Ուկրաինան Շվեդիայից 16 Gripen E կործանիչ կգնի

Ուկրաինան Շվեդիայի հետ պայմանագիր է կնքել JAS 39 Gripen E մոդելի 16 կործանիչ ինքնաթիռ գնելու վերաբերյալ, հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Վլադիմիր Զելենսկին նշել է, որ ինքնաթիռների հետ մեկտեղ Ուկրաինան կստանա նաև սարքավորումների, տեխնիկական օգնության և աջակցության փաթեթ։

JAS 39 Gripen E մոդելն այս դասի ինքնաթիռների ամենավերջին սերնդի կործանիչն է։ Դրանք առանձնանում են ավելի հզոր շարժիչով, թռիչքի ավելի մեծ հեռավորությամբ և ժամանակակից ռադարային համակարգերով։ Ավելին, դրանք կարող են թռչել և վայրէջք կատարել մինչև 400 մետր երկարությամբ անհարթ թռիչքուղիների վրա։

Զելենսկիի խոսքով՝ նախնական պայմանավորվածության համաձայն՝ առաջին ինքնաթիռները կփոխանցվեն Ուկրաինայի ռազմաօդային ուժերին արդեն 2027 թվականին։

Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է, որ Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Ջոնսոնի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։

Ուկրաինան և Շվեդիան 2025 թվականին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է մինչև 150 հատ JAS 39 Gripen E կործանիչների ձեռքբերում։

Ծրագիրը նախատեսված է 10-15 տարի և գնահատվում է մոտ 10 միլիարդ դոլար։

Համաձայնագիրը ներառում է ոչ միայն ինքնաթիռների վաճառքը, այլև օդաչուների ուսուցումը և այս կործանիչների համար համատեղ սպասարկման բազայի ստեղծումը։ Ուկրաինացի օդաչուները Gripen-ով իրենց առաջին ուսուցումը սկսել են 2023 թվականի օգոստոսին։