Ուկրաինան հարվածել է «Սբերբանկի» տվյալների կենտրոնին, նաև մետալուրգիական գործարանի

Բալակովո քաղաքի վրա 2026-ի հոկտեմբերի 14-ի հարձակման ժամանակ վնասված տուն

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը հարձակվել են Ռուսաստանի Սարատովի մարզի Բալակովո քաղաքի վրա, հարվածել նաև «Սբերբանկի» տվյալների կենտրոններից մեկին, հայտնում է «Ազատության» ռուսական ծառայությունը:

Սարատովի նահանգապետ Ռոման Բուսարգինը հայտնել է, որ ուկրաինական հարվածների հետևանքով կա մեկ զոհ, վնասվել է մի քանի տուն: Մեկ այլ գրառմամբ էլ նա հայտնել է, որ քաղաքային բոլոր ենթակառուցվածքային օբյեկտներն աշխատում են բնականոն ռեժիմով։

Ուկրաինական Telegram մոնիտորինգի Exilenova+ և Supernova+ ալիքները հաղորդում են, որ հարձակման թիրախը եղել են «Սբերբանկի» տվյալների կենտրոնն ու Բալակովոյի մետալուրգիական գործարանը։ Երկու օբյեկտներն էլ Բալակովոյի արդյունաբերական գոտում են, որտեղ, NASA FIRMS-ի տվյալների համաձայն, մի քանի հրդեհներ են գրանցվել։

«Սբերբանկը» ևս հաստատել է իր տվյալների կենտրոնի վրա հարձակումը: «Հաստատում ենք հարձակումը։ Բոլոր բանկային համակարգերը գործում են բնականոն ռեժիմով։ Աշխատակիցներից ոչ մեկը չի տուժել»,- հայտնել են բանկի մամուլի ծառայությունից:

Բալակովոյում «Սբերբանկի» տվյալների կենտրոնը դեռ կառուցման փուլում է: Սարատովի մարզի թվային զարգացման և հաղորդակցության նախարարությունը հայտարարել է, որ այն կդառնա Ռուսաստանի ամենամեծ տվյալների կենտրոնը: Նախագծի բոլոր աշխատանքները նախատեսված է ավարտել մինչև 2030 թվականը, սակայն առաջին փուլն արդեն կայացել է:

Նշվում է, որ դրա նպատակը, ի թիվս այլ բաների, երկրի ներսում տվյալների հաշվարկման և պահպանման համար ինքնավար ենթակառուցվածքի ստեղծումն է և դրա գործարկումը «Գոստեխ» (ГосТех) հարթակի տվյալների կենտրոնի հզորություններով։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հոկտեմբերի 14-ի գիշերը Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել է 493 անօդաչու թռչող սարք։ Նրա խոսքով՝ դրանց մեծ մասը հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են նահանգի մատույցներում, իսկ 180 անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Մոսկվային մոտենալիս։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը ուկրաինական 902 անօդաչու թռչող սարք է ոչնչացրել: