Ուկրաինայում գնացքին ռուսական հարվածից 14 մարդ է սպանվել, Օլեշկիում պատրաստվում են տարհանման

Դներպրոպետրովսկի երկաթուղային կայարանի վրա ռուսական հարձակման հետևանքները, 29-ը հոկտեմբերի, 2026թ.

Ռուսական զինուժն անօդաչուներով հարվածել է ուկրաինական Դնեպրոպետրովսկի երկաթուղային կայարանում գտնվող մարդատար գնացքի։ Առնվազն 14 մարդ է զոհվել, վիրավորվել՝ 10-ից ավելին։

Ուկրաինայի նախագահը դատապարտել է հարձակումը, նաև քննադատել ԱՄՆ-ին՝ լարվածությունը թուլացնելու փոխարեն «որոշ ռուս օլիգարխների և Ռուսաստանի էներգետիկ ոլորտի նկատմամբ պատժամիջոցները» վերացնելու համար:

«Ահա թե ինչու է Ուկրաինան միշտ ասում, որ Ռուսաստանի կողմից իրավիճակի սրման դեմ անհրաժեշտ են ԱՄՆ-ի և Եվրոպայի արդարացի և վճռական գործողությունները: Մոսկվայի և նրա ռազմական մեքենայի դեմ պատժամիջոցները չպետք է թուլանան, քանի դեռ շարունակվում է այս պատերազմը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Զապորոժիեում ռուսական զինուժի հարվածից ավտոբուս է տուժել: Այլ տեղեկություններ հայտնի չեն: Ուկրաինան իր հերթին հարվածել է Մոսկվային, իսկ Բաշկորտոստանում՝ քիմիական գործարանի:

Ականազերծում Օլեշկիում

Հարվածներին զուգահեռ ռուսական զինուժն ականազերծում է Ուկրաինայի Խերսոնի մարզի Օլեշկի քաղաք տանող ճանապարհները: Մարդասիրական առաքելությանն են պատրաստվում: ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի միջնորդությամբ է երկու օր առաջ հրադադար հաստատվել ռուսական զինուժի կողմից գրավված այս քաղաքում, որը երկար ժամանակ զրկված է էլեկտրաէներգիայից, ջրից և ջեռուցումից, իսկ վերջին ամիսներին՝ նաև սննդից։

Առաքելության շրջանակում նախ պետք է սնունդ և դեղորայք հասցվի քաղաքում մնացածներին, ապա ցանկացողներին հնարավորություն տրվի հեռանալ։ Տարհանումը նախատեսված է վաղը:

Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքը

Առաքելությունը կազմակերպելու համար Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպանը Դմիտրո Լյուբինեցը և Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Իգոր Կաշինը նախ հանդիպել են Բելառուսում, ապա մեկնել ռուսական ինքնաթիռով:

Օլեշկիի բնակիչները կարող են լքել քաղաքը

Օլեշկի է մեկնել նաև Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպանը: Յանա Լանտրատովան հայտնել է, որ նախապես ճշտել են անհրաժեշտ իրերի ցանկը՝ սնունդ, դեղորայք, հիգիենայի պարագաներ, վառելիք և ջեռուցման համար անհրաժեշտ իրեր: Լանտրատովան հաստատել է՝ քաղաքը լքել ցանկացողներին կտրվի նման հնարավորություն:

«Ես ասել եմ, որ սա մարդասիրական առաքելություն է: Եթե իմանանք, որ մարտական գործողությունների գոտուց հեռանալ ցանկացողներ կան, նրանց կտրվի բոլոր հնարավորությունները դրա համար՝ անկախ նրանից, թե ուր են որոշում գնալ»,- ասել է Ռուսաստանի ՄԻՊ-ը։

Եվրոպան չի մասնակցի

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը Կրեմլում մասնակցում է Ռուսաստանի և Իրանի նախագահների հանդիպմանը, 27-ը հոկտեմբերի, 2026 թ.

Այս ֆոնին Ռուսաստանը, Ուկրաինան և ԱՄՆ-ն պատրաստվում են նոյեմբերի սկզբին տեխնիկական թիմերի բանակցություններ անցկացնել Աբու Դաբիում: Կոնկրետ օր, սակայն, դեռ չի որոշվել:

Չնայած Ուկրաինայի նախագահը պնդել է, որ Եվրոպան ևս պետք է մասնակցի՝ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ նրանց մասնակցությունը նախատեսված չէ:

«Մենք համաձայնել ենք Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների եռակողմ բանակցությունների վերսկսման շուրջ։ Եվրոպացիները կարող են գալ, եթե տոմսեր գնեն։ Բայց ոչ ոք չի պատրաստվում նրանց կանչել բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Ռուսաստանի նախագահի օգնականը։

Ուշակովը նաև ասել է, որ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-ից հետո: