Ուկրաինայի զինված ուժերի Անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդին («Մադյար») հայտարարել է, որ հուլիսի 9-ի գիշերը Ազովի ծովում խոցվել է 14 նավ՝ 12 լցանավ, մեկ բեռնանավ և մեկ քարշակ։
Նրա խոսքով՝ հարձակման են ենթարկվել, մասնավորապես, Chelsea-6, Aura, Ilya Repin, Venus III, Sanar I և Penelope լցանավերը։ Բրովդիի հրապարակումից հետևում է, որ որոշ նավեր կրկին են թիրախավորվել, քանի որ դրանք ներառված էին նաև հուլիսի 7-ի գիշերը հարձակման ենթարկվածների ցանկում։
«Բոլոր լցանավերը նույնականացված են, պատկանում են «ստվերային նավատորմին» և գտնվում են միջազգային պատժամիջոցների տակ»,- գրել է Բրովդին։
Նա նաև պնդել է, որ վերջին 96 ժամվա ընթացքում ընդհանուր առմամբ խոցվել է 35 լցանավ, բեռնանավ և հատուկ նշանակության միջոց։
Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտարարել է, որ լցանավերի վրա հարձակման հետևանքով հասցված վնասի ծավալները դեռևս ճշտվում են։
«Վնասված նավերը, մասնավորապես, օգտագործվում էին Ռուսաստանի Դաշնության զորախմբերին տարբեր նյութերով մատակարարելու, ինչպես նաև միջազգային պատժամիջոցները շրջանցելով՝ նավթի և նավթամթերքի փոխադրման համար։ Դրանք ապահովում են էներգակիրների արտահանումը, ինչը Ուկրաինայի դեմ պատերազմի ֆինանսավորման հիմնական աղբյուրներից մեկն է», նշել են ուկրաինական զինված ուժերում։
Բրովդին նաև հայտնել է, որ բռնակցված Ղրիմում խոցվել են Սակի ջերմաէլեկտրակայանը, վառելիքային նյութերի երեք պահեստ, երկու նյութատեխնիկական բազա, կապի աշտարակներ և այլն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Տվերի մարզում, Ստավրոպոլի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումներից հետո այրվել են նավթաբազաներ, Ազովի ծովում վնասվել է 2 լցանավ