպ Ադրբեջանը կարող է իրենը համարել Հայաստանից գրավվածը»:
«Եթե մենք էսօր չասենք Քյարքի, նշանակում է՝ մենք Ջերմուկի էդ օկուպացված տարածքներից հրաժարվում ենք: Որովհետև առաջ է գալիս սկզբունք՝ ով ինչ գրավել է, դե իրենն է, դե գրավել ենք՝ գրավել ենք, նախ, և երկրորդ՝ դա կոնֆլիկտային սկզբունք է», - պնդեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ այս խնդիրները ռազմական լուծում չունեն, որ սահմանազատման շրջանակներում պիտի քննարկեն ամեն ինչ: Իսկ դիտարկմանը, թե Տիգրանաշենը և մյուս անկլավները Հայաստանի համար ռազմավարական նշանակության հատվածներ են, Հայաստանի վարչապետը հակադարձեց, որ նույնպիսի խնդիրներ ունի նաև Բաքուն՝ առանց, սակայն, հստակեցնելու, թե ինչ համանման խնդիրներ կան Ադրբեջանում:
«Անկլավների և սահմանազատման թեմաների հետ կապված մենք ունենք իրադրություններ, որ կարող ենք ճանապարհներից զրկվել, բոլորդ գիտեք: Բայց հարգելի լրագրողներ, Ադրբեջանն էլ ունի տենց իրավիճակներ: Մենք անընդհատ մեր դիրքից ենք նայում, մեզ թվում է, թե էդ նույն խնդիրներից իրանք չունե՞ն: Իրանք էլ ունեն նման խնդիր», - ասաց Փաշինյանը:
Քաղաքագետը չի կարծում, թե սա հայ - ադրբեջանական օրակարգում ամենահրատապ խնդիրն է
Քաղաքագետ, Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը չի կարծում, թե անկլավների թեման հայ - ադրբեջանական քննարկումներում այս պահին առանցքային տեղ ունի:
«Բացի անկլավների հարցից գոյություն ունեն բազմաթիվ այլ խնդիրներ հայ - ադրբեջանական օրակարգում, և ես չեմ կարծում իրականում, որ սա ամենահրատապ խնդիրն է, և նաև վստահ եմ, որ այս պահին նույնիսկ քննարկվող հարց չէ: Ես ինչպես հասկանում եմ՝ ընդհանուր փոխըմբռնում գոյություն ունի, որ անկլավների հարցը պետք է թողնել դելիմիտացիայի վերջին փուլի համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը:
Այդ դեպքում՝ ինչո՞ւ է հիմա թեման դարձյալ այսքան ակտիվ:
Քաղաքագետը կարծում է՝ «ընդհանուր առմամբ նախապատրաստական ինչ-որ աշխատանքներ են տարվում Կառավարության կողմից, որեսզի այդ սցենարի կյանքի կոչման դեպքում շատ լուրջ հանրային ընդվզում չլինի»:
«Ես կարծում եմ, իհարկե, որ Հայաստանի կառավարությունը ավելի կողմ կլինի առկա ստատուս քվոյի պահպանմանը, այսինքն՝ այն անկլավները, որոնք գտնվում են Հայաստանի վերահսկողության տակ, մնային Հայաստանին, և Արծվաշենը մնար Ադրբեջանի վերահսկողության տակ, բայց կարծես թե Ադրբեջանը հակված չէ այդ լուծմանը գնալու», - նաև նշեց Գրիգորյանը:
1990-ականներից ու 2021, 22 թվականների ներխուժումներից հետո, ըստ Հայաստանի իշխանությունների, ադրբեջանական օկուպացիայի տակ է մոտ 220 քառակուսի կիլոմետր տարածք: Վարչապետի կողմից անկլավների հարցն ու Ադրբեջանի կողմից Հայաստանի օկուպացված տարածքները մի հարթության մեջ դիտարկելը Տիգրան Գրիգորյանն անթույլատրելի է համարում: Սա, ըստ նրա, մի միտք է, որ Ադրբեջանն է ի սկզբանե առաջ քաշել:
«Այս տարածքների հարցը նույն հարթության մեջ դնելով՝ Կառավարությունը և տարբեր պաշտոնյաներ որդեգրել են ադրբեջանական խոսույթները: Մենք հիշում ենք, որ մի քանի տարի առաջ, երբ Հայաստանը ակտիվորեն պնդում էր այդ օկուպացված տարածքներից վերադարձի պահանջի վրա, հենց ադրբեջանական կողմը առաջ քաշեց որպես կոնտրարգումենտ անկլավների առկայության հարցը, և 2024 թվականի դելիմիտացիայի գործընթացը, մեծ հաշվով, ևս այդ տրամաբանությամբ տեղի ունեցավ, երբ հայկական կողմը ակտիվորեն պնդում էր Ջերմուկի և այլ հատվածներից ադրբեջանական զորքերի հետբերման վրա, նրանք որպես հակափաստարկ սկսեցին բերել հենց Կիրանցի հատվածում դելիմիտացիա իրականացնելու պահանջը: Այսինքն՝ մեծ հաշվով շրջեցին հայկական փաստարկը և ստացան այն ամենը, ինչ կարողացան ստանալ», - ընդգծեց քաղաքագետը:
Արդյո՞ք Տիգրանաշենը Քյարքի անվանելով հնարավոր ռազմական ու պատերազմական վտանգները չեզոքացվում են: Տիգրան Գրիգորյանը վստահ է, որ ոչ. - «Պատերազմի պատրվակներ կամ պատճառներ Ադրբեջանը, այսինքն՝ այդպիսի պատրվակներ փնտրելու կարիք չունի: Եթե նման կամք լինի կամ քաղաքականության փոփոխություն տեղի ունենա Հայաստանի նկատմամբ, այդպիսի պատրվակներ վստահաբար կգտնվեն»: