Ուկրաինայում ընթացող պատերազմի հետևանքով այս տարի զոհված և վիրավորված երեխաների թիվն արդեն գերազանցել է անցյալ տարվա ցուցանիշը և մոտ է 2022 թվականին հակամարտության առաջին տարվա ցուցանիշին, հայտնում է երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը:
UNICEF-ի տվյալներով՝ 2026 թվականի առաջին տասը ամիսներին Ուկրաինայում սպանվել կամ վիրավորվել է առնվազն 1144 երեխա, ինչը մի փոքր պակաս է 2022 թվականին գրանցված տվյալներից (1386 դեպք), երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա:
Ըստ գործակալության՝ Ռուսաստանի հարձակումներն Ուկրաինայի վրա այս տարի ակտիվացել են, և ՄԱԿ-ի տվյալներով՝ հեռահար զենքերը քաղաքացիական բնակչության մահվան հիմնական պատճառն են։ Ռուսաստանը բազմիցս հերքել է Ուկրաինայում քաղաքացիական թիրախների վրա միտումնավոր հարձակվելու մեղադրանքը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ուկրաինան 14 երեխա է վերադարձրել Խերսոնի՝ Ռուսաստանի օկուպացրած հատվածիցUNICEF-ի ներկայացուցիչ Լուիզ Ուոթերիջը նշել է, որ հոկտեմբերի վերջի դրությամբ զոհվել է 114 երեխա, վիրավորվել՝ 1030-ը: Ըստ նրա՝ ՄԱԿ-ը հաստատել է այս տարի կրթական հաստատությունների վրա կատարված մոտ 270 հարձակում։
Դրանցից մեկը նոյեմբերի 7-ին Կիևի Սոլոմյանսկի շրջանում գտնվող մանկապարտեզի վրա տեղի ունեցած հարձակումն է: Դրա հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել, քանզի հարվածը գիշերն է տեղի ունեցել։
«Այստեղ եկած երեխաները պետք է սովորեն գույները։ Նրանք պետք է սովորեն թվերը և իրենց առաջին բառերը»,- Կիևի այդ մանկապարտեզի խաղահրապարակի ավերակների միջից ասել է Ուոթերիջը Ժնևում լրագրողների հետ տեսակապով անցկացված ճեպազրույցի ժամանակ։
«Փոխարենը, Ուկրաինայի երեխաները սովորում են ճանաչել մոտեցող անօդաչու թռչող սարքերի ձայնը։ Նրանք սովորում են վազել ապաստան գտնելու համար», - ասել է նա։
850 զոհ և 3373 վիրավոր
ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիթորինգի առաքելության (HRMMU) սեպտեմբերին հրապարակված զեկույցի տվյալներով՝ Ռուսաստանի կողմից 2022 թվականի փետրվարի 24-ին իրականացված լայնածավալ ներխուժումից ի վեր Ուկրաինայում սպանվել է 850 երեխա, վիրավորել 3373-ը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Կիևը Դնեպրոպետրովսկի մարզի 16 բնակավայրից երեխաների տարհանում է հայտարարելԸստ Ուկրաինայի պաշտոնական տվյալների՝ 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերի դրությամբ գրանցվել է երեխաների Ռուսաստան հարկադիր տեղափոխման 20,651 դեպք։ Այս թիվը ներառում է Ռուսաստան տեղափոխված, ինչպես նաև Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածքներում բռնի տեղափոխված երեխաներին։
Ուկրաինան հայտարարում է, որ այս թվերը ներկայացնում են միայն այն դեպքերը, որոնք իրենց հաջողվել է ստուգել, և ոչ թե բոլոր դեպքերը:
Այս տարվա հոկտեմբերի 7-ի դրությամբ Ուկրաինան հայտարարել է, որ 2665 երեխա է վերադարձվել: