«Հա, դատարանների դռներ ենք փակել, էս ենք արել, էն ենք արել, էն ենք արել». - ութ տարի Հայաստանը ղեկավարող Նիկոլ Փաշինյանը, որ 2018 թվականի հեղափոխությունից մեկ տարի անց դատական համակարգի դեմ ակցիա անցկացրեց՝ հրահանգելով շրջափակել դատարաններն ու կաթվածահար անել դրանց աշխատանքը, այսօր էլ է դժգոհ արդարադատություն իրականացնող համակարգից:
Երեկ Փաշինյանը նորից արեց իր ութ տարվա վաղեմության պնդումը, թե քաղաքացիները գոհ չեն դատական համակարգից ու իրեն են հարցնում, թե ինչո՞ւ, օրինակ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ է:
«Ում քսակը ավելի հաստ ա, ցանկացած գործով կգնա կարդարանա դատարանում, ցանկացած գործով: Խնդիր չունեն, ասենք՝ դիակի վրա կարող ա մարդկանց բռնես, գնան հետո բան անեն, արդարանան, դուրս գան, և այլն, և այլն: Բա էդ ա, որ ասում եմ եռագլուխ մաֆիայի դեմ ենք պայքարում էս ութ տարի ա», - հայտարարեց վարչապետը:
Մինչ Փաշինյանը շարունակում է պնդել, թե դատական համակարգն իր ղեկավարած երկրում ամենաչկայացած ինստիտուտներից է, և նկատում, որ հեղափոխությունն ամենաքիչ ազդեցությունն է ունեցել այդ համակարգի վրա, դատավորները հակադարձում են՝ իրենք իրենց աշխատանքն անում են օրենքի սահմաններում:
«Դատավոր Վահե Դոլմազյանը որպես իրավաբան քննիչ ժամանակ էլ է նույն կերպ արդարադատություն իրականացրել, էդպես ասած, լիազորությունների շրջանակում, դատախազ ժամանակ էլ, հիմա էլ՝ որպես դատավոր», - լրագրողների հետ զրույցում ասաց դատավորը:
Դատավոր Վահե Դոլմազյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 3-ը հուլիսի, 2026թ.
Վահե Դոլմազյանը քննում է միլիարդատեր Սամվել Կարապետյանի գործը: Նաև Կարապետյանին է Փաշինյանը անվանում եռագլուխ մաֆիայի անդամ, խոստանում ունեզրկել ու բանտ նետել նրան, Գագիկ Ծառուկյանին ու Ռոբերտ Քոչարյանին: Կանսա՞ վարչապետի պահանջին ու բանտ կուղարկի՞ Կարապետյանին. այսօր դատավոր Դոլմազյանը լրագրողներին ասում էր՝ Փաշինյանն իրենց չի հրահանգում:
«Երկրի ղեկավարը տարբեր հանգամանքներով պայմանավորված կարող է տարբեր քաղաքական հայտարարություններ անել: Չի հրահանգում, որովհետև յուրաքանչյուր դատավոր կոնկրետ գործը քննում է կոնկրետ հանգամանքները հաշվի առնելով, կոնկրետ քրեադատավարական իրադրությունը հաշվի առնելով: Հետևաբար՝ մի օրինակով, պայմանականորեն, ինչ-որ, հայտարարարության անելը կամ ինչ-որ հանգամանքներից տեղեկացված լինելով պայմանավորված քաղաքական հայտարարություն անելը, չեմ կարծում, որ դա վերաբերում է... », - նշեց Դոլմազյանը:
Դատավորը մտավախություն չունի, որ Կարապետյանին մեղավոր չճանաչելու դեպքում իշխանության թիրախում կհայտնվի:
Դատավոր Դավիթ Բալայանն էլ է նկատում՝ առաջին անգամ չեն իշխանությունների շուրթերից նման քննադատություն լսում:
«Ե՞րբ տենց հայտարարություններ չեն արել, որ հիմա էլ անում են: Ինձ թվում է՝ Երևան քաղաքի խցանումների պատճառներն էլ են դատավորները, երևի նիստերը շատ ենք նշանակում, տենց խցանում է առաջանում», - ասաց Բալայանը:
Դատավոր Դավիթ Բալայանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 3-ը հուլիսի, 2026թ.
Դատավորներն այսօր ժողովի էին՝ ընտրելու իրենց կարգապահական պատասխանատվության ենթարկող ոչ դատավոր անդամներին: Դատավորների էթիկայի և կարգապահական հանձնաժողովն այս պահին ունի ութ անդամ՝ վեց դատավոր և երկու ոչ դատավոր անդամ: Օրենքի փոփոխությունից հետո այս կազմը պետք է համալրվի ևս երեք ոչ դատավոր անդամներով, որոնք պետք է ներկայացնեն քաղհասարակությունը: Երեք տեղի համար հայտ են ներկայացրել յոթ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Իրավունքներ առանց սահմանների» կազմակերպության իրավաբան, իրավապաշտպան Հասմիկ Հարությունյանի խոսքով՝ միջազգային կառույցների հետ քննարկումների արդյունքում որոշվել է ավելացնել քաղհասարակության մասնակցությունն ու հետզհետե դադարեցնել Արդարադատության նախարարության դերը դատավորներին կարգապահական պատասխանատվության տանելու հարցում:
Իրավապաշտպան Հասմիկ Հարությունյանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 3-ը հուլիսի, 2026թ.
«Միտված է ամբողջությամբ նրան, որ հնարավորություն ստեղծվի հզորացնել էթիկայի հանձնաժողովը և դադարեցվի Արդարադատության նախարարության լիազորությունը; Բնականաբար, սա կախված է լինելու նրանից՝ ինչպես է ձևավորվում այս նոր կազմը, և ինչքանով արդյունավետ է գործելու հանձնաժողովը: Դրա արդյունքում, վերջնարդյունքում մենք կկարողանանք այդ գնահատականը տալ և նաև փոփոխությունները կատարել», - ասաց Հարությունյանը:
Նախարարությունը ևս ունի նման լիազորություն և տարիներ շարունակ մեղադրվել է իշխանությանը ոչ հաճո դատավորներից ազատվելու գործընթացը կազմակերպելու համար: Գերատեսչությունից, սակայն, պարբերաբար հերքել են այս մեղադրանքները, պնդել՝ անարդար չեն վարվել, գործել են օրենքով:
Հասմիկ Հարությունյանը ևս հավակնում է կարգապահական հանձնաժողովի ոչ դատավոր անդամի տեղին, պնդում է՝ առաջին անգամը չէ, երբ բարձր մակարդակով միջամտություններ են արձանագրվում:
«Երբ որ պատասխանատվության միջոց է ընտրվում, այդ համաչափության սկզբունքը միշտ չէ պահվում, և երբեմն կարող է տպավորություն ստեղծվել, որ այո, վարույթը միտված է եղել դատավորին պատժելուն», - նշեց իրավապաշտպանը:
Միջազգային հանրապետական ինստիտուտի փետրվարի հարցումներով, հայաստանյան դատարանների աշխատանքից դժգոհ են հարցվածների գրեթե կեսը՝ 49 տոկոսը: Հայաստանցիները, թիվս այլ ոլորտների, Կառավարության ձախողումն են համարում նաև դատական համակարգի բարեփոխումները: