Կայծակնային հաղթանակ՝ սպիտակներով. ով է Մագնուս Կառլսենին հաղթած 14-ամյա հայ պատանին

«Ես Տիգրան Համբարձումյանն եմ, 14 տարեկան, հաղթել եմ աշխարհի համար մեկ Մագնուս Կառլսենին». - երևանյան տան բազմոցին նստած`մի սովորական երեքշաբթի երեկո 14-ամյա Տիգրանը սպիտակ խաղաքարերով հաղթեց աշխարհի հնգակի չեմպիոն, վերջին 15 տարում անընդմեջ ՖԻԴԵ-ի համաշխարհային վարկանիշային աղյուսակը գլխավորող Մագնուս Կառլսենին։

Chess.com հարթակում անցկացվող Titled Tuesday արագ շախմատի մրցաշարում համակարգը պատահականության սկզբունքով 464 տիտղոսակիր շախմատիստներից հենց նորվեգացի գրոսմայստերին հայ պատանու մրցակից ընտրեց։ Աշխարհի 16-րդ չեմպիոնը առցանց խաղում սխալ թույլ տվեց, ինչն էլ վճռորոշ դարձավ։ Նույն սխալը տախտակի դիմաց գուցե չաներ, ուժեղ հակառակորդին փորձում է արդարացնել Տիգրանը։

Առցանց հաղթանակի պահին ո՛չ ծափեր են հնչում, ո՛չ շնորհավորանք, միայն շախմատիստի օնլայն վարկանիշն է բարձրանում։

Ուրախությունն առաջինը կիսել է տատիկի հետ։ 4 տարեկանից Տիգրանին շախմատի դասերի տանող տիկին Անիկի հեռախոսն արդեն քանի օր է՝ չի լռում. - «Պատասխանում ենք աշխարհի տարբեր կողմերից զանգերի, շնորհավորանքների»:

Անվանակից սանի հաղթանակով հպարտ է և նրան հայկական շախմատի պատանի լեգենդ է համարում գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը. - «Դե հիմա արդեն լեգենդ եմ անվանում այս հաղթանակից հետո»։

Արագ շախմատում Կառլսենին առցանց պարտության մատնած Տիգրան Համբարձումյանը կայծակնային քայլերով է առաջ գնում, ասում է մարզիչը, վստահ է՝ իր սանը աշխարհի թիվ մեկ շախմատիստին շուտով կհանդիպի նաև իրական տախտակի առաջ։

Այս պահին Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպայի պատանեկան բլից մրցաշարի հաղթող ՖԻԴԵ-ի վարպետ 14-ամյա Տիգրանը ևս սպասում է 35-ամյա Մագնուսի հետ իրական հանդիպմանը, նա արդեն աշխարհի առաջատարն էր, երբ ինքը դեռ նոր էր ծնվել։

Իսկ մինչ գրոսմայստեր դառնալն ու հանդիպումը շախմատի ուժեղագույնների հետ Տիգրանը դեռ անելիքներ ունի. - «Ավելի արագ եմ ուզում դառնալ միջազգային վարպետ, երկու նորմա ունեմ, երրորդը պետք է լրացնեմ»։

Նախորդ հաղթանակների վկաները՝ արագ ավելացող մեդալներն ու գավաթները, դժվարությամբ է հաշվում, բայց չի մեծամտանում։

Որ շախմատն ու ինքը անբաժան են, Տիգրանը հասկացավ ծննդավայր Կիևում՝ շախմատային առաջին հաջողությունները գրանցելիս։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց հետո ընտանիքը տեղափոխվել է Հայաստան, 2022-ի մայիսին Տիգրանը փոխել է շախմատային ֆեդերացիան և արդեն չորս տարի պաշտոնապես հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։

Մոլորակի ուժեղագույն շախմատիստին հաղթելիս Տիգրանն իր ազգանունն ուղեկցող հայկական եռագույնի կողքին դրել էր փոքրիկ աղավնի՝ խաղաղությունն արդեն չորս տարի կորցրած Ուկրաինայի դրոշի գույներով։

«Ազատության» հեռուստառեպորտաժը՝ ստորև.