Ուկրաինան Storm Shadow հրթիռներ է կիրառել, հայտնում է ռուսական կողմը

Ռուս-ուկրաինական պատերազմ, արխիվ

Վաղ առավոտյան Ղրիմի Սևաստոպոլի նավահանգստում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն ավելի քան 20 ուկրաինական անօդաչու են վնասազերծել, տեկլեգրամյան ալիքում գրել է քաղաքի ռուսական կառավարիչ Միխայիլ Ռազվոժաևը՝ ավելացնելով, որ Ուկրաինան օգտագործել է Storm Shadow հրթիռներ։

Ղրիմի պաշտոնյայի խոսքով՝ նախնական տվյալներով տուժածներ չկան, միայն մի քանի շինություն, այդ թվում՝ Կենտրոնական բանկի տարածաշրջանային գրասենյակը և ութ հարկանի բնակելի շենք են վնասվել։

Storm Shadow հրթիռները ֆրանսիական և բրիտանական համատեղ կոնսորցիումն է արտադրում: Մոսկվան ավելի վաղ ԱԳՆ էր հրավիրել Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դեսպաններին՝ բողոք հայտնելու Ուկրաինայի կողմից այդ զինատեսակների կիրառման վերաբերյալ։

Հղում անելով Պաշտպանության նախարարությանը՝ Interfax-ը գրում է, որ ռուսական ուժերը գիշերը 140 ԱԹՍ են խոցել։

Ռուսաստանն իր հերթին վերջին օրերին գործադրել է «Օրեշնիկ» գերձայնային բալիստիկ հրթիռը։

Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի շրջաններում ռուսական հարվածներից 21 մարդ է վիրավորվել՝ Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնում են տեղական իշխանությունները։