«Ուզում ենք բարեկամական լուծում, չենք ուզում պայմանագրի խզում». վարչապետը՝ երկաթուղու մասին

Հայկական երկաթուղին, արխիվ

Երկաթուղու հետ կապված՝ «մենք ուզում ենք բարեկամական լուծում, այսինքն՝ մենք չենք ուզում գնալ ինչ-որ սուր լուծումների», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր ճեպազրույցի ժամանակ պատասխանելով «Ազատության» հարցին, որը վերաբերում էր նրա հայտարարությանը, թե հայկական երկաթուղու կառավարման փոփոխությունն այլընտրանք չունի, և դրան ռուսական կողմի արձագանքներին:

«Որո՞նք կարող են լինել բարեկամական լուծումները՝ որ մենք փոխադարձաբար հասկանանք և ընկալենք իրար շահերը և գնանք որոշակի կոմպրոմիսների։ Ես նախկինում խոսել եմ այն մասին, որ, օրինակ, այդ կոմպրոմիսներից մեկը կարող է լինել «Ռուսական երկաթուղիներ»-ի կողմից կամ Ռուսաստանի կողմից կոնցենսիոն իրավունքի վաճառքը, բայց այդ վաճառքը կարող է լինել ամբողջական, կարող է լինել մասամբ, այսինքն՝ ինչ-որ որոշակի, բաժնետիրական որոշակի կոնֆիգուրացիաներ կարող են լինել, որտեղ տոկոսային բաշխվածությունը լինի այնպես, որ Հայաստանի միջազգային տրանսպորտային ցանցին ինտեգրվելու այս պատմական հնարավորությունը չխոչընդոտի, և այլն, և այդպես շարունակ, և ես դա նկատի ունեմ», - ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է 2 միլիարդի հետ կապված հարցին, վարչապետը վստահեցրեց, որ այդտեղ որևէ կոնկրետ բան չի նշել. - «Ես դա ասել եմ որպես որպես զարգացման հնարավոր սցենարներից մեկը՝ առանց կոնկրետ բան նկատի ունենալու և նկատի ունենալով բոլոր այն հնարավոր կետերը, որտեղ դա տեսականորեն և գործնականում կարելի է իրականացնել»։

Ռուսական կողմի հետ պայմանագրի խզման տարբերակի վերաբերյալ Փաշինյանն ընդգծեց. - «Ես էլի եմ ասում՝ մենք ուզում ենք բարեկամական լուծում, մենք չենք ուզում խզում, լուծարում, դա միշտ էլ կա, միշտ էլ կարող ենք անել, այսօր էլ կարող ենք անել, բայց դա մենք չենք ուզում գնալ այդ, ինչի՞ համար գնանք այդ ճանապարհով»։

«Որովհետև դուք ասում եք այլընտրանք չկա այս պահին», - այս դիտարկմանն էլ վարչապետն արձագանքեց. -«Այո, այլընտրանք, այլընտրանք ինչի՞ն չկա։ Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ մենք թեման լավ հասկանանք։ Մենք ոչ մի, և ես էլ, բնականաբար, ոչ մի բան չունեմ Հայաստանի երկաթուղին ռուսական ընկերության կառավարման ներքո գտնվելու հետ, որևէ խնդիր չունեմ Ռուսաստանի, ընդհակառակը՝ հարգանքով և ըմբռնումով եմ վերաբերվում Ռուսաստանի շահերին։ Խոսքը ուրիշ բանի մասին է. խոսքը նրա մասին է, որ այսօր հաստատված իրավիճակը խոչընդոտում է, որպեսզի մենք իրացնենք մեր պատմական հնարավորությունը, որ մեր երկաթուղին ինտեգրվի միջազգային երկաթուղային ցանցին»։

«Ինչի՞ է խոչընդոտում։ Որովհետև այդ միջազգային հիմնական օգտագործողները, կիրառողները երկաթուղիների, որովհետև եկեք հասկանանք, ճիշտ է, երկաթուղին մատչելի է բոլորի համար, չէ՞, բայց կան երկրներ և երկրների խմբեր, որոնք այդ երկաթուղու օգտագործման, ըստ էության, հիմնական հետաքրքրված և հետևաբար վճարող և ֆինանսավորող ուժերն են, որովհետև երկրների մի մասը շատ ապրանքաշրջանառություն ունի, երկրների մի մասը քիչ ապրանքաշրջանառություն ունի։ Այս մասը պարզ է՞։ Այսինքն՝ կան երկրներ կամ երկրների խմբեր, ովքեր վճարում են և այդ ծառայությունը ստանում են երկաթուղուց օգտվելով», - մանրամասնեց Փաշինյանը՝ շարունակելով. - «Հիմա նրանք, ովքեր հիմնական կիրառողներն են և օգտվողներն են միջազգային լոգիստիկ ծառայություններից, իրենք մեզ ասում են, և ակնհայտ է, և ոչ միայն ասում են բանավոր, այլ մենք տեսնում ենք, օրինակ՝ ներդրումային հետաքրքրություն այդ հատվածում չեն ցուցաբերում: Մենք մարդկանց ասում ենք՝ բայց այստեղ հնարավորություններ կան, մենք ենք առաջարկում, իրենք խուսափում են այդ թեմայից, և մենք արդյունքում հասկանում ենք, որ դրա պատճառն այն է, որ մեր երկաթուղին գտնվում է ռուսական կոնցեսիայի ներքո»։

