Ուկրաինան Սամարայում 2 նավթագործարանի է հարվածել, ռուսական հարվածներից զոհեր կան

Նովոկույբիշևսկի նավթավերամշակման գործարանի վրա հարձակումներից մեկի հետևանքները, արխիվ

Ուկրաինան գիշերը հարվածել է Ռուսաստանի Սամարայի մարզում գտնվող ռուսական երկու նավթավերամշակման գործարանի, ռուսական զորքերն էլ իրենց հերթին հարվածել են Ուկրաինայի տարբեր շրջանների, երկու կողմում էլ կան զոհեր և վիրավորներ:

Սամարայի նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևի փոխանցմամբ՝ ուկրաինական զորքերը գիշերը հարձակվել են Սամարայի մարզի վրա, ինչի հետևանքով մեկ մարդ է զոհվել։

Նրա խոսքով՝ մարզի տարածքում խոցվել է ավելի քան 145 անօդաչու թռչող սարք։ «Մենք շարունակում ենք տեղեկություններ հավաքել։ Աշխատում է օպերատիվ շտաբը։ Գետնի վրա հետևանքներ կան, որոնք դուք ինքներդ եք տեսնում»,- գրել է նա՝ մանրամասներ չհայտնելով։


Ուկրաինական մոնիթորինգային տելեգրամյան ալիքները հայտնում են Սիզրանի և Կույբիշևի նավթավերամշակման գործարանների վրա հարձակման մասին։ Դրանք Սամարայի մարզի երկու խոշորագույն ձեռնարկություններն են։ ASTRA տելեգրամյան ալիքը հաստատում է, որ երկու գործարաններն էլ հարձակման են ենթարկվել։

Սիզրանի և Կույբիշևի նավթավերամշակման գործարանները մտնում են «Ռոսնեֆտ» ընկերության Սամարայի խմբի մեջ։ Սիզրանի նավթավերամշակման գործարանի տարեկան հզորությունը 8,5 միլիոն տոննա է, իսկ Կույբիշևի գործարանինը՝ 7 միլիոն տոննա։ Երկու ձեռնարկություններն էլ նախկինում բազմիցս ենթարկվել են Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներին։

Սամարայի մարզի որոշ դպրոցներ կաշխատեն փոփոխված գրաֆիկով։ Ինչպես հայտնել է Ֆեդորիշչևը, որոշ տարածքներում էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներ կան։

Ռուսական հարվածները

Սումիի մարզում ռուսական զորքերի գիշերային օդային հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել։

Խարկովի մարզի Չուհույիվի շրջանում ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է ավտոբուսին։ Մեկ մարդ զոհվել է, յոթը՝ վիրավորվել, հայտնել է Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

Կիևի մարզի Բիլա Ցերկվա շրջանում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է 52-ամյա տեղի բնակիչը։ Վնասվել են բեռնատար ավտոմեքենաներ և առևտրային ձեռնարկության շենքը, հայտնել են մարզային իշխանությունները։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ գիշերվա ընթացքում խոցել են 88 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ 47 ռեակտիվ։ Ընդհանուր առմամբ՝ Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 112 անօդաչու թռչող սարք։ Դրանցից 18-ը հարվածել են իրենց թիրախներին: