Ուկրաինան հարվածել է Վորոնեժին և Բելգորոդին, կա 4 զոհ, 30-ից ավելի վիրավոր

Վորոնեժին ուկրաինական զինուժի հարվածների հետևանքները, 26-ը հոկտեմբերի, 2026թ.

Ուկրաինական զինուժը գիշերը հարձակվել է Վորոնեժի մարզի վրա, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ 17-ը, այդ թվում՝ մեկ երեխա, հայտնել է մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։

Նրա տվյալներով՝ Վորոնեժում 113 անօդաչու թռչող սարք է խոցվել, այդ թվում՝ 70-ը՝ Վորոնեժ քաղաքի վրա։

Նահանգապետի խոսքով՝ վիրավորների զգալի մասը, այդ թվում՝ երկու ծանր վիրավոր, վնասվածքներ են ստացել Վորոնեժի ձախափնյա արվարձաններով երթևեկող գնացքում, երբ անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են դրա վրա:

«Ռուսական երկաթուղիներ»-ը պարզաբանել է, որ Սոմովի կայարանում վնասվել է Անապայից Մոսկվա մեկնող № 11 գնացքի վագոնը, ինչի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ: Տրեսվյատսկայա-Սոմովո-Օտրոժկա-Վորոնեժ հատվածում գնացքների երթևեկությունը դադարեցվել է:

«Հրդեհներ են բռնկվել նաև մի քանի արդյունաբերական օբյեկտներում (առանց էական հետևանքների), քաղաքի կենտրոնում գտնվող բիզնես կենտրոնում, բնակելի շենքում, երկու ամառանոցային համայնքում, դպրոցական մարզադաշտում և ավտոտնակի կոոպերատիվում: Քաղաքի գրեթե բոլոր հատվածներում գրանցվել են ճակատային մասերի և պատուհանների վնասներ», - գրել է նա:

Տելեգրամյան Astra ալիքը հաղորդում է, որ անօդաչու թռչող սարքերից մեկը հարվածել է «Չիժովի պատկերասրահ» բիզնես կենտրոնին, Ուրիցկիում բնակելի համալիր է վնասվել, ինչպես նաև այրվել է առնվազն 10 ավտոմեքենա:

Ուկրաինական տելեգրամյան Supernova+ մոնիթորինգային ալիքի տվյալներով՝ հարձակման են ենթարկվել Հյուսիսային կամուրջը, Վորոնեժի ինքնաթիռաշինական ընկերությունը:

Բելգորոդի մարզի նահանգապետ Ալեքսանդր Շուվաևը հայտնել է, որ Բելգորոդի վրա գիշերը տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս 18-ը վիրավորվել է։