«Եվ մեր խնդիրը Ռուսաստանի հետ չի, մենք Ռուսաստանի հետ պրոբլեմ չունենք։ Մեր պրոբլեմը այն իրավիճակի մեջ է, որ մենք հերթական անգամ կարող է բաց թողնենք պատմական հնարավորությունը՝ ինտեգրվել միջազգային տրանսպորտային ցանցին։ Սա է խնդիրը։ Մենք ռուսական կոնցեսիայի հետ ոչ մի պրոբլեմ չունենք։ Այստեղ խնդիրն այն է, որ նրանք, ովքեր այդ երկաթուղուց օգտվելու պոտենցիալ շահառուներն են և ըստ էության օգտագործման ծավալի առյուծի բաժինը իրենք են օգտագործում, մենք տեսնում ենք, որ իրենք չեն օգտվում, իրենք ուրիշ տեղեր են փնտրում էլի Հայաստանը շրջանցելու: Մենք ասում ենք՝ ինչի՞ եք շրջանցում Հայաստանը։ Եվ հասկանում ենք, որ հիմնական պատճառն այդ է: Եվ դրա համար մենք գնացել ենք Ռուսաստան, մեր գործընկերներին բարեկամաբար ասել ենք՝ «հարգելի բարեկամներ, մենք այսպիսի խնդիր ունենք, եկեք լուծում գտնենք այդ խնդրին», մենք ուրիշ բան չենք ասել», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Մենք լուծումներ ենք փնտրում, երբ որ լուծումներ ենք փնտրում, փորձում ենք ինչ-որ իդեաներ գեներացնել, ... հայեցակարգային մակարդակով նայում ենք՝ ի՞նչ տարբերակներ կան: Տարբերակ մեկ՝ ուղղակի պայմանագիրը խզել, դա ընդունելի չի մեզ համար, որովհետև բարեկամական չի, իսկ մենք ուզում ենք բարեկամական լուծում։ Բարեկամականը՝ որ Ռուսաստանի մեր գործընկերները կոնցեսիոն իրավունքը վաճառեն երրորդ կողմին շուկայական նորմալ գնով։ Ընդ որում, նաև փորձագետներ կան՝ արդեն գնագոյացում, գներ են ասում, որ օբյեկտիվորեն ինչ կարող է արժենալ դա, որը բավականին ծանրակշիռ գումար է, հաշվի առնելով նաև այս ընթացիկ իրավիճակները։ Հիմա մենք նայում ենք, լավ, այդ տարբերակը, այդ տարբերակը, զգում ենք, որ գուցե Ռուսաստանը գործընկերներին այդքան էլ հարմարավետ չի։ Հետո նայում ենք, ասում ենք՝ իսկ կա՞ տարբերակ, որ իրենց խնդիրն էլ մասամբ լուծի, մեր խնդիրն էլ մասամբ լուծի», - նշեց վարչապետը՝ ընդգծելով. - «Ես նկատի ունեմ՝ մենք այդպիսի ստատիկ կանգնած չենք, ... աշխատանք է տեղի ունենում, հասկանանք՝ որտեղ է այն կետը, որտեղ մենք կարող ենք բարեկամական լուծում գտնել»։

Երկու շաբաթ առաջ՝ Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցից ընդամենը երեք օր անց վարչապետը հայտարարել էր, մասնավորապես, որ հայկական երկաթուղին Հայաստանի սեփականությունն է, և Հայաստանը պետք է հնարավորություն ունենա այն օգտագործել այնպես, ինչպես ինքը նպատակահարմար է գտնում: «Ես ուզում եմ շատ հստակ լինել էս հարցում, այլընտրանք չկա սրան», - ասել էր Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ուզում ենք բարեկամական ձևով էդ խնդիրը լուծենք, բարեկամական ձևով; Բայց նաև մենք էդ խնդիրը բոլոր դեպքերում պիտի լուծենք բարեկամական ձևով, բայց նաև էլի դե յուրե, կարող է հարց ծագի, որ մենք դե յուրե որոշումներ կայացնենք: Եթե անհամաձայնություն կա, հետո կգնանք արբիտրաժում բան կանենք, կքննարկենք», - նաև հայտարարել էր Փաշինյանը:

Դրան հաջորդել էր «Ռուսական երկաթուղիներ»-ի զգուշացումը՝ եթե Հայաստանը դադարեցնի իր դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն պայմանագիրը, ապա պետք է վերադարձնի բոլոր այն ներդրումները, որոնք ռուսական ընկերությունն արել է 2008 թվկականից մինչ այսօր:

Նիկոլ Փաշինյանն էլ, իր հերթին, ընդգծել էր. - «Հայաստանում էլ բաներ կան, որ անվճար է, կարող է պարզվի, որ թանկանում է: Կարող է բաներ կան, որ Հայաստանում գոյություն ունի 30 տարի անվճար, կարող է պարզվի, որ Հայաստանը կսկսի դրա համար տարեկան 2 միլիարդ դոլար ուզել: Ասել՝ կամ տարեկան 2 միլիարդ վարձավճար մուծեք, կամ էլ ...»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

2 միլիարդ դոլարի վարձավճար Ռուսաստանից. հայ-ռուսական նոր զարգացումներ հայկական երկաթուղու շուրջ Օվերչուկ․ «Հայաստանը երկաթուղու կառավարման հարցով մեզ չի դիմել»«Ռուսական երկաթուղիներ»-ը կոնցեսիայի դադարեցման դեպքում Հայաստանից ետ կպահանջի իր ներդրումները Փաշինյանը պնդում է՝ հայկական երկաթուղու կառավարումը հետ վերցնելուն այլընտրանք չկա. Մոսկվայից հակադարձում են