Աֆղանստանի երեք շրջանների վրա Պակիստանի հարվածներից հետո 13 մարդ է զոհվել, այդ թվում՝ 11 երեխա, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Աֆղանստանում իշխող «Թալիբան» խմբավորման խոսնակը։
Զաբիուլա Մուջահիդի խոսքով՝ խաղաղ բնակիչների տների ռմբակոծման պատճառով վիրավորվել է14 կին։
Պակիստանից մեկնաբանություն դեռ չկա, սակայն անվտանգային պաշտոնյաները Reuters-ին հայտնել են, որ Իսլամաբադը օդային հարվածներ է հասցրել այն վայրերին, որոնք, ըստ նրանց, «պակիստանցի զինյալների թաքստոցներ են և այլ օբյեկտներ, որոնք օգտագործվում են Պակիստանի դեմ»։
Իսլամաբադը Քաբուլին շարունակաբար մեղադրել է Պակիստանում հարձակումներ ծրագրող զինյալներին ապաստան տալու մեջ։ «Թալիբան»-ը հերքել է մեղադրանքները՝ իր հերթին հայտարարելով, որ Պակիստանում զինյալների գործունեությունն այդ երկրի ներքին խնդիրն է։
Նախկին դաշնակիցները փետրվարին արյունալի մարտեր էին վարել։ Մարտին փխրուն հրադադար հաստատվեց, իսկ հակամարտության կարգավորման համար միջնորդական ջանքեր է գործադրում Չինաստանը։