Փամբակ գետում 13-ամյա Նարինեի որոնումները դեռ արդյունք չեն տալիս

Այսօր էլ տասնյակ փրկարարներ, ջրասուզակներ ու կամավորներ Փամբակ գետը տակնուվրա արեցին: Բոլոր հատվածներում, ուր կարող էր վարարած գետը տանել 13-ամյա աղջնակին, փնտրեցին, բայց դեռ անարդյունք:

«Անընդհատ նույն տեղերը նայում ենք, ինչքան դժվարանցանելի տեղեր կա, բոլորը ստուգում ենք, նույն տեղերով անընդհատ անցնում ենք: Մինչև 15 կիլոմետր արդեն իջել ենք այստեղից», - «Ազատությանը» ասաց Փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ղեկավար Հայկ Նաղդալյանը:

Մի պահ փրկարարներից մեկին ջրի տակ կոշիկի նմանվող իր թվաց: Նավակը մոտեցրին, ստուգեցին ու առաջ անցան՝ շփոթմունք էր:

Օրվա վերջում արդեն Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանն ասաց՝ արդեն վստահ են՝ գետի հատվածներում, որտեղով անցել են հինգ օր շարունակ, 13-ամյա Նարինեն չկա:

«Նավակով փորձեցինք, մետր-մետր, սանտիմետր, որ հավանական մեր մտածածը, որ հասկանանք, որ էդտեղ մենք էլ կորած չունենք», - ասաց Գաբրիելյանը՝ շարունակելով. - «Էս պահին շարունակվում է, նենց չի, որ մենակ էս հատվածում է, մինչև Տավուշի մարզ որոնողական աշխատանքները շարունակվում են»:

«Գետի ելքերի խնդիրն է, որ շատ արագ է հոսում, ու կան ծառերի խոռոչներ, որ շատ դժվար է գնում», - հավելեց մարզային փրկարարական վարչության պետը:

Ջրասուզակ Վահե Մելքոնյանը, որ երկու օր առաջ գետի խոռոչներում գտել էր Նարինեի փոքր քրոջը՝ Նարեին, այսօր էլ մասնակցում էր աշխատանքներին: Ջրից դուրս էր գալիս, չորացնում արտահագուստն ու դարձյալ գետը մտնում՝ որոնելու վանաձորցի աղջնակին, որ կամուրջ դարձած խողովակի վրայով հինգ օր առաջ քրոջ հետ անցել ու գետում անհետացել է:

«Դեպքի վայրից մոտավորապես 20 կիլոմետր ներքև, էնտեղ մի քանի կետեր կար, որ երեկվանից նշել էինք, որ կասկածելի են, հնարավոր է՝ տուժածին էդ տեղերում հանդիպեինք», - ասաց ջրասուզակը:

Վաղը կշարունակեն երեխայի որոնումները: Նրան փնտրում են նաև Դեբեդ գետում, ուր թափվում է Փամբակը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փամբակ գետից մահաբեր խողովակն ապամոնտաժվեցՓամբակ գետում գտան 7-ամյա Նարեի մարմինը, 13-ամյա Նարինեին դեռ որոնում են