Ուկրաինան կրկին հարվածել է Օմսկի նավթավերամշակման գործարանին

Օմսկի նավթավերամշակման գործարանի վրա նախորդ հարձակման հետևանքները, 6-ը հուլիսի. 2026 թ.

Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով կրկին հարվածել է Ռուսաստանի ամենամեծ՝ Օմսկի նավթավերամշակման գործարանին, հայտնում է «Ազատության» ռուսական ծառայությունը՝ տելեգրամյան մոնիտորինգային ալիքներին հղումով:

Օմսկի նահանգապետ Վիտալի Խոցենկոն գրել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը «հետ են մղում թշնամու հարձակումը»: Այլ մանրամասներ նա չի հաղորդել:

Տեղի բնակիչները սոցցանցերում հայտնում են, որ նավթավերամշակման գործարանի մոտ պայթյուններ են լսվում և ծուխ է նկատվում: Օմսկում անօդաչու թռչող սարքի մասին տագնապ է հայտարարվել, իսկ պայթյուններ և տագնապի ազդանշաններ են լսվում նաև քաղաքի այլ մասերում:

«Օմսկի քաղաքացիական դիմադրություն» տելեգրամյան ալիքը հաղորդում է համալսարանների և քոլեջների ուսանողների բողոքների մասին, որ նրանց մերժում են տարհանել՝ չնայած օդային հարձակման ազդանշաններին։

«Դասախոսը շարունակում է դասախոսություններ կարդալ, մինչ ազդանշանները հնչում են, և ուսանողներին խնդրում են նստել և գրառումներ անել», - գրում է ալիքը։

Ուսանողները պնդում են, որ սա առաջին դեպքը չէ, որ նման բան է պատահում առնվազն տասնյակ ուսումնական հաստատություններում։

Օմսկի նավթավերամշակման գործարանը առաջին անգամ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակմանն է ենթարկվել այս տարվա հուլիսի 6-ին։ Դրանից հետո գործարանը դադարեցրեց գործունեությունը։

Օմսկից մինչև Ուկրաինայի սահման հեռավորությունը ավելի քան 2500 կիլոմետր է։

Օմսկի գործարանը Ռուսաստանի ամենամեծ նավթավերամշակման գործարանն է՝ տարեկան մոտ 21 միլիոն տոննա հզորությամբ։ 2026 թվականի գարնանը և ամռանը ուկրաինական ուժերը հարվածներ հասցրին, երբեմն բազմակի, Ռուսաստանի եվրոպական մասում գտնվող բոլոր խոշոր նավթավերամշակման գործարաններին։ Ռուսաստանի շատ շրջաններում վառելիքի պակաս առաջացավ՝ մասամբ այդ հարվածներից հետո նավթավերամշակման գործարանների աշխատանքի դադարեցման պատճառով։