«Ողջույն բոլոր ամասիացիներին, մեր համերկրացիներին։ Ողջույններ Ամասիայի հենց կենտրոնից». - ովքե՞ր են Ամասիային այդքան կարոտող ադրբեջանցի տղամարդիկ, որ քաղաքի կենտրոնում մանրամասն պատմում են, թե նախկինում ինչ կար այդտեղ, ու ասում, թե իրենց սիրտն Ամասիայում է մնացել: Մի քանի օր է՝ համացանցի հայ օգտատերերն այս հարցն են տալիս ու տարակուսում, թե ինչպես ու ինչ նպատակով են այս տղամարդիկ հասել Հայաստան:
«Այստեղ Լենինի արձանն էր, հա, այն քանդել-հանել են։ Այստեղ դատարանն էր, այնտեղ՝ դպրոցը: Մտքիցս թռել է, թե այստեղ ինչ էր։ Ներքևում աղբյուրներն էին ....»:
Լենինի արձանը վաղուց չկա, իսկ պատվանդանին Արցախ է գրված:
Ամասիացիները խուսափում էին զրուցել, հարցը լսելուն պես զգացվում էր նրանց լարվածությունը: Համայնքապետը ևս հրաժարվեց որևէ մեկնաբանությունից՝ պնդելով, թե ադրբեջանցիների մասին իմացել են համացանցից: Իսկ տեսանյութերից մեկում նույնիսկ ոստիկաններ են երևում: Նրանց մոտեցող այդ նույն տղամարդն ասում է. - «Ձեր տան մեծերին հարցրեք Մեյրալի Յունուսի մասին, նրանք կիմանան, մեծերը գիտեն, դուք փոքր եք եղել»:
Ամասիա այցելածներին, ավելի ճիշտ՝ նրանց ծնողներին, կարծես թե ճանաչում էր Ավետիս Թորոսյանը: Տարեց տղամարդը միակն էր, որ այսօր համաձայնեց զրուցել «Ազատության» հետ: Ադրբեջանցիներին անձամբ չի հանդիպել, բայց իմացել է, որ եկել, շրջել ու գնացել են:
«Դե տարբեր ժամանակաշրջաններ էկել են: Տո ես ինչ պտի տեսնիմ, ես տուն, գործի .... Ըդիկ արդեն անվտանգության աշխատողների, ոստիկանության, մյուս, մյուս .... Էդ մարդիկ որ եկել են, անցել են՝ տամոժնի են անցել, չէ՞, սահման են անցել, բոլորը ներկա են էղել, տեսել են, էկել են, գնացել են», - ասաց Թորոսյանը:
Խորհրդային տարիներին համերաշխ էինք, հիշում է տարեց ամասիացին. - «Ապրել ենք, այո, ապրել ենք, աշխատել ենք: Դե համերաշխը, էն ժամանակ Սովետական Միություն էր, ո՞վ կրար մեկը մեկին բան ասեր: Ըդոնք, ինչ-որ, ըսաց՝ զբոսաշրջիկի կարգով են էկել, ունեցել են օտարերկրյա անձնագիր, եկել են, բայց իրանք ադրբեջանցի են էղել: Նախկինում իրանք ապրել են էս մեր գյուղերում, դե Ամասիան էլ հանրապետության բոլոր մյուս շրջանների, գյուղերի պես ունեցել է ադրբեջանական բնակչություն»:
Փետրվարի սկզբի օրերով թվագրված տեսանյութերը միայն Ամասիայից չեն: Ռուսական համարանիշներով մեքենայով շրջող տղամարդիկ նկարահանումներ են արել նաև Երևանի, Գյումրիի կենտրոնական հրապարակներում, Սպիտակում: Այդ տեսանյութերը տեղադրված են «Ամասի Ալիլար» ֆեյսբուքյան էջում ու Youtube-ի նույնանուն ալիքում: Ալիքի նկարագրությունում նշված է, որ հեղինակների նպատակն է «հիշողության մեջ կենդանի պահել իրենց կորցրած հողերը, ապագա սերունդներին ներկայացնել իրենց նախնիների հայրենիքը»: Ալիքում Ամասիայից նաև 2016, 2021 ու 2025 թվականներով թվագրված տեսանյութեր կան: Մեկում նույնիսկ գերեզմաններն են: Ամասիայից վերև, սարերի մեջ հիմա էլ հեռվից երևում են ադրբեջանցիների պահպանված շիրմաքարերը:
Տեսանյութերում Ռովշան Ահմեդով անունով ներկայացող տղամարդը հաճախ է խոսում Ամասիա ադրբեջանցիների վերադարձից, ասում է, որ գիտի՝ բոլորն էլ ուզում են վերադառնալ իրենց պապենական տներ: Անհանգստություն կա՞ այս առիթով Ամասիայում:
«Մտավախություն պետք է ունենա Կառավարությունը, ժողովրդին ապահովե անվտանգությամբ, որպեսզի մենք էլ մտավախ չապրինք: Եթե ամուր էղնի մեր սահմանները, Կառավարությունը ճիշտ քաղաքականություն տանի, ինչի՞ց վախենանք, մեր հողի է՞լ վախենանք», - ընդգծեց Ավետիս Թորոսյանը:
2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը ամենաբարձր՝ նախագահի մակարդակով հաճախ է խոսում Հայաստան «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձից, Երևանը դա տարածքային պահանջ է որակում: Մի քանի օր առաջ նախագահ Իլհամ Ալիևը, պատասխանելով France 24-ի լրագրողի՝ Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի մասին հարցին, ասել էր` դա մի դեպքում կքննարկեն. - «Վերադարձի իրավունքը հիմնարար իրավունք է, և Ադրբեջանը կդիտարկի այս իրավունքը, եթե նման դիմում ստանանք: Բայց միևնույն ժամանակ մենք ակնկալում ենք նույն վերաբերմունքը հարյուր հազարավոր ադրբեջանցիների նկատմամբ, ում մենք անվանում ենք արևմտյան ադրբեջանցիներ, որ նրանք էլ վերադառնան այսօրվա Հայաստան»:
«Ազատություն»-ը Ազգային անվտանգության ծառայություն հարցում է ուղարկել՝ ճշտելու, թե ԱԱԾ-ում պարզե՞լ են արդյոք Հայաստան այցելած ու մի քանի օր շրջած ադրբեջանցիների ինքնությունը, պարզե՞լ են, թե ինչպես են նրանք հատել սահմանը, որ երկրի կողմից: Արդյո՞ք ուժային կառույցը փորձել է գտնել նրանց, և արդյո՞ք Ամասիայում բնակիչներից փորձել են ինչ-որ տեղեկություն պարզել:
ԱԱԾ-ից «Ազատությանը» հայտնեցին, որ տղամարդիկ ազգությամբ ադրբեջանցի՝ Ռուսաստանի քաղաքացիներ են, որոնք Հայաստան են մտել ու երկրից դուրս եկել Բագրատաշենի անցակետով, այցը կրել է մասնավոր բնույթ: Ընդ որում, հաստատում են՝ նրանք առաջին անգամը չէ, որ Հայաստան են այցելել: Մյուս հարցերին ԱԱԾ-ն չի պատասխանել՝ դա համարելով գաղտնի տեղեկատվություն: