Փարիզի դատախազությունը ցանկանում է հարցաքննել Իլոն Մասկին

Իլոն Մասկ, արխիվ

Փարիզի դատախազությունը հարցաքննության է հրավիրել աշխարհի ամենահարուստ գործարար Իլոն Մասկին։ Սրան զուգահեռ՝ ֆրանսիական ոստիկանությունն այսօր խուզարկել է Х-ի փարիզյան գրասենյակը։ Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը՝ նշելով, որ Մասկի՝ ապրիլի 20-ին նախատեսված հարցաքննությունը կապված է գործարարի սեփականություն հանդիսացող Х (նախկին Twitter) սոցիալական ցանցի գործունեությանն առնչվող հետաքննության հետ։

Ֆրանսիայի դատախազությունը 2025 թվականի հունվարին քրեական գործ էր հարուցել՝ պնդելով, որ Х-ի ալգորիթմն օգտագործվել է երկրի ներքաղաքական կյանքին միջամտության համար։