Ուկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց չի պատրաստվում հանձնվել. Զելենսկի

Ուկրաինան խաղաղություն է ցանկանում, սակայն չի պատրաստվում պարզապես հանձնվել Ռուսաստանին, այսօր՝ Անկախության օրվա առթիվ ունեցած իր ելույթում, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան այն օտարերկրյա առաջնորդների ու բարձրաստիճան հյուրերի թվում էին, որոնք ժամանել էին Կիև Ուկրաինայի՝ Խորհրդային Միությունից անկախանալու 35-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։

Սա Բըրնհեմի առաջին այցն էր Ուկրաինայի մայրաքաղաք՝ վարչապետի պաշտոնում։

«Ուկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել», - Telegram-ում հրապարակած տեսանյութում ասել է Զելենսկին։ Տեսանյութում նա կանգնած է ավանդական ուկրաինական ասեղնագործ վերնաշապիկով՝ Կիևի կենտրոնական հրապարակում, ոսկեգմբեթ Սուրբ Միքայել վանքի դիմաց, որտեղ ցուցադրված են ռուսական այրված տանկեր։

Զելենսկին ասել է, որ Ռուսաստանի պահանջը, որը բազմիցս մերժվել է Ուկրաինայի կողմից, այն է՝ Կիևը զիջի արևելյան Դոնբասի այն հատվածը, որը պատերազմի չորսուկես տարիների ընթացքում դեռևս չի անցել Ռուսաստանի վերահսկողության տակ, բավարար չէ ռուսական ագրեսիան դադարեցնելու համար։

«Մենք թույլ չենք տա, որ նրանք (ռուսները) նախաձեռնությունը վերցնեն իրենց ձեռքը, խաբեն Եվրոպային և ամբողջ աշխարհին՝ ստիպելով մտածել, թե մենք պարզապես պետք է զիջենք Դոնբասը, և ամեն ինչ շուտով կավարտվի», - ասել է նա։

Պուտինը, Զելենսկիի պնդմամբ, հույս ունի, թե ուկրաինացիները հոգնել են, սակայն դա այդպես չէ, վստահեցրել է նախագահ Զելենսկին՝ հավելելով, որ Ռուսաստանի նախագահը երբեք չի հասկացել ուկրաինացիներին:

«Հիմա շատ ուշ է դրա համար։ Դուք ուզում էիք գրավել ամբողջ Ուկրաինան ... բայց փոխարենը կորցրիք նավթավերամշակման գործարաններ, նավատորմ, շահույթ և մի ամբողջ սերունդ, որին ուղարկեցիք մսաղաց։ Ուզում էիք, որ մենք անհետանանք քարտեզից։ Հիմա դուք եք դուրս մնացել քաղաքակրթության ապագայի միջազգային օրակարգից»,- հայտարարեց նախագահ Զելենսկին։

Հարյուր հազարավոր մարդիկ են զոհվել, Ուկրաինայի տարածքի հսկայական հատվածներ ավերվել են՝ 2022 թվականի փետրվարի 24-ին Ռուսաստանի կողմից լայնածավալ ներխուժումից ի վեր։

ԱՄՆ-ի գլխավորած խաղաղ բանակցությունները, որոնք նպատակ ունեին վերջ տալու պատերազմը, այս տարվա սկզբին կանգ առան, քանի որ Ուկրաինան հրաժարվեց ընդունել Ռուսաստանի պահանջը՝ լրացուցիչ տարածքներ զիջելու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, մարտերը շարունակվում են մոտ 750 մղոն (1,200 կմ) երկարությամբ ճակատային գծի երկայնքով։

«Հավատում եմ, որ Ամերիկան կհաղթահարի Ռուսաստանի նկատմամբ իր բոլոր հակասություններն ու ֆոբիաները։ Մենք պետք է ռուսներին բերենք բանակցությունների սեղանի շուրջ։ Վերջապես անհրաժեշտ են պատժամիջոցներ՝ այնպիսիք, որոնք նրանց կստիպեն ցավից լաց լինել։ Ուկրաինային պետք է տրվի այն ամենը, ինչը կստիպի նրանց դադարեցնել պատերազմը։ Եվ դա հնարավոր է»,- ասել է Զելենսկին։