Paramount-ը բարձրացրել է առաջարկը՝ Warner Bros. Discovery-ն գնելու համար

Paramount-ը ներկայացրել է ավելի բարձր առաջարկ Warner Bros Discovery-ն գնելու համար՝ փորձելով խափանել վերջինիս հնարավոր գործարքը Netflix-ի հետ։

«Ռոյթերզ»-ը, հղում անելով իրեն մոտ կանգնած աղբյուրներին, գրում է, որ Paramount-ի նոր առաջարկը, որը գերազանցում է իր նախնական՝ 104.8 միլիարդ դոլարի չափով առաջարկը, նպատակ ունի փարատել Warner Bros-ի մտահոգությունները ֆինանսավորման հուսալիության վերաբերյալ։

Warner Bros-ին են պատկանում այնպիսի ֆրանշիզներ, ինչպիսիք են «Հարրի Փոթերը» և «Գահերի խաղը», ինչպես նաև HBO Max սթրիմինգային ծառայությունը։

Variety-ի հրապարակման համաձայն՝ հայտնի կինոստուդիան, ամենայն հավանականությամբ, կուսումնասիրի Paramount-ի առաջարկը՝ միաժամանակ բաժնետերերին շարունակելով առաջարկել աջակցել Netflix-ի հետ կնքվելիք համաձայնագրին։

Netflix-ը ունի զգալի կանխիկ միջոցներ և կարող է բարձրացնել իր առաջարկը, մինչդեռ Paramount-ի մրցակցային հայտին աջակցում է Oracle-ի միլիարդատեր հիմնադիր Լերի Էլիսոնը։