Պակիստանի հարավ-արևմտյան Բելուջիստան նահանգում հոկտեմբերի 11-ի վաղ առավոտյան անհայտ զինված անձինք կրակել և սպանել են ածխահանքի 20 հանքափորների, հայտնում է ոստիկանությունը:
Հարձակումը տեղի է ունեցել Բելուջիստանի Դուկի շրջանի ածխահանքում, «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան»-ին հայտնել են տեղի պաշտոնյաները:
Ըստ ոստիկանության՝ հարձակվողները կիրառել են նաև նռնականետեր։ Դուկիի հիվանդանոցից հաղորդել են 20 զոհի և 8 վիրավորի մասին։
Հարձակման պատասխանատվությունը դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել։
Հանքանյութերով հարուստ Բելուջիստանը տարեսկզբից մի շարք հարձակումների է ենթարկվել։ Բելուջի անջատողական խմբավորումները, ինչպիսիք են Բելուջիստանի ազատագրման բանակը (BLA), որը Միացյալ Նահանգների կողմից ճանաչվել է համաշխարհային ահաբեկչական կազմակերպություն, պայքարում են Պակիստանի կառավարության դեմ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պակիստանում հզոր պայթյունի հետևանքով 2 չինացի բանվոր է զոհվել