Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը իրականությանը չհամապատասխանող է անվանել Ռուսաստանի իշխանությունների հայտարարությունը, թե ռուսական բանակն ամբողջությամբ վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի մարզի ուկրաինական Կոնստանտինովկա քաղաքը։
Տեղեկությունը հերքել է Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբի խոսնակ Անդրեյ Կովալյովը։ Նրա խոսքով՝ ուկրաինական «Արևելք» զորքերի և ուժերի խմբավորումը շարունակում է պաշտպանական գործողությունները քաղաքի որոշ հատվածներում և մատույցներում։
«Կոնստանտինովկա բնակավայրը գտնվում է Ուկրաինայի պաշտպանության ուժերի վերահսկողության ներքո», - ընդգծել է Կովալյովը՝ միաժամանակ նշելով, որ ռուսական կողմը չի դադարեցնում քաղաքը գրավելու փորձերը։
Իր հերթին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ խոսքը՝ «ռուսական հերթական կեղծիքի մասին է»։
«Եթե Կոնստանտինովկան այժմ Ռուսաստանի վերահսկողության տակ է, ապա, հավանաբար, Պուտինը խնդիր չի ունենա այնտեղ հանդիպելու ինձ հետ և գտնելու դիվանագիտական լուծումներ՝ վերջապես ավարտելու այս պատերազմը», գրել է Զելենսկին՝ տելեգրամյան իր ալիքում։
Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյն այսօր հայտարարել էր, թե ռուսական զորքերն ամբողջությամբ վերահսկում են Կոնստանտինովկան, որի համար մարտերը շարունակվում են 2025-ի հոկտեմբերից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ուկրաինան հարվածել է Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող նավթային և ռազմական օբյեկտներին. Զելենսկի