Փախուստ ռուսական զորամասից. ինչու է ռուսների հոսքը Հայաստան կրկին ակտիվացել

Շաբաթներ առաջ Ռուսաստանից Հայաստան հասած 34-ամյա Սերգեյ Ռասոխինի պատմությունը թրիլլեր է հիշեցնում: Մինչ «Զվարթնոցում» ինքնաթիռի անիվները կդիպչեին գետնին, նա արդեն հասցրել էր մեկ անգամ փախչել ռուսական զորամասից, գրեթե երկու տարի թաքնվել ռազմական ոստիկանությունից, ձերբակալվել և, ի վերջո, Մինսկով հասնել Երևան։

Մոսկվայաբնակ Սերգեյի կյանքը հիմնովին փոխվել է 2 տարի առաջ, երբ ֆինանսական խնդիրները լուծելու համար որոշել է պայմանագիր կնքել զինված ուժերի հետ ու որպես ավտոմեխանիկ ծառայության անցնել: Կարճ ժամանակ անց Սերգեյը հասկացել էր՝ ավտոմեքենայի փոխարեն ավտոմատ են տալու ձեռքն ու ուղարկեն առաջնագիծ

«Ենթասպան ծիծաղեց ինձ վրա, ասաց՝ քեզ խաբել են, 95 տոկոսով առաջնագիծ են տանելու, այլ բանի հույս մի ունեցիր: Միանգամից ասացի՝ կարող եմ դիմել ու խզել պայմանագիրը, որովհետև պատերազմին մասնակցել ես չեմ ուզում, այդ գնով գումարն ինձ պետք չէ, ուզում եմ վերադառնալ։ Ենթասպան ասաց՝ նույնիսկ հրամանատարություն քեզ չեն տանի»,- «Ազատությանը» պատմեց Սերգեյ Ռասոխինը:

Վորոնեժի զորամասում ծառայող Սերգեյն այդ ժամանակ է հասկացել՝ միակ ելքը փախուստն է։ Ու երբ զորամաս է մտել բանակին նոր համազգեստ բերող մեքենան, Սերգեյը որոշել է ռիսկի դիմել։ Առաջին վարորդը հրաժարվել է, երկրորդը համաձայնել.

«Մոտեցա այն մարդկանց, որոնք մեքենաներով համազգեստ էին բերում, ասացի, որ հարազատներս գալիս են, և ձեզ կանխիկ գումար կտան, միայն թե ինձ անցկացրեք: Առաջին դեպքում մարդիկ մերժեցին, հաջորդ խումբը համաձայնեց, այս կերպ փրկվեցի»,- պատմում է Ռասոխինը:

Փախուստին հետևել է ծպտյալ կյանքը: Ամիսներ շարունակ Սերգեյը մի բնակավայրից մյուսն է տեղափոխվել, առանց գրանցվելու՝ աշխատել ու գոյատևել։ Երկու տարի անց, սակայն, ռազմական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են, բռնություն գործադրելով ձերբակալել ու կրկին տեղափոխել զորամաս։ Սերգեյն ասում է՝ այդ ժամանակ արդեն առաջնագծում հայտնվելն անխուսափելի էր թվում. «Այնտեղ ծանր վիրավորումներով մարդիկ կային, որոնք մինչ այդ հոսպիտալում էին, նրանց նույնիսկ լիովին ապաքինվել թույլ չէին տվել»:

Ձեռքը զենք վերցնելու փոխարեն Սերգեյը նախընտրել է կանգնել դատարանի առաջ, թեև գիտեր, որ դասալիքներին մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում։ Փրկության երկրորդ հնարավորությունը ծագել է, երբ դատական վճռից առաջ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելու արգելքը։ Համախոհները Սերգեյին խորհուրդ են տվել Մինսկ հասնել ու այնտեղից ինքնաթիռով Երևան մեկնել։ Նաև հուշել են հնարքներ՝ կայարանում հերթապահող զինվորականներից «ծլկելու» համար:

«Ազատության» հետ զրույցում Սերգեյ Ռասոխինն ասաց.- «Դուրս եկա և ինչպես տեսնում եք՝ հաջողությամբ Հայաստան հասա, իրականում՝ ինչ-որ հրաշքով: Խորհուրդ էին տվել տոմս առնել կանխիկով, շարժվելուց մի ժամ առաջ, որպեսզի չհասցնեն տվյալները ստուգել։ Երբ տոմսարկղում էի, զինված ուժերի համազգեստով մի մարդ եկավ, թղթեր վերցրեց։ Ինչպես հասկացա՝ դա տոմս ունեցող ուղևորների ցանկն էր։ Իսկ ես այդ պահին դեռ չէի գնել, գուցե, ինձ նաև դա փրկեց»:

Սերգեյը չի բացառում, որ Ռուսաստանի իրավապահները դեռ նույնիսկ չգիտեն, որ ինքն արդեն Հայաստանում է։ Դեմքը թաքցնել, սակայն, անիմաստ է համարում․ ցանկանում է, որ իր պատմությունը լսելով՝ համերկրացիները իմանան՝ ելքեր կարելի է գտնել: Նման պատմություններն այսօր ավելի հաճախ են լսվում Հայաստանում։

Դարյա Կիրլիկը

29-ամյա Դարյա Կիրլիկի ու նրա գործընկերների ճանապարհը ևս բարդ է եղել: Նա ու իր թիմը 2024-ից միացել են ընդդիմությանը, աշխատել նախագահական ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած Եկատերինա Դունցովայի շտաբում, որի թեկնածությունը, սակայն, ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չգրանցեց: Անցած դեկտեմբերին, երբ այցելել են Կրեմլի քննադատ, բանտում մահացած Ալեքսեյ Նավալնու գերեզման ու հրապարակել նրա լուսանկարը, իրավապահները եկել են Դարյայի ու նրա գործընկերների հետևից։ Փախուստն այս դեպքում էլ ստացվել է ինչ-որ հրաշքով՝ մի քանի ժամվա ընթացքում. «Հասկանում էնք, որ պետք է հեռանալ: Փետրվարի 12-ին, 09։40-ին մենք արդեն ինքնաթիռում էինք, Երևան էինք գալիս և ահա, այստեղ ենք»,- «Ազատության» հետ զրույցում ասաց 29-ամյա Դարյան:

Դարյան համոզված է՝ սա միայն սկիզբն է։ Այդ մասին են վկայում նաև ռուսաստանցիների փակ խմբերում մեկը մյուսին հաջորդող գրառումները՝ մեկը Հայաստանում իրավաբանական օգնություն է փնտրում, մյուսը՝ բնակարան, երրորդը՝ աշխատանք։ «Ազատությունը» զրուցել է այդ խմբերում գրանցված բազմաթիվ ռուսաստանցիների հետ։ Մեծ մասը, անվտանգության նկատառումներից ելնելով, հրաժարվել է տեսախցիկի առաջ խոսել։ Մեկը միայն համաձայնեց անանուն՝ նամակագրությամբ պատասխանել մեր հարցերին.

«Ինձ թվում է՝ հիմա եթե անգամ 2022-ի նման չլինի, ապա դրան շատ նման արտագաղթ կլինի։ Հիմնական պատճառն, իհարկե, մոբիլիզացիայի վերաբերյալ շշուկներն ու նախադրյալներն են: Երկրորդ ամենակարևոր պատճառը որոշ շրջաններում ինտերնետի պարբերական խափանումներն են ու անօդաչու թռչող սարքերի հաճախակի հարձակումները, շատերը պարզապես չեն կարող առանց կապի աշխատել»,- «Ազատության» հետ նամակագրությունում ասել է ռուսաստանցիներից մեկը:

Վերջին ամիսներին Ռուսաստանի բազմաթիվ շրջաններում համացանցը կա՛մ խափանումներով է գործում, կա՛մ կապ ընդհանրապես չկա։ Իշխանությունները պնդում են՝ հանուն ռուսաստանցիների անվտանգության են սահմանափակում կապը՝ ուկրաինական անօդաչուներից պաշտպանվելու համար։ Իրականում, սակայն, անվտանգության զգացողությունը գնալով թուլանում է, ասում է մեր զրուցակիցը՝ վկայաբերելով բենզինի համար սկսված հերթերը ողջ երկրով մեկ: Նրա խոսքով.- «Մեկն այս ամենում կյանքի որակի վատթարացում ու հակամարտության երկարաձգում է տեսնում։ Մեկ ուրիշը՝ պարզապես հոգեբանորեն հոգնել է երկրի ներսում աճող ճնշումից և իրեն այլևս անվտանգ չի զգում»:

Հայաստանյան անշարժ գույքի գործակալները «Ազատության» հետ զրույցում հաստատում են՝ վերջին շաբաթներին շուկայում մեծ աշխուժություն կա։ Արդյունքում աճել են և՛ բնակարանների վարձակալության, և՛ վաճառքի գները, ասում է այս շուկայում ավելի քան 5 տարի աշխատող Գևորգ Սինդոյանը.

2022-ին՝ Ուկրաինայի դեմ պատերազմի առաջին մոբիլիզացիայից անմիջապես հետո, Հայաստան էր եկել ավելի քան 40 հազար ռուսաստանցի։ Թե վերջին ամիսներին Ռուսաստանից քանիսն են Հայաստան հասել՝ հստակ չէ, պաշտոնական վիճակագրությունը դեռ չի թարմացվել։

Շաբաթներ առաջ Երևան հասած Սերգեյը, սակայն, արդեն հեռավար աշխատանք ունի։ Հիմա բնակարան է փնտրում Երևանում։ Չգիտի՝ կկարողանա՞ երբևէ վերադառնալ հայրենիք։ Բայց ասում է՝ առաջին անգամ վերջին երկու տարիների ընթացքում գիշերը հանգիստ է քնում։