Այսօր, ի վերջո, Փամբակ գետից հեռացվեց մոտ 15 մետրանոց խողովակը, որ տասնամյակներ շարունակ Լոռիում բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ էր դարձել:
Օրեր առաջ տեղի ունեցած հերթական ողբերգությունից հետո, երբ երկու քույրեր խողովակի վրայով անցնելիս գետն ընկան, Վանաձորի քաղաքապետարանից երեկ հայտնեցին, որ որոշել են խողովակը դուրս բերել գետից: Այստեղ այսօր առավոտից աշխատանքներ են իրականացվում, հատուկ տեխնիկայի օգնությամբ կարողացան քանդել խողովակն ամրացնող բետոնը, տեղաշարժել այն ու հանել գետից:
Տարածքի բնակիչները, որ հետևում էին բազմաթիվ մեծ ու փոքր մարդկանց կյանքեր խլած երկաթե խողովակի ապամոնտաժմանը, նշում էին՝ փրկություն է իրենց համար: Դեռ որքան մարդ կարող էր այստեղ խեղդվել.
«Էս խողովակի անունը դրել եմ մահաբեր խողովակ։ Սա մեր թաղամասի համար մահվան վկայական է, ինչքան մարդու գլուխ կերավ էս խողովակը»,- ասում է բնակիչներից մեկը։
Վանաձորի Երրորդ մաս կոչվող թաղամասի բնակիչ Մնացական Կլեկչյանը նախորդ տարիներին այս խողովակը հեռացնելու միայն մեկ նախաձեռնություն է հիշում՝ դեռ 30 տարի առաջ, որ այդպես էլ արդյունք չի տվել:
«Ես երեխա եմ եղել, 90-ականների կեսերին հիշում եմ մեր առաջվա լուսահոգի թաղապետը՝ Վարշամ Մկրտչյանն, ուզում էր, կազմակերպեցին, ստորագրահավաք արեցինք, բայց դիմեցինք, հետո ասել էին՝ հարմար տեխնիկա չունենք, այն ժամանակ տեղյակ էին գործի ծանրությունից, դրա համար ասել էին՝ տեխնիկա չունենք»,- պատմում է բնակիչ Մնացական Կլեկչյանը։
Թե ինչու տեղի իշխանությունները մինչև այսօր, անգամ նախորդ ողբերգական դեպքերից հետո այս կամուրջ դարձած խողովակը չէին հեռացրել, երեկ քաղաքապետարանից ուղիղ պատասխան չէին տվել: Այսօր այս հարցը լրագրողներն ուղղել էին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչո՞ւ ավելի շուտ չի ապամոնտաժվել: Վարչապետն ասել է՝ գուցե ողբերգական դեպքից առաջ հեռացնեին՝ բնակիչներն ընդդիմանային, նշեց, թե հարցն ուսումնասիրության կարիք ունի.
«Այսպիսի բաներ կան, որ պետք է ավելի խորը վերլուծության արժանանա և հասկանանք՝ ի՞նչ պետք է անեինք, որ չենք արել։ Բայց էլի եմ ասում, որ եթե էս դեպքը չլիներ, գնային էդ կտրելու, ժողովուրդը դիմադրելու էր, չէ՞, ասելու էին՝ էդտեղով անցնում-դառնում ենք, ինչի՞ եք մոնտաժում։ Եվ, ցավոք, հաճախ է պատահում, որ մի ողբերգությունը լինում է, նոր հետ ենք նայում, ասում ենք՝ բա ինչի՞ էս կամ էն որոշումը չի կայացվել, ինչի՞ տեղում էդ բանը տենց չի եղել»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Փամբակ գետում գտան 7-ամյա Նարեի մարմինը, 13-ամյա Նարինեին դեռ որոնում ենԱյսօր՝ քույրերի գետն ընկնելուց երեք օր անց, հայտնաբերված է միայն 7 տարեկան Նարեի մարմինը: 13-ամյա Նարինեի որոնումներն այսօր էլ արդյունք չտվեցին: Ջրասուզակ Հովակիմ Բաբայանը գետի մեջ ժամեր անցկացնելուց հետո դուրս եկավ ջրից, ասաց՝ «Չենք գտել դեռ, աշխատանքները շարունակվում են։ Հոսքը ուժեղ է, արագ է, բայց ջրի բարձրությունը մի քիչ իջել է։ Մի քանի խմբերով աշխատում ենք»։
Երեխայի որոնողական աշխատանքներին բազմաթիվ փրկարարներ, ոստիկաններ, ջրասուզակներ ու կամավորներ են ներգրավված: Վաղը նույնպես կշարունակվեն աշխատանքները